Բաժիններ՝

«Աշխատել եմ Հիլարի Քլինթոնի, Լեդի Դիանայի, Ջուլիա Ռոբերտսի և ոչ միայն՝ նրանց հետ». Երևանում է հայտնիների սրտերը գրաված Ջեսիկա Վարդուղյանը

Հայաստանում է լեգենդար հայուհի, մատնահարդար, «Jessica» ապրանքանիշի և աշխարհի մեգապոլիսներում եղունգների մասնագիտական խնամքի կենտրոնների հիմնադիր, «Օսկար» մրցանակաբաշխությունների աստղաբույլի ֆավորիտ Ջեսիկա Վարդուղյանը, ում մասնագիտական ծառայություններից օգտվել են ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանն ու Առաջին տիկին Նենսի Ռեյգանը, Ուելսի արքայադուստր Լեդի Դիանան, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ամերիկյան շոու-բիզնեսի շատ հայտնիներ: Հայրենիքում Ջեսիկա Վարդուղյանը «Հելիոս պոդոլոգիա» ձեռքերի և ոտքերի բժշկական խնամքի կենտրոնի նախաձեռնությամբ սեմինար-վարպետության դաս անցկացրեց հայ մատնահարդարների ու ոլորտի ավելի քան 7 տասնյակ մասնագետների համար:

Ինչպես ինքը՝ Ջեսիկա Վարդուղյանը, նշեց ողջույնի խոսքում՝ աշխարհի շատ երկրներում է եղել, վարպետության դասեր անցկացրել, բայց հայուհիների պես գեղեցիկ և նրբագեղ կանանց քիչ է հանդիպել:

Թեև Ջեսիկա Վարդուղյանը նկատելիորեն հուզված էր, խոսքը հաճախ ընդհատվում էր՝ հուզմունքը թաքցնելու համար, 168.am-ն այնուամենայնիվ հնարավորություն ունեցավ լսելու նրան և զրուցելու լեգենդար հայուհու հետ:

Կյանքն օտար ափերում սեփական աշխատասիրության շնորհիվ հաջողության պատմություն կերտելու յուրահատուկ օրինակ

Կարդացեք նաև

????????????????????????????????????

????????????????????????????????????

– Երբ ես ընդամենը 17 տարեկան էր, ընտանիքով Ռումինիայից տեղափոխվեցիք ԱՄՆ: Ես ցանկանում էի շարունակել կրթությունս և 1964թ. ընդունվեցի Կալիֆոռնիայի համալսարան, զուգահեռ՝ գիշերային ժամերին մասնակցում էի նաև անգլերենի դասընթացների։ Ուսմանը զուգահեռ՝ կար նաև աշխատելու անհրաժեշտություն և առանց անգլերեն լեզվին լավ տիրապետելու՝ ընդունվեցի առաջին պատահած գեղեցկության սրահը՝ Beverly Hills-ում, որտեղ շատ կարճ ժամանակահատվածում մեծ ճանաչում ձեռք բերեցի։ Քանի որ ի սկզբանե և մշտապես դեմ եմ եղել արհեստական որևէ միջամտության, այդ թվում՝ նաև գեղեցկության ոլորտում, ես իմ հաճախորդներին առաջարկում էի եղունգների մշակման միայն բնական մեթոդներ և միջոցներ: Ես առաջիններից մեկն էի, որ առաջարկեցի գաղափարը՝ ինչպես մարդու մաշկն ու մազերը, այնպես նաև եղունգները կարող են լինել տարբեր տեսակի, և ուսումնասիրություններից ելնելով՝ յուրաքանչյուր տեսակի համար ստեղծեցի առանձնահատուկ մոտեցում և խնամք, որն էլ իր հատուկ մշակված բանաձևի շնորհիվ լայն տարածում գտավ ողջ աշխարհում։

Ճակատագրական մասնագիտության ընտրությունը

????????????????????????????????????

????????????????????????????????????

????????????????????????????????????

– Իմ մասնագիտության ընտրության հարցում մեծ դերակատարություն են ունեցել ազգությամբ հայ ծնողներս: Մայրս միշտ ասում էր, որ խնամված ձեռքերը խոսում են մարդու կարգավիճակի, դիրքի մասին։ ԱՄՆ-ում մի քանի տարի ապրելուց հետո կլիմայական ազդեցությունը ես սկսեցի զգալ նաև իմ եղունգների վրա՝ դրանք շուտ էին կոտրվում, չէին երկարում, և դա պատճառ դարձավ, որ ես ավելի շատ կարդամ, ուսումնասիրեմ եղունգի խնամքի, վերականգնման վերջին տեխնոլոգիաների մասին, և որքան էլ տարօրինակ էր, դրանք շատ քիչ էին։ 3 տարի տքնաջան աշխատանքից հետո ես մշակեցի եղունգների աճման նոր համակարգ և 1969 թվականին Beverly Hills-ում բացեցի իմ առաջին փոքրիկ սրահը, այսպես կոչված՝ «եղունգների կլինիկան»։ Տարիների ընթացքում մասնագիտական ձեռքբերումներին զուգընթաց՝ ավելանում էր նաև այցելուների թիվը, և արդեն 1972թ. սրահն ավելի ընդարձակելու անհրաժեշտություն առաջացավ։

Ջեսիկա Վարդուղյանի այցելուները

????????????????????????????????????

 

????????????????????????????????????

168.am-ի հարցին՝ ովքեր են եղել Ջեսիկա Վարդուղյանի հայտնի այցելուները, լեգենդար, բայց չափազանց համեստ հայուհին կարճ պատասխանեց. «Ուզում եք, որ ողջ կյա՞նքս պատմեմ… Օ՜, ոչ, ներեցեք, դա շատ դժվար է: Դա մի դժվար անցկացված կյանքի պատմություն է: Միայն կասեմ ՝ սովորաբար այն հայտնիները, որոնց սպասարկել եմ, միշտ շատ բարեհամբույր ու շնորհակալ են եղել: Նրանցից ոչ մեկի հետ երբևէ խնդիր չեմ ունեցել»:

????????????????????????????????????

Այնուամենայնիվ մեզ հաջողվեց պարզել այն, ինչ թաքցնում էր համեստ այս հայուհին՝ իր չբացահայտված կյանքի պատմության էջերից: Ջեսիկա Վարդուղյանի հայտնի այցելուների ցանկում էին այնպիսի ճանաչված պերսոնաժներ, ինչպիսիք են՝ ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանն ու Առաջին տիկին Նենսի Ռեյգանը, Ուելսի արքայադուստր Լեդի Դիանան, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, հայտնի երգչուհիներ, դերասաններ, աստղեր՝ Բարբարա Սթրեյզանդը, Դայան Քենոնը, Թոնի Բրեքսթոնը, Ջուդի Ֆոսթերը, Ռոզի Օ՛Դոննելը, Ջեսիկա Ալբան, Սանդրա Բալոքը, Ջուլիա Ռոբերտսը և այլք: Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» և տարբեր ոլորտների այլ հայտնի մրցանակաբաշխությունների ժամանակ աստղաբույլը բեմ է բարձրանում ու ձեռքն է առնում բարձրախոսն ինքնավստահ: Գաղտնիքը բացահայտված է՝ նրանք իրենց ձեռքերի խնամքը  «Jessica»-ին են վստահել: «Քանի՞ մարդ կարող է մոտ 1 ժամ բռնել ձեր ձեռքերն իր ձեռքերում, ոչ ոք, ո՛չ ամուսինը, ո՛չ երեխաները, միայն մատնահարդարը։ Ուրեմն պետք է վաստակել հաճախորդի վստահությունը»։

Իմ փիլիսոփայությունը

????????????????????????????????????

– Եթե ցանկանում եք ձեռնարկների մեջ հաջողության հասնել, երկու ճանապարհ կա՝ անխախտ հավատարիմ մնացեք ձեր որդեգրած սկզբունքներին, նրանց, որոնցով մեկնարկել եք ձեր սիրելի աշխատանքը: Երկրորդ հերթին՝ հստակեցրեք ձեր փիլիսոփայությունը: Իմ փիլիսոփայությունը շատ հստակ է՝ բոլոր եղունգները նման են, և, ինչպես մարդու մազերն ու մաշկը, եղունգները նույնպես իրենց հոգեբանությունն ունեն: Ինչ վերաբերում է գործի տեխնիկական մասին, ապա իմ հաջողության գաղտնիքն այստեղ նույնպես շատ պարզ է՝ մեր նյութերը նախատեսված են եղունգների ցանկացած տեսակի համար, ժամանակի պահանջներին համընթաց՝ էլ ավելի են կատարելագործվում, օգտագործում ենք միայն բնական հավելումներ, իսկ դափնիների արժանանալով՝ երբեք կանգ չեմ առնում։

Հեղափոխականը

????????????????????????????????????

Ջեսիկա Վարդուղյանն առաջին մատնահարդարն էր, ում մասին խոսեցին ամսագրերում, հրավիրում էին տարբեր հեռուստահաղորդումների, և հենց դա նպաստեց եղունգների խնամքի հանդեպ հասարակության ուշադրությանը։ Հետաքրքիր է նաև այն, որ ֆրանսիական «French manicure» մատնահարդարումը, որ մեր օրերում լայն ճանաչում և կիրառություն է վայելում, եղել է Ջեսիկայի գաղափարը: Նախադեպը նախկինում չունենալով՝ նա սպիտակով է ներկում այցելուի եղունգների միայն ծայրերը, ինքն էլ այդ պահին չգիտակցելով մատնահարդարման ոլորտում հեղաշրջում կատարելու մասին: Այս մասին «Times» ամսագրում գրել են դեռևս 1973 թվականին։ 1974թ. հայտնի «The New York Times» ամսագիրը նրան շնորհում է «Եղունգների Առաջին տիկնոջ» տիտղոսը։ 1986թ. Ջեսիկան հեղափոխություն է կատարում նաև մեկ այլ ոլորտում՝ ներկայանալով որպես հաջողակ դիստրիբյուտոր: Նա հեռուստատեսային վաճառքներ և առաքում է կազմակերպում քաղաքի տարբեր սրահների համար։ Շուտով նրան հաջողվում է միջազգայնացնել նաև իր բրենդը՝ «Jessica»-ն, արտահանելով այն Ճապոնիա, իսկ արդեն 1990 թվականին մուտք է գործում Եվրոպա՝ նվաճելու ողջ աշխարհը։ Միայն ափսոս, որ ինքը՝ Ջեսիկան, սեփական հաջողությունների մասին բարձրաձայնել առանձնապես չի սիրում…

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս