«Պետք է ստեղծել այնպիսի դաշտ, որպեսզի արտասահմանից ներդրողը գա և իրեն զգա ապահով ու արդարացի միջավայրում». Կարեն Կարապետյան

Վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ առողջապահության և ՀՀ էկոնոմիկայի նախարարությունների աշխատակազմերին է ներկայացրել նորանշանակ նախարարներին:

Վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Լևոն Ալթունյանին և մաղթել արդյունավետ աշխատանք: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Արմեն Մուրադյանին կատարած աշխատանքի համար:

Կարեն Կարապետյանը, գնահատելով այն պատվավոր և անհրաժեշտ աշխատանքը, որ իրականացվում է առողջապահության բնագավառում, նշել է, որ պետք է վերանայել կառավարման կառուցվածքը՝ առավելագույնս օպտիմալացնելով այն: «Յուրաքանչյուր գումար, որը ներդրվում է առողջապահության ոլորտում, պետք է ունենա տրամաբանություն և արդյունավետություն: Անհրաժեշտ է ստեղծել արդարացի և թափանցիկ միջավայր, որտեղ բաշխվում են պետական բյուջեի միջոցները, պետպատվերները»,- ասել է վարչապետը: Կարևորելով պետություն-մասնավոր հատված համագործակցությունը՝ վարչապետն ընդգծել է, որ ակնկալում է ոլորտում ստեղծել մի միջավայր, որը հնարավորություն կտա ներգրավել նաև միջազգային հայտնի առողջապահական բրենդեր, ձևավորել նոր մշակույթ, ստեղծել մրցակցային իրավիճակ: Կարեն Կարապետյանն արդիական է համարել նաև էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրումը: «Դուք անպայման պետք է ունենաք նպատակ, որպեսզի ՀՆԱ-ի մեջ ձեր ձևավորած արժեքը և բյուջեի մեջ ձեր ուղղությամբ ծախսվող գումարները լինեն համաչափ»,- նշել է կառավարության ղեկավարը՝ ավելացնելով, որ մեծ հույսեր է կապում ոլորտի մասնագետների հետ, որովհետև առկա է լավ հիմք:

naxararner5

naxararner6

Կարեն Կարապետյանը ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Սուրեն Կարայանին: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Արծվիկ Մինասյանին կատարած աշխատանքի համար: Վարչապետը նշել է, որ մեծապես կարևորում է այս նախարարության աշխատանքը և պարոն Կարայանից ու աշխատակազմից ակնկալում է կառուցվածքային նոր լուծումներ և առաջարկություններ:

«Մենք պետք է հանրությանը, ներդրողին, գործարարին հայտարարենք և ամեն ինչով ապացուցենք, որ իր կողքին կանգնած ենք: Մենք պետք է վերանայենք այն օրենսդրական նորմատիվ դաշտը, որը ձևավորում է բիզնես միջավայրը: Եթե այնտեղ առկա են խոչընդոտներ, պետք է վերացնենք: Պետք է ստեղծել այնպիսի դաշտ, որպեսզի արտասահմանից ներդրողը գա և իրեն զգա ապահով ու արդարացի միջավայրում: Ձեզնից ակնկալում եմ նաև նոր նախագծեր, որոնք կկարողանանք տրամադրել արտաքին աշխարհին»,- ասել է Կարեն Կարապետյանը՝ ավելացնելով, որ այս  նախարարությունը պետք է իր կառավարման որակով օրինակ ծառայի բիզնեսին, ներկայացնի ժամանակակից կառավարման ձևերը: Կառավարության ղեկավարը կարևորել է նաև նախարարության ու բանկային համակարգի սերտ համագործակցությունը և ընդգծել.

«Պետք է հասկանալ, ինչ ենք ուզում անել մեր երկրում, ինչպես ենք ցանկանում զարգանալ և այդ նպատակին հասնելու համար ինչ դաշտ պետք է ստեղծենք, որպեսզի բիզնեսն իրեն լավ զգա: Մենք պետք է ստեղծենք արդարացի, հավասար պայմաններ, պետք է կանգնած լինենք այն մարդու կողքին, ով ունի գաղափար, ուժ և համարձակություն՝ ստեղծելու հավելյալ արժեք: Նա պետք է իմանա, որ մենք իր կողքին ենք բոլոր ատյաններում՝ հարկային, իրավապահ և այլն: Հենց դա ապահովենք՝ կունենանք երկրի զարգացում. այլ տարբերակ չունենք: Այդ առումով ակնկալում եմ նպատակասլաց ու համարձակ աշխատանք»:

Տեսանյութեր

Լրահոս