Բաժիններ՝

«Փանջունիություն չէ՞ Հասմիկ Պապյան հրաշք երգչուհու առաջարկից հրաժարվելը, ինչ է, թե՝ Արմեն Սմբատյանի տղային են ուզում դարձնել Օպերայի գեղարվեստական ղեկավար». Նիկոլայ Ծատուրյան

«Արդեն մանկապարտեզից երեխայի մեջ պետք է դաստիարակել ճաշակ, գեղեցիկի ընկալում։ Եթե փնթի տանը երեխա է ծնվում, նրա աչքը սովորում է այդ փնթիությանը, նա արդեն մաքրությունը չի ընկալում։ Դրա համար պետք են կիրթ մանկավարժներ, որոնք ռաբիս չեն լսում։ Հույսը կառավարության վրա դնել պետք չի, որովհետև կառավարությունը հիմնականում եղել է գեղ. գեղո՛ են։ Նրանց մշակույթը սահմանափակվում է օլիգարխի տղայի հարսանիքի ռաբիս երաժշտությամբ։ Այնքան են դա լսել, որ դարձել է ականջի համար սովորական։ Դրա համար էլ «Ամենակարող երգիչ» է հայտնվում։ Ասում են՝ ժողովուրդը դա ընդունում է. այդ սնունդն ես տալիս ժողովրդին, այս ապուշ սերիալներն ես տալիս, բա լավն էլ տուր։ Այսօր պետք է երեխաների մեջ կրթել գեղեցկությունն ընկալելու էսթետիկան»,- անդրադառնալով Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ամենակարող երգիչ» ցածրաճաշակ երաժշտական նախագծին՝ նման տեսակետ հայտնեց ռեժիսոր, թատերական գործիչ Նիկոլայ Ծատուրյանը։

Նրա խոսքով՝ հայ ժողովուրդը կիսված վիճակում է. «Ժողովրդի մի ոտքն Ասիայում է, մյուս ոտքը՝ Եվրոպայում։ Եկեք գնանք դեպի Եվրոպա, դեպի առաջադեմը, որովհետև այդ կլկլոցները գալիս են արաբական, թուրքական բաներից։ Ի դեպ, ասեմ, որ մաքուր արաբական երաժշտությունն ուղղակի բարձր արվեստ է, տիեզերական երաժշտություն է։ Հայը դրան սովոր չէ, այլ սովոր է «Հաբիբի» լսելուն, որն էլ արաբական ռաբիսն է։ Անճաշակ, գռեհիկ, չափանիշները կորցրած ազգ ենք դարձել»։

Հարցին՝ ո՞րն է համարում մշակույթի ոլորտում մինչև այսօր եղած ամենամեծ փանջունիությունը, նա պատասխանեց.

«Փանջունիություն չէ՞, երբ Հասմիկ Պապյան հրաշք երգչուհին ասում է՝ ինձ նշանակեք Օպերայի գեղարվեստական ղեկավար, ես այն բարձրացնեմ… նախագահը նրան ընդունում է, հավանություն է տալիս, հետո հանկարծ հրաժարվում է, որովհետև Արմեն Սմբատյանի տղային ուզում են տեղավորել։ Այսինքն՝ խնամի-ծանոթ-բարեկամ են խաղում։ Բավական է, էլի՛… Արվեստում ի՞նչ կարևոր է կուսակցականությունը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս