«Համաձայնագիրը ՀՀԿ-ի հետ հազար տարվա համար չէ». ՀՅԴ-ի դիրքորոշումը ԼՂՀ կարգավորման հարցում տարբերվում է ՀՀԿ-ի կեցվածքից

«Մեր համագործակցության համաձայնագիրը ՀՀԿ-ի հետ Արցախի հարցի լուծման կետեր չի ընդգրկում, դրա համար էլ ՀՅԴ-ի կեցվածքն ընդհանուր առմամբ մեկ է, կարելի է հայտարարությունների մեջ շեշտադրումների տարբերություններ անել»,- 168.am-ի հետ զրույցում  ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։

Հիշեցնենք, որ Ազգային երեք կուսակցություններ՝ Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան, Հայ Հեղափոխական Դաշնակցության և Ռամկավար Ազատական կուսակցության Արևմտյան Ամերիկայի ղեկավար մարմինները Հայաստանի անկախ Հանրապետության 25-րդ տարեդարձի առթիվ հայտարարություն են տարածել, որում կտրականապես դեմ են արտահայտվել ԼՂ խնդրի կարգավորման հարցում «հող՝ խաղաղության համար» հնչեցվող փոխզիջման տարբերակին և հաստատել են, որ Արցախի ազատագրված ոչ մի տարածք չի կարող զիջման առարկա լինել:

Կ. Մանոյանի խոսքով՝ ԱՄՆ-ում կատարվածը միայն ՀՅԴ-ինը չէ, այդտեղ կան նաև մյուս երկու ազգային կուսակցությունները, ուրեմն՝ այդ հայտարարությունը միայն ՀՅԴ-ի տեսակետը չէ. «ՀՅԴ-ն իր տեսակետը հայտնել է, որը տարբերվում է ՀՀԿ-ի կեցվածքից։ Այսինքն՝  որոշ բաներ, որ կատարվել են նախագահի կողմից, իշխանությունների կողմից, արդեն արտահայտել  ենք մեր տեսակետը, որ անպայման չենք կիսում այդ մոտեցումները։ Այսինքն՝ այդ հայտարարության մեջ նորություն չկա այն իմաստով, որ տարբեր բան չեն ասել, հակասություն, առավել ևս, չկա»։

Կ. Մանոյանն ընդգծեց, որ իրենք միակ կազմակերությունն են, որ և՛ Հայաստանում ունի կառույց, և՛ Արցախում ունի կառույց, և՛ Սփյուռքում ունի կառույց, և այդ կեցվածքը բոլորինն էլ մեկ է։

«Մենք նույնիսկ 2005-2006 թվականին, երբ Արցախի Սահմանադրությունը մշակվում էր, ասել ենք, որ անհրաժեշտ է, որ Սահմանադրության մեջ հստակ նշվի, որ փաստացի սահմաններն արդեն իրավական սահմաններն են, դա այն ժամանակ մերժվեց։ Վերջերս էլ Արցախի անկախության կամ Արցախի Հանրապետության 25-ամյակի առիթով կուսակցության հայատարարության մեջ անդրադարձ կար նաև, որ,  եթե նոր սահմանադրական փոփոխություններ պետք լինեն, անհրաժեշտ է նաև այդ հարցը դարձյալ արծարծել և այդ հարցին անդրադառնալ նաև սահմանադրական փոփոխությունների շրջանակում, որովհետև մենք այսօր ունենք 142 հոդվածը, և այդ հոդվածն ավելի շատ խոսում է փոխանցման շրջանի մասին, անցումային շրջանի մասին և ոչ թե՝ ամրագրում է, որ այդ տարածքներն իրավական սահմաններն են»,- նշեց մեր զրուցակիցը։

Մեր այն հարցին՝ հաշվի առնելով, որ ՀՀԿ կուսակցության դիրքորոշումն այլ է, փոխզիջումների դեպքում ի՞նչ է լինելու, հնարավո՞ր է՝  ՀՅԴ-ի և ՀՀԿ-ի համագործակցության հուշագիրը չեղյալ հայտարարվի, Կ. Մանոյանն այսպես պատասխանեց. «Մենք դեռ չենք հասել այնտեղ, մենք շտապում ենք, ծովը չտեսած՝ բոբիկանում ենք, հարցը չի հասել այնտեղ, որ արդեն վաղը կարգավորվելու է։ Այսօր արվելիք կան հարցեր՝ Արցախի հետ կապված, դրա վրա պետք է կենտրոնանալ, և ոչ թե՝ փորձել ստեղծել մի իրավիճակ, որ իրականում չկա։ Երբ փոխարտգործնախարարը նույնիսկ հայտարարում է, որ ապրիլից հետո իրավիճակը փոխվել է, և միջնորդների առաջարկները պետք է փոխվեն, դա արդեն խոսում է այն մասին, որ իշխանությունն է ինչ-որ  չափով իր կեցվածքը փոխում, և ոչ թե՝ հակառակ ուղղությամբ։ Կարծում եմ՝ իզուր տեղը պետք չէ շտապենք, քանի որ հարցն այդտեղ չի հասել, հարցը չի հասել կարգավորման փուլի, նույնիսկ բանակցությունները կարգավորման փուլի մեջ չեն, խոսքը գնում է զինադադարի ռեժիմն ամրագրելու, ամրապնդելու և վերահսկողության մեխանիզմներ հաստատելու մասին։ Այսօրվա առաջնահերթությունը սա է, համաձայնագիրը ՀՀԿ-ի հետ հազար տարվա համար չէ, ժամանակի ընթացքին նայենք՝ երբ ինչ կլինի, բայց դեռ այդտեղ չենք հասել, որ հարցը կարգավորվում է, և այդ տեսակետների տարբերությունը մեծ խնդիր է»։

Տեսանյութեր

Լրահոս