Բաժիններ՝

ԿԲ-ն մեղմացնում է պայմանները

Կենտրոնական բանկի խորհուրդը սեպտեմբերի 20-ի նիստում լրացումներ և փոփոխություններ կատարել է «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում: Այս մասին տեղեկացնում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը։

Դեռևս 2015 թ. սկզբից Կենտրոնական բանկը հետևողականորեն իրականացնում է բանկերի կողմից երկարաժամկետ և կայուն ֆինանսավորման միջոցների ներգրավումը խրախուսող քաղաքականություն:

Նշված քաղաքականության շրջանակում ընդլայնվել է միջազգային կազմակերպությունների ցանկը, որոնցից ներգրավված միջոցները ենթակա են պարտադիր պահուստավորման նվազեցված դրույքաչափերով, ինչպես նաև խթանվել է տեղական բորսաներում թողարկված պարտատոմսերով երկարաժամկետ միջոցների ներգրավումը:

Մեղմացվել է նաև արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց պարտադիր պահուստավորման ընթացակարգը. դրույքաչափը նվազեցվել է 20%-ից 18%, ինչպես նաև մեծացել է բանկերի կողմից արտարժույթով պարտադիր պահուստավորման իրականացման ճկունությունը (Կենտրոնական բանկում պահուստավորման ենթակա միջոցների կարգավորման երկշաբաթյա ժամկետը երկարաձգվել է մինչև 28-35 օր):

Հիշեցնենք, որ մինչև 2014 թվականի դեկտեմբերի 16-ը արտարժութային այս նորմատիվը 12% էր։ Դեկտեմբերի 17-ին ԿԲ-ն գնաց ծայրահեղ կոշտ քայլի՝ նորմատիվը հասցնելով 24%-ի։

Դա այն ժամանակ էր, երբ դրամը կտրուկ արժեզրկվեց, դոլարի փոխարժեքը կանխիկ շուկայում հասավ շուրջ 600 դրամի, և ձևավորվեց արտարժույթի սուր դեֆիցիտ։ Իրավիճակը սպառնում էր դուրս գալ վերահսկողությունից, և ՀՀ Կենտրոնական բանկը վա-բանկ գնաց։

Ի՞նչ էր սա նշանակում։ Հաճախորդը 1000 դոլար է դնում իր բանկային ցպահանջ հաշվին կամ ժամկետային ավանդի հաշվին։ Եթե նախկինում բանկը պետք է այդ 1000 դոլարից 120 դոլարը (12%) փոխարկեր դրամի և պահուստավորեր Կենտրոնական բանկում, ապա որոշումից հետո այդ գումարը դարձավ 240 դոլար։ Այսինքն` ԿԲ-ն ստիպեց բանկերին ահռելի քանակությամբ դրամ գնել և շրջանառությունից դուրս բերել։ Սա, բնականաբար, պետք է ստեղծեր դրամի դեֆիցիտ և նպաստեր դրամի արժևորմանը։

Այդպես էլ եղավ։ Արդեն իսկ հաջորդ օրը դոլարի փոխարժեքը նվազեց 30 դրամով և կայունացավ 495 դրամի սահմաններում։ Սա չափազանց կոշտ քայլ էր, և մեկ շաբաթ անց` դեկտեմբերի 24-ին, ԿԲ-ն նվազեցրեց արտարժույթով պարտադիր պահուստավորման նորմատիվը` 24%-ից` մինչև 20%։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս