Բաժիններ՝

«Աստված տա՝ դուխաչափիչ գործիք բերենք». ԱԺ-ում քննարկվում է տուրքերի նվազեցման հարցը

«ՓՄՁ-ների ներկայացուցիչներն արդարացի բողոքում են, բայց ոչ թե մի տարի, այլ ավելի երկար ժամանակ, այդ դեպքում ինչո՞ւ հենց հիմա որոշվեց անել այս փոփոխությունը»,- այսօր Ազգային ժողովում «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։

Նա ասաց, որ այս հարցը, ոչ թե քաղաքապետարանին է ուղղում, այլ Էկոնոմիկայի նախարարությանը. «Այս առումով, կարծես թե, Էկոնոմիկայի նախարարությունը չի էլ եղել։ Եթե հիշում եք, ժամանակին Էկոնոմիկայի նախարարությունը կոչվում էր Արդյունաբերության և առևտրի, այսինքն՝ առևտրի կարգավորումը դա Էկոնոմիկայի նախարարության կարգավորման խնդիրն է։ Ու քանի որ ՓՄՁ-ների բողոքների արձագանքը չի լինում շատ արագ, շատ ՓՄՁ-ներ ինչ ճակատագրի են արժանանում։ Միգուցե մեր կառավարման համակարգում չկան այն պայմանները, որ շուտ արձագանքեն։ Որ նայենք, շատ խնդիրներ կան, որ 3, 4, 5 տարի մնացել են, ու միայն կամք է պետք , որ դրանք իրականացվեն»։

Պատգամավոր Թ. Պողոսյանն էլ նկատեց, որ մեզ մոտ ի սկզբանե բիզնեսը սխալ է կազմակերպված. «Ես կհասկանայի, որ դուք ասեիք՝ քանի որ ամբողջ տարվա ընթացքում  տեսանք՝ թեկուզ 50 կրպակներ փակվեցին,  դա մեզ համար սիգնալ էր, մտահոգվեցինք, ուսումնասիրեցինք ու բերեցինք այս փոփոխությունները, բայց նրանից, որ մարդ դիմումը հետ է վերցնում…  Այդ դեպքում ինչպե՞ս է նա որոշել բիզնես սկսի, չի՞ ուսումնասիրել, կոնսուլտացիաներ չի՞ արել, ուղղակի առավոտն  արթնացել է, ասել է՝ գնամ, մի դիմում գցեմ քաղաքապետարանում, թույլտվություն  է, կտան։ Անլրջության խնդիր եմ տեսնում։ Այստեղ մեծ խնդիր կա՝ բիզնես մթնոլորտի ձևավորման հետ կապված»։

Պատգամավորը դրական է համարում փոփոխությունը. «Աստված տա՝ թղթի վրա չմնա, այլևս վախաչափիչ գործիքի անհրաժեշտություն չունենանք, այլ հակառակը՝ դուխաչափիչ գործիք բերենք, ասենք՝ հաջորդ օրը դիմումների  քանակն ավելացել է այսքանով, մարդիկ ուզում են ամեն օր բիզնես բացել»։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս