ՀՅԴ-ն և ՀՀԿ-ն՝ Ազգային երեք կուսակցությունների հայտարարության մասին

Ազգային երեք կուսակցություններ՝ Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան, Հայ Հեղափոխական Դաշնակցության և Ռամկավար Ազատական կուսակցության Արևմտյան Ամերիկայի ղեկավար մարմինները Հայաստանի անկախ Հանրապետության 25-րդ տարեդարձի առթիվ հայտարարություն են տարածել, որում կտրականապես դեմ են արտահայտվել ԼՂ խնդրի կարգավորման հարցում «հող՝ խաղաղության համար» հնչեցվող փոխզիջման տարբերակին և հաստատել են, որ Արցախի ազատագրված ոչ մի տարածք չի կարող զիջման առարկա լինել:

Այս հայտարարությունն ուշագրավ է հատկապես այն համատեքստում, որ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն ապրիլյան քառօրյա պատերազմից հետո հայտարարել էր, թե երկարատև խաղաղության դեպքում «մի թիզ՝ այս կողմ, մի թիզ՝ այն կողմ՝ կարող է դերակատար չլինել»:

168.am-ը փորձեց Աղվան Վարդանյանից մեկնաբանություն ստանալ ՀՅԴ կառույցի հայտարարության կապակցությամբ, սակայն նա նախ՝ նշեց, թե ծանոթ չէ հայտարարությանը, ապա խոստացավ ծանոթանալ և հետո մեկնաբանել:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հող զիջելու մասին  քննարկումներ միայն լրատվական դաշտն է անում, իշխանության օրակարգում նման խնդիր չկա. «Մեր օրակարգում դրված է Լեռնային Ղարաբաղի անկախության խնդիրը: Մենք այդ շրջանակներում ենք հարցը քննարկում»:

Դիտարկմանը, որ Մադրիդյան, ապա՝ Կազանյան փաստաթղթում ԼՂՀ անվտանգության գոտու 5 շրջանների վերադարձի մասին է նշվել, Վ.Բաղդասարյանը պատասխանեց, որ շուտ է խոսել դրա մասին, առաջնային խնդիրը ԼՂ կարգավիճակի հարցն է:

«Իրենք դե՞մ են, բայց ո՞վ է ասել, որ հող պետք է հանձնենք: Մենք դա չենք քննարկում, մենք խոսում ենք կարգավիճակի մասին: Երբ կլինեն կարգավիճակի մասին քննարկումներ, կանդրադառնանք մնացած հարցերին»,- ասաց Վ.Բաղդասարյանը:

Տեսանյութեր

Լրահոս