Ովքե՞ր են ամենաակտիվ, ամենապասիվ, ամենաշատ բացակայող պատգամավորները

ԱԺ մոնիտորինգ ծրագրի ղեկավարը Լուսինե Վասիլյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ ըստ Ազգային ժողովի 9-րդ նստաշրջանի «ԱԺ մոնիտորինգ» ծրագրի արդյունքների ամփոփման՝ խորհրդարանը 112 օրենք է ընդունել, որոնցից 74-ը՝ արտահերթ նստաշրջանների ընթացքում. «Սա այս գումարման խորհրդարանի ամենալուրջ բնորոշիչներից մեկն է. նախորդում մոտ 80 տոկոսն էր արտահերթով ընդունվել, իսկ հիմա՝ մոտ 2/3-ը։ Ընդ որում՝ ամենակարևոր օրենքներն ընդունվել են արտահերթերի ընթացքում։ Չի փոխվել խորհրդարանի նախաձեռնողականության մակարդակը, ընդհակառակը՝ ավելի վատացել է. 112 օրենքից միայն 5-ի հեղինակներն են ԱԺ պատգամավորները, մնացածը կառավարության ընդունած օրենքներն են»։

Անդրադառնալով հանձնաժողովներին՝ նշեց, որ ԱԺ 12 մշտական հանձնաժողովներից 5-ը, օրինակ, որևէ լսում չի կազմակերպել՝ խախտելով ԱԺ կանոնակարգ-օրենքի պարտադիր պահանջը. «Օրինակ՝ Եվրաինտեգրման հանձնաժողովն 9-րդ նստաշրջանի ընթացքում քննարկման որևէ թեմա չի ունեցել»։ Նրա խոսքով՝ չի փոխվել լուռ պատգամավորների թիվը. «Արդեն մի քանի տարի այստեղ կայուն իրավիճակ է. խորհրդարանի կեսը կամ կեսից ավելին, ընդհանրապես, օրենսդրական քննարկումների ժամանակ հարցեր, ելույթներ չի ունենում։ Լուռ պատգամավորների թիվն այս նստաշրջանում 77-ն է՝ նախորդ 67-ի համեմատ։ Այսինքն՝ 131 պատգամավորից 71-ն ընդհանրապես մեկուսացած է և որևէ կապ չունի օրենսդրական քննարկումների հետ։ Դրանք հիմնականում ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի ներկայացուցիչներն են։ ՀՀԿ-ում 69 պատգամավորից հարց չի տվել ու ելույթ չի ունեցել 53-ը, ԲՀԿ-ում՝ 33-ից՝ 24-ը»։

Ներկայացնելով «Ամենա»-ների ցուցակը, ասաց, որ խմբակցությունների դեպքում պատկերը հետևյալն է՝ «Ամենակողմ քվեարկած խմբակցությունը, իհարկե, ՀՀԿ-ն է, ամենաշատ դեմ քվեարկածը՝ «Ժառանգությունը», ամենաշատ ձեռնպահը՝ ՕԵԿ-ը, ամենաշատ բացակայածն ու չքվեարկածը՝ ԲՀԿ-ն։ ԲՀԿ-ում, ընդհանրապես պատկերը տարբեր է, և այս նստաշրջանում ամենաշատ ու ամենաքիչ բացակայած  պատգամավորները նույն խմբակցությունից են։ Այս նստաշրջանում հարցերի և ելույթների առումով առաջատարը Միքայել Մելքումյանն է՝ ԲՀԿ-ից։ Նա անգամ շրջանցել է ՕԵԿ-ի շատ ընդգծված ակտիվությունը։ Բացակայությունների թվով ամենառեկորդային ցուցանիշն այլևս միայն Գագիկ Ծառուկյանինը չէ, որը  110 քվեարկություններից բացակայել է 110 անգամ, այսինքն՝ որևէ նիստի չի մասնակցել, բայց սա այլևս միակ ցուցանիշը չէ։ Նրա հետ 110 նիստի չի մասնակցել ՀՀԿ-ից Աշոտ Աղաբաբյանը։ Ունենք նաև մի քանի քվեարկության մասնակցածներ, ասենք՝ 11-ից 5-ին մասնակցածներ։ 105 անգամ քվեարկություններից բացակայել է ԲՀԿ խմբակցության անդամ Հայկ Խաչատրյանը, 103 անգամ՝ ՀՀԿ-ական Արթուր Գևորգյանը»։

Տեսանյութեր

Լրահոս