Բաժիններ՝

Հայ ձկնարտադրողների միությունը դիմել է վարչապետին՝ խնդրելով էլեկտրաէներգիայի ծախսի դիմաց վճարի արտոնություն վերապահել ձկնաբույծներին

«2013 թվականին ունեցել ենք 234 ձկնաբուծական տնտեսություններ, 2014-ին փակվել են մոտ 25-ը, 2015-ին՝ 77-ը, 2016-ին՝ 32-ը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայ ձկնարտադրողների միության նախագահ Արթուր Աթոյանը։

Նա նշեց, որ իրենք դադարեցրել են վերլուծություններ անել, քանի որ, երբ այդ տվյալները ներկայացրել են Գյուղնախարարությանը, նրանք հայտարարել են, որ այդ թվերը չեն համապատասխանում իրականությանը։

«Երբ ես այդ հարցի կապակցությամբ նրանց հրավիրեցի ցանկացած մամուլի ակումբ ցանկացած օր համատեղ ասուլիսի, նրանք հրաժարվեցին, չեկան, որովհետև իրենք գիտեին, որ եթե գային, այնպիսի փաստեր կներկայացվեր, որ նրանք դրանց պատասխանը չունեն։ Ավելին, մենք պատճառաբանում էինք, որ ոլորտը գնում է սնանկացման, քայքայման, իրենք պատճառաբանում էին, որ ոլորտում աճ է գրանցվում։ Այսինքն՝ երկու ծայրահեղություններ էին գործում։ Ես մի փաստ արձանագրեցի, որ մեր ունեցած փաստերով մեծամասնությունը խնդիրներ ունի, տնտեսական ճգնաժամի մեջ է, շատերը փակվում են, եթե 32 փակված տնտեսության համեմատ՝ ձեր արձանագրած փաստերով 3-ը բարգավաճել են, սա նշանակում է, որ մենաշնորհացման դասական օրինակի հետ ենք մենք առնչվում, որին դուք քաջատեղյակ եք և նպաստում եք ձեր աշխատաոճով»,- պատմեց Ա. Աթոյանը:

Նրա խոսքով՝ Գյուղնախարարության ներկայացուցիչն ասուլիսի ժամանակ ասել է, որ իրենք աշխատում են բոլոր ձկնաբուծական տնտեսությունների հետ, և ինքը հարցրել է, թե  2 տարվա ընթացքում ի՞նչ աշխատանք են կատարել, ի՞նչ միջոցառումներ են իրականացրել. «Նման փաստ չնշվեց, որովհետև չի եղել, և դա բացահայտ սուտ էր։ Ուկրաինայում, երբ պաշտոնատար անձը սուտ է խոսում, նրան ենթարկում են վարչական պատասխանատվության, մեր երկրում էլ կա գործող նման ինստիտուտ, սակայն չի կիրառվում»։

Ա. Աթոյանը հավատում է նոր վարչապետի խոսքերին և հույս ունի, որ նա փոփոխություններ է անելու իրենց ոլորտում։

Իրենք սպետեմբերի 19-ին գրություն են ուղղել երկրի վարչապետին, որտեղ ներկայացվել են ձկնաբուծության ոլորտի բարդ խնդիրները, հարցերը, դրանց չլուծված վիճակը. «Խնդրել ենք՝ որպես ոլորտի առողջացման գործառույթ, օգտագործվող ջրի խնայողության համար օգտագործվող էլեկտրաէներգիայի ծախսի դիմաց վճարի արտոնություն վերապահել  ձկնաբույծներին, քանի որ այդ էլեկտրաէներգիան օգտագործվում է  ջրի խնայողության համար, որը բնապահպանական խնդիր է»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս