Բաժիններ՝

«Առանց փորձի դժվար է դառնալ հենց բիզնես թրեյներ». Վլադիմիր Տարասով

Մենեջերների Տալլինյան դպրոցի հիմնադիր և առաջատար բիզնես թրեյներ, սոցիալական տեխնոլոգ Վլադիմիր Տարասովը Երևանում հաջողությամբ անցկացրել է իր հեղինակային «Անհատական կառավարման արվեստ» սեմինարը: «Արմենպրեսի» թղթակիցը զրուցել է նրա Վլադիմիր Տարասովի հետ:

– Ինչպե՞ս եք համատեղում սոցիալական տեխնոլոգի և բիզնես թրեյների աշխատանքը, ո՞րն է դրանց համադրման առանձնահատկությունը։

– Սոցիալական տեխնոլոգն այն մարդն է, ով ստեղծում է կառավարման համար նախագծեր, խաղեր և այլն։ Իսկ բիզնես թրեյներն այդ ամենը կիրառում է իր վերապատրաստման դասընթացների ժամանակ։ Այսինքն, երբ ես ստեղծում եմ խաղերը, դասընթացի ձևերն ու մեթոդները, ես սոցիալական տեխնոլոգ եմ, երբ կիրառում եմ՝ բիզնես թրեյներ։

Դուք սովորել եք ֆիզիկայի ֆակուլտետում, այժմ բիզնես թրեյներ եք և սոցիալական տեխնոլոգ։ Ինչո՞վ է պայմանավորված մասնագիտական այսպիսի փոփոխությունը:

– Իրականում շատ չի փոխվել իմ մասնագիտությունը, այն իմաստով, որ ես ավարտել եմ տեսական ֆիզիկայի բաժինը։ Հետո ես զբաղվել եմ ֆիզիկայի փիլիսոփայությամբ և հասկացել եմ, որ դա մի փոքր արհեստական առարկա է, քանի դեռ չի կիրառվել մարդկային հարաբերությունների, այլ կերպ ասած` սոցիալական ոլորտում։ Հետո զբաղվել եմ սոցիոլոգիայով, կառավարման սոցիոլոգիայով, կառավարմամբ, հետո կառավարման համակարգերով։ Եվ վերջում մնացի սոցիալական տեխնոլոգ, ապա դարձա բիզնես թրեյներ։ Իմ առաջին գիտական աշխատանքը եղել է հենց սոցիալական տեխնոլոգիա թեմայով։

Դուք բացել եք մենեջերների դպրոց։ Այժմ դուք համարվում եք ամենապահանջված բիզնես թրեյներներից մեկը ոչ միայն Ռուսաստանում, այլև արտասահմանում։ Այս տարի Ռուսաստանի լավագույն բիզնես թրեյներների վարկանիշային ցուցակում զբաղեցրել եք առաջին տեղը։ Դուք գրել եք բազմաթիվ գրքեր, < b>սովորեցնում եք ղեկավարներին, թե ինչպես կարելի է ճիշտ կառավարել կազմակերպությունը։ Կուզենայի իմանալ՝ երբևէ սխալվե՞լ եք:

– Այո, իհարկե, սխալվել եմ։ Բոլորն են սխալվում։ Օրինակ, մեր դպրոցում մի քանի անգամ փոխվել է դպրոցի աշխատակազմը։ Իմ մեծ սխալը եղավ այն ժամանակ, երբ մեր մոտից գնացին առաջին աշխատակիցները։ Հիմնականում աղջիկներ էին, միանգամից վեց մարդ աշխատանքից հեռացավ։ Բանն այն է, որ մեր դպրոցն արդեն 33 տարեկան է, և այն ժամանակ այլ տեխնիկական միջոցներ էին։ Չկային հատկապես համակարգիչներ։ Երբ խաղերի համար նյութեր էինք պատրաստում, տպագրիչ մեքենաներով էինք տպում, թղթերը սոսնձով իրար էինք կպցնում։ Եվ ահա, մի օր, մենք կրկին խաղեր էինք մտածում և աղջիկները տպում էին, սոսնձով ինչ-որ բաներ կպցնում, բայց մի փոքր անց որոշեցի, որ այդ միտքը լավը չէ, պետք է դեն նետել այդ ամենը։ Հետո նորից սկսեցինք։ Երբ այդպես եղավ մի քանի անգամ, աղջիկներն ասացին, որ այլևս չեն ուզում այդպես աշխատել։ Սխալը նրանում էր, որ շատ էին աղբում հայտնված աշխատանքները, իսկ կանայք ավելի ծանր են տանում թափված աշխատանքը, քան տղամարդիկ։

Ձեր կարծիքով, բիզնես թրեյներ լինելու համար պարտադի՞ր է ունենալ բիզնես, որպեսզի սեփական փորձով կիսվես:

– Իմ կարծիքով` առանց փորձի դժվար է դառնալ հենց բիզնես թրեյներ։ Թեկուզ լինի փոքր բիզնես, բայց դու պետք է զբաղվես դրանով, որպեսզի, այնուամենայնիվ, փորձը լինի։ Շատերին դժվար է անցնել այդ սահմանը։ Օրինակ, եթե մի աղջիկ գեղեցիկ կարողանում է մազերը հարդարել, ոչ միայն իրենը, այլ նաև ընկերուհիներինը, երբ գործը հասնի այդ ամենը գումարով անելուն, պետք է սկսի ավելի պատասխանատվությամբ մոտենալ և գիտակցի, որ հնարավոր է ընկերուհիներն ավելի ցածր գներով մասնագետներ գտնեն և գնան մեկ այլ վարսահարդարի մոտ։ Այդ սահմանը բիզնես թրեյներները պետք է անցնեն։ Երբ սկ սում ես վաճառել, սկսում ես հասկանալ, որ պետք է քննադատեն քեզ։ Իսկ երբ անվճար ես անում, այդ մասին չես մտածում։ Բիզնես թրեյներները պետք է պարտադիր պրակտիկ անցած լինեն այն ամենի միջով, ինչը սովորեցնում են։ Միայն տեսականով սովորեցնել, թե ինչպես է պետք բիզնես կառավարել, սխալ է։

Ընթերցողին հետաքրքիր է, թե ո՞րն է ղեկավարի և մենեջերի տարբերությունը։

– Ղեկավարն այն մարդն է, ով հենց ինքն է առաջադրում այն խնդիրները, որոնք հետագայում պետք է լուծել։ Իսկ մենեջերի ֆունկցիան է՝ լուծել այն խնդիրները, որ իր առջև դրել է ղեկավարը։ Ղեկավարը երբեմն կարող է իրականացնել նաև մենեջերի գործառույթներ, սակայն մենեջերն ի պաշտոնե չի կարող ստանձնել ղեկավարի դերը:

– Գո՞հ եք Հայաստանում կայացած ձեր սեմինարից: Ինչպիսի՞ հետաքրքրություն կար ունկնդիրների մոտ:

-Հայաստանի ունկնդիրները շատ հետաքրքրված էին դասընթացով, ակտիվորեն մասնակցում էին և հետաքրքիր հարցեր տալիս։ Իսկ մեր հայաստանյան գործընկերներ, «Ալվարիում» թրեյնինգային և խորհրդատվական կազմակերպությունը դասընթացը կազմակերպել էր իրապես բարձր մակարդակով։

Զրուցեց Լիլիթ Դեմուրյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս