Բաժիններ՝

Ինչպե՞ս չհարցնենք՝ հիմա 1.2 միլիոն դոլարը «Մարտիկ»-ի հաշվեհամարում կա՞, թե՞ չկա

Ս.թ. օգոստոսի 25-ին հերթական նամակն եմ ուղղել «Մարտիկ» հիմնադրամի գործադիր տնօրեն պարոն Սեդրակյանին այն մասին, որ հիմնադրամը բոլորովին թափանցիկ չի աշխատում:

Նա այդպես էլ չի պատասխանում, որն ուղղակի նշանակում է արհամարհել հասարակությանն ու այնտեղ ներդրում անողներին, այնինչ այս հիմնադրամի գումարների ծախսերի մասին տեղեկատվությունն առավել քան անհրաժեշտ է: Մեր երկրում այսօր կան շատ ծանր վիրավորում ունեցող զինվորներ, որոնց բուժումը պետք է ամբողջությամբ ստանձնեն պետությունը կամ հիմնադրամները, որոնցից մեկն էլ «Մարտիկ»-ն է: Օրինակ՝ Ալբերտ Դալլաքյանը, ով այժմ «Կարմիր Խաչ»-ում է, ու նրա վիճակը գնալով վատանում է, Ավետիս Զարդարյանը և Ռոլանդ Սահակյանը, ովքեր դեռևս բուժվում են «Մուրացան» հոսպիտալում:

Ավետիսն ու Ալբերտը Ռուսաստանի Դաշնությունից են եկել Հայաստան՝ իրենց զինվորական պարտքը կատարելու, ծնողները շատ ծանր պայմաններում են հայտնվել, որովհետև թողել են իրենց աշխատանքն ու տղաներին խնամելու նպատակով օր ու գիշեր նրանց կողքին են:

Ի՞նչ է անում մեր պետությունն այս ընտանիքներին սատարելու համար, չէ՞ որ նրանք իրենց ամենաթանկն են տվել մեր պետական սահմանների պաշտպանության համար: Ծնողներն իրավացիորեն շեշտում են՝ իրենք իրենց առողջ տղաներին տվել ենք Հայրենիքին, գիտակցել են, որ նրանք կարող են նաև վիրավորվել, բայց վստահ են եղել, որ այդ դեպքում պետությունն իր վրա կվերցնի նրանց առողջությունը վերականգնելու պարտավորությունը, սակայն, ցավոք, այսօր նրանք միայնակ են իրենց դարդի ու ցավի հետ:

Այս պարագայում «Մարտիկ» հիմնադրամը, իր կանոնադրության մեջ ունենալով «բարեգործություն» կետը, պարտավոր է այս տղաների բուժման համար գումար տրամադրել:

Պարոնայք Արթուր Աղաբեկյան ու Սեդրակյան, ՀՀ օրենքի համաձայն՝ դուք պարտավոր եք մեր՝ ծանր վիրավորում ստացած զինվորներին ու նրանց ընտանիքներին հովանավորել՝ ապահովելով նրանց բուժումը արտերկրում:

Ձա՛յն հանեք վերջապես, ինչքա՞ն կարելի է այս խնդիրների մասին լռել: Երբ պետք է գումար հավաքել՝ բլբուլ եք դառնում, իսկ ծախսելու պահանջներին չեք արձագանքում, և ամենակարևորը՝ պետական ոչ մի մարմին, ներառյալ այն պաշտոնյաները, ովքեր «Մարտիկ»-ի հիմնադիրներից են համարվում, նույնպես չեն արձագանքում, մասնավորապես Սերժ Սարգսյանը: Ու կրկին նույն հարցի առաջ ենք կանգնում. հիմա 1.2 միլիոն դոլարը «Մարտիկ»-ի հաշվեհամարում կա՞, թե՞ չկա:

Անահիտ Բախշյան
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս