Բաժիններ՝

Մալայզիական «Բոինգը» խփվել է Ռուսաստանից բերված «Բուկ» համալիրի կողմից. եզրակացություն

Միջազգային քննչական խումբը, որը վարում էր Ուկրաինայի արևելքում խփված Malaysia Airlines-ի Boeing 777-ի կործանման պատճառների հետաքննությունը, այսօր հայտնել է ինքնաթիռի զոհերի ազգականներին, որ ինքնաթիռը խփվել է Սնեժնոյե բնակավայրից՝ Ռուսաստանից բերված «Բուկ» զենիթա-հրթիռային համալիրի «երկինք-օդ» հրթիռի կողմից։

Որպես ապացույց ազգականներին ներկայացվել են լուսանկարներ և տեսագրություններ, ինչպես նաև բանակցությունների ձայնագրությունները։

Քննիչները նաև մանրամասն նկարագրել են, թե ինչպես է տեղաշարժվել «Բուկը» տեղափոխող շարասյունը ու դրա երթուղին։ Ներկայացվել է նաև, թե ինչպես է «Բուկն» այնուհետ տեղափոխվել Ռուսաստան։

Տեղեկությունների համաձայն՝ «Բուկ» զենիթա-հրթիռային համալիրը Ուկրաինա է բերվել Ռուսաստանից, հայտնում է nos.nl պորտալը՝ հղում կատարելով Քննիչների միջազգային խմբին։

Միջազգային հանձնաժողովի տրամադրության տակ առկա է նաև աղետին առնչություն ունեցող 100 կասկածյալի ցուցակ։

Մալազիական Boeing-ը, որն Ամստերդամից մեկնում էր Կուալա Լումպուր, Դոնեցկի մարզում կործանվել է 2014թ. հուլիսի 17-ին: Օդանավում գտնվող 298 անձինք զոհվել էին:
Միջազգային խմբում ներառված են Նիդեռլանդների, Ավստրալիայի, Մալայզիայի, Բելգիայի և Ուկրաինայի ներկայացուցիչներ, որոնք գործում են ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևերի աջակցությամբ։

Մոսկվան հերքում է իր առնչությունը МН17 չվերթի ինքնաթիռի կործանմանը՝ դրա կործանման մեջ մեղադրելով ուկրաինացի զինվորականներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս