Բաժիններ՝

«Վեդի Ալկոն» պարտքեր է կուտակել կառավարության պատճառով. Ի՞նչ պետական կառավարման մասին էր խոսում Կարեն Կարապետյանը

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նախորդ նիստում անդրադարձել էր խաղողի մթերման գործընթացին և, մասնավորապես, Աղավնաձոր գյուղում «Վեդի Ալկո» ընկերության ունեցած պարտավորություններին:

«Մենք քննարկում ենք տարբեր տարբերակներ, թե ինչպես այդ խնդիրը լուծել, այդ թվում՝ պետությունը ֆինանսավորում է և ամբողջ կառավարումը վերցնում է իր վրա: Ես համոզված եմ, որ պետությունը լավագույն և էֆեկտիվ կառավարիչը չէ, բայց այս պահին մենք որոշակի կերպով նոր մշակույթ պետք է ներգրավենք»,- ասել էր վարչապետը։

Ինչո՞ւ է «Վեդի Ալկոյի» նման խոշոր ձեռնարկությունը պարտքեր կուտակել, և ինչպե՞ս կարող է պետությունը կառավարում սահմանել մասնավոր ընկերության հանդեպ։ Մեր այս հարցերին ի պատասխան՝ Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը պարզաբանեց, որ անցած տարիներին աննախադեպ լավ բերք էր, և 2 տարի շարունակ կառավարությունը խնդրում էր «Վեդի Ալկո» ընկերության  խորհրդի նախագահ Մանվել Ղազարյանին, որպեսզի նա մթերում իրականացնի այն պարագայում, երբ Մանվել Ղազարյանը դրա կարիքը չուներ, որովհետև ճգնաժամ էր, իրացում չկար։

Ընդ որում, Ա.Հարությունյանն ընդգծեց, որ դա վերաբերում է ոչ միայն Մանվել Ղազարյանին, այլև բոլոր վերամշակողներին՝ և՛ «Մարանին», և Պռոշյանի կոնյակի գործարանին, և այլն։

«Բայց քանի որ իրացում չկար, շատերը չկարողացան գյուղացիների փողը տալ։ Ուղղակի Մանվել Ղազարյանի առումով խնդիրը բարդանում է նրանով, որ ինքն ամենախոշոր ընկերությունն է Վայոց Ձորում, ամենախոշոր մթերողը, իսկ Աղավնաձորը միակ մեծ գյուղն է, որ միայն Արենի տեսակի խաղող էր մշակել, և գյուղացիները չէին կարողանում դիվերսիֆիկացիա անել։ Նույնը կարող էր լինել յուրաքանչյուրի հետ կապված։ Այստեղ ո՛չ գյուղացին է մեղավոր, ո՛չ աղավնաձորցին, ո՛չ էլ Մանվել Ղազարյանն է մեղավոր։ Այստեղ պարզապես պետական ոչ հստակ կառավարումը, նման իրավիճակներում գործելու ոչ հստակ մեխանիզմների առկայությունը բերեցին նման պատմության»,- ասաց Ա.Հարությունյանը։

Անդրադառնալով պետական ֆինանսավորմանը և կառավարմանը՝ միության նախագահը նշեց, որ նման փորձ Հայաստանում կա. «Նման մի ձեռնարկություն ունենք, բայց ավելի ճիշտ՝ ոչ թե պետական կառավարում է, այլ գինեգործարաններում պետական մասնաբաժին, բայց կառավարումն իրականացնում է ոչ թե պետությունը, այլ գործարանը։ Ես չգիտեմ՝ «Վեդի Ալկոյի» հետ կապված ի՞նչ նկատի ունի վարչապետը, բայց պետական աջակցություն ասելով՝ ես հասկանում եմ 2 բան. բոլորի խնդիրն այն է, որ մթերողները գրավ չունեն, որ վարկ վերցնեն, և գումար չկա, որ գյուղացիների փողը տան։ Պետական աջակցություն՝ նշանակում է՝ կա՛մ առանց գրավի, կա՛մ պետական երաշխավորմամբ վարկի հատկացում, կա՛մ էլ պետությունն այս տարվա համար իջեցնի պետական պատվեր՝ սպիրտներ կամ գինիներ պատրաստելու համար։ Ես այսպես եմ հասկանում վարչապետի ասածը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս