Բաժիններ՝

«Ինչո՞ւ Հայ Առաքելական եկեղեցին չպետք է հարկ տա». Հրանտ Բագրատյան

Այսօր ԱԺ արտահերթ նիստի ընթացքում «Հարկային օրենսգրքի» քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ եթե իր կողմից ներկայացված առաջարկներն անտեսվեն, ապա նորաստեղծ  կառավարությանը ևս ձախողում է սպասվում: «191 կետի դիտողություն եմ արել, ու ի՞նչ պատասխաններ եք տվել»,- դիմեց նա օրենքի նախագիծը ներկայացնող ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանին:

«Նշանակեք ինձ մի շաբաթով վարչության պետ, հետո դուրս կգամ, որ թվերը նորմալ հաշվեմ: Պարոն Միրումյան, թիվ գրեք, ես էլ հո երեխա չե՞մ, որ ինձ էլ եք գցում  թյուրիմացության մեջ, արհամարհում եք խոսքս: Ոչ միայն ցավում եմ, այլև լացս է գալիս, քանի որ ցուցանիշներով էլի հետ ենք մնալու հարևան Վրաստանից: Ես, օրինակ, կարող եմ երեք տարով սահմանի վրայից հանել ԱԱՀ-ն, ինչպես դա արել եմ 1996 թվականին: Ա՛յ մարդ, այդ թվերին ամեն ինչ շատ ավելի իդեալական էր, քան հիմա: Քրիստոնեությունը համարում եք ազնվության չափանիշ, էդ դեպքում գոնե քրիստոնեաբար մի հատ հարկային համակարգ անեիք: Ես քվեարկությանը չեմ կարող միանալ դրական իմաստով»,- հայտարարեց Հ. Բագրատյանը:

Նախկին վարչապետ Հ Բագրատյանը, ի թիվս այլ առաջարկությունների, որոնցից շատերը, սակայն, մերժվել են, նաև առաջարկել է հարկել եկեղեցին:

«Օրինակ, հարցնում եմ՝ ինչպե՞ս կարող է անհատ ձեռնարկատերն ԱԱՀ վճարի, դուք ասում եք՝ օրենսդրության համապատասխան: Ու այս շարանը շարունակվում է… Ասում եմ՝ անշարժ գույքի հարկ պետք է ոչ միայն՝ քաղաքացին, այլև՝ պետական գերատեսչությունները վճարեն, ասում եք՝ բյուջեն չի հերիքում: Եթե իմ ասածով լիներ, ապա Գալուստ Գրիգորիչն այդ դեպքում կմտածի, որ ավելորդ շենք չպահի: Հայ Առաքելական եկեղեցին ինչո՞ւ չպետք է հարկ տա: Չմոռանանք պատմությունը, որ նրա տնտեսական հզորացման պատճառով երկու անգամ պետականություն ենք  կորցրել: Իսկ դուք ասում եք՝ օրենքով դա այդպես չէ»,- ասաց Հ. Բագրատյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս