Բաժիններ՝

Էրմիտաժը բավարարել է Բաքվի պահանջը. փոխվել է «Արևելյան Հայաստանի դրամական գործը» զեկույցի անվանումը

Ռուսաստանի պետական Էրմիտաժը բավարարել է Ադրբեջանի պատմության ազգային թանգարանի պաշտոնական բողոքը և փոխել է Սանկտ Պետերբուրգում սեպտեմբերի 26-29-ն անցկացվող արևելյան դրամագիտության միջազգային համաժողովի ծրագրում ներառված «Արևելյան Հայաստանի դրամական գործը» (Երևան, Նախիջևան, Ղարաբաղ) (1747-1827)» խորագրով զեկույցի անվանումը, հայտնում է RUSARMINFO-ն։

Ադրբեջանական կողմի վրդովմունքը հարուցել էր Երևանի, Նախիջևանի և Ղարաբաղի հիշատակումները, որպես տարածքներ, որոնք պատկանել են Արևելյան Հայաստանին։
Այդ շրջաններում 1747-1827թթ․գործածվող դրամները Ա. Հակոբյանի և Պ. Պետրովի զեկույցում նշված են հայկական, ոչ թե ադրբեջանական։

Բողոքում նշված է, որ ադրբեջանական կողմը վրդովմունքով է ընդունել զեկույցի անվանումը և դրա ներառումը «նման հեղինակավոր միջազգային գիտական ֆորումում»։
Ադրբեջանի պատմության ազգային թանգարանը զեկույցի հեղինակներին մեղադրել է Ադրբեջանի պատմությունը կեղծելու մեջ։

Ադրբեջանի պատմության ազգային թանգարանին դուր չի եկել «Արևելյան Հայաստան» բառակապակցությունը։ Զեկույցի անվանումը փոփոխությունից հետո դարձել է «Երևանի, Նախիջևանի, Գյանջայի և Ղարաբաղի խանությունների դրամական գործը 1747–1827թթ.»։
Զեկույցի անվանման փոփոխությունը Բաքվի հարձակողական քաղաքականության հերթական օրինակն է, որը պտուղներ է տալիս, թեև իրավական հիմքեր չունի, կարծում է Մոսկվայում գործող Կովկասագետների գիտական միության նախագահ, քաղաքագետ Ալեքսանդր Կռիլովը։

«Իհարկե, Բաքուն իրավունք չուներ պաշտոնապես հարցում ուղարկել զեկույցի անվանման փոփոխության կամ այն արգելելու վերաբերյալ, սակայն դա Ադրբեջանի քաղաքականությունն է։ Այն հարձակողական բնույթի է, նրան այդկերպ հաջողվում է ազդել տարբեր գերատեսչությունների և կազմակերպությունների վրա»,- ասել է Կռիլովը։
Փորձագետի կարծիքով՝ Բաքվի նման ակտիվությունը կարելի է հեշտորեն կանխել ՌԴ-ում Հայաստանի դեսպանության գործողությունների ակտիվությամբ, որը ոչ մի ակտիվություն չի ցուցաբերում՝ հակադարձելու Ադրբեջանի նախաձեռնություններին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս