«Դուռը զանգեցի, կինս բացեց դուռը, գրկախառնվեցի և ականջին շշնջացի` սիրելի’ս, ես այլևս իմ ժամանակի մեծ մասը հատկացնելու եմ ուրիշին». Արմեն Ամիրյանը՝ կնոջը

«Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր աշխատանք պետք է դիտարկել իր ժամանակի մեջ և գնահատել իր ժամանակի մեջ, և ես իսկապես գնահատում են արված աշխատանքը: Իսկ ինչ վերաբերում է ապագայի տեսլականին, ապա պետք է ասեմ, որ առաջին հերթին ես որոշել եմ բաց աշխատել՝ չափազանց թափանցիկ և բաց, և ձեզ հրավիրում եմ իմ բոլոր խորհրդակցություններին ներկա գտնվել: Եթե հանկարծ ժամանակ չեք ունենա և զբաղված կլինեք ավելի լուրջ քաղաքական խնդիրներ լուսաբանելով, ես պիտի խնդրեմ ձեզ այդ դեպքում հետևել մեր կայքէջին, որովհետև յուրաքանչյուր խորհրդակցություն նկարահանվելու և տեղադրվելու է կայքէջում»,- այս մասին այսօր կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանը:

Հարցին, թե որն է եղել նախարար նշանակվելուց հետո իր առաջին քայլը, նա պատասխանեց. «Գնեցի մի փունջ ծաղիկներ՝ վարդեր, և եկա տուն: Երբ դուռը զանգեցի, կինս բացեց դուռը, գրկախառնվեցի նրան և ականջին շշնջացի` սիրելի’ս, ես այլևս իմ ժամանակի մեծ մասը հատկացնելու եմ ուրիշին: Երբ զգացի թիթիռն իմ գրկում, շտապեցի հավելել, որ խնդրում եմ՝ մի’ անհանգստացիր, ես այդ ժամանակը նվիրելու եմ իմ հայրենի մշակույթին, մեր ժողովրդին և այն ծառայությանը, որին կոչված եմ այս պահին»:

Արմեն Ամիրյանն ասաց նաև, որ այս պահին չի պատրաստվում որևէ կադրային փոփոխություն կատարել, ձևակերպում է խնդիրները, եթե կադրերը կտեղավորվեն դրա մեջ, ապա պատրաստ է աշխատել նրանց հետ, եթե ոչ, ինքնաբերաբար կփոխարինվեն այլ աշխատակիցներով:

Տեսանյութեր

Լրահոս