Բաժիններ՝

Լիսկային Քրիստոսի հետ համեմատող լրագրողին շնորհվել է ՀՀ Վաստակավոր լրագրողի կոչում

Հայաստանի Անկախության 25-րդ տարեդարձի առիթով պարգևատրվեցին տարբեր ոլորտների ներկայացուցիչներ: Համացանցում այդ օրերին բուռն քննարկումներ էին ծավալվել՝ ովքեր էին արժանի և ովքեր՝ անարժան:  Նման բուռն քննարկման առարկա դարձավ նաև այդ օրն Անկախության 25-ամյակի առիթով «Սյունյաց երկիր» թերթի և համանուն կայքի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանին ՀՀ նախագահի անունից Վաստակավոր լրագրողի կոչում շնորհելու փաստը:

Լրատվամիջոցները և քաղաքացիները միմյանց հիշեցնում էին, թե ո՞վ է այդ լրագրողը, որի հրապարակումները  նրանց ծանոթ չէին: Պարզվեց, Սամվել Ալեքսանյանն այն նույն լրագրողն է, ով օգոստոսի 1-ին, շնորհավորելով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի (Լիսկայի) ծննդյան 60-ամյա տարեդարձը՝ նրան համեմատել էր Հիսուս Քրիստոսի  հետ: Նյութը, որից հատված ենք ներկայացնում,  նա տեղադրել էր նաև թերթի կայքում.

«Երբ Պետրոս և Հովհաննես առաքյալներին քննում էին Երուսաղեմի ատյանում, քահանայապետի հարցերից մեկին այսպես պատասխանեցին նրանք. «Իսկ մենք չենք կարող չասել, ինչ որ տեսել ենք ու լսել» (Գործք առաքելոց, գործք 4.19):

Սկզբունքն այս աչքի առաջ ունենալով ու մեր ներքին մղումին ընդառաջ գնալով՝ «Սյունյաց երկիր»-ը չէր կարող չներկայացնել մեր լեռնաշխարհի նշանավոր ու արժանավոր զավակին՝ Սուրեն Խաչատրյանին, ում 60-ամյակն է լրանում 2016թ. օգոստոսի 1-ին, ում կյանքի ուղին՝ պատանեկության տարիներից, մեր աչքի առաջ է: Ինքն էլ՝ որպես պետական այր, երկու տասնամյակ անկեղծորեն ձգտել է երկրամասի նշանավոր ու վաստակաշատ որևէ մեկին չմոռանալ, նրանց արած-դրածն ըստ պատշաճի արժևորել:

Լրագրի սույն համարով փորձել ենք արժևորել Սուրեն Խաչատրյանի գործունեությունը՝ հիմքում դնելով իրատեսությունը:

Սուրեն Խաչատրյանի կյանքն ու գործը, անցած ճանապարհը պարտավոր ենք դիտարկել ժամանակի համապատկերի վրա, քանզի ժամանակից ու հասարակական-քաղաքական համակարգից դուրս մարդ (առավել ևս պետական ու հասարակական գործիչ) չկա ու չի կարող լինել: Այնպես որ՝ իր գործունեության բոլոր փուլերում նա կրել է հասարակական կյանքի անցումային փուլերին ուղեկցող բարդ ժամանակների կնիքը: Այդքանով հանդերձ՝ ունեցավ հատկանիշներ ու որակներ, որոնցով ակնհայտորեն ու շահեկանորեն տարբերվեց ու առանձնացավ: Այդ ամենի մասին բարձրաձայնել ենք 2011 թվականին, երբ առաջին անգամ փորձեցինք ուրվագծել նրա դիմանկարը («Սյունյաց երկիր», N13 (232)), և նպատակահարմար չէ կրկնել ասվածը, մանավանդ որ այդ հոդվածը՝ «Նա իր հայրենիքի որդին է», տեղ է գտել թերթի սույն համարում (էջ 106):

Եվ, այնուամենայնիվ, ո՞րն էր նրա քաղաքական կենսունակության աղբյուրը, ո՞րն էր պատճառը, որ հազար ու մի փորձությունների միջով անցնելուց հետո անգամ ուժ էր գտնում իր մեջ՝ անընդհատ սրբագրելու անցածն ու արածը, գործելու նոր եռանդով, ներկայանալու նոր նախաձեռնություններով:

Այդ առիթով մինչև այսօր հրամցվող մեկնաբանություններին չենք անդրադառնա: Բայց կա մեկ այլ իրողություն, որ գոնե հիմա չպետք է շրջանցել կամ ուրանալ. նրա կենսունակության ակունքը հայրենի եզերքն է, այդ լեռնաշխարհի մարդկանց ոգին:

Քաղաքապետի, պատգամավորի, մարզպետի դիրքը երբեք նրան չհեռացրեց ժողովրդից, շարքային մարդկանցից, ինչի համար և հազարավոր սյունեցիներ մնացին սրտակից նրա հետ: Մի անգամ արդեն գրել ենք. « .Գորիսն անհատականությունների քաղաք է: Գորիսը չես կարող կառավարել վախի, մահակի օգնությամբ: Գորիսը կառավարելու համար պիտի սիրել Գորիսը, գորիսեցուն, հարգել նրա արժանապատվությունը… Ոմանց համար գուցեև հասկանալի չեն պարզագույն այդ ճշմարտությունները, բայց դա է իրականությունը» («Սյունյաց երկիր», N17 (290), 2013թ.):

Ասվածն առանց վերապահումի կարող ենք տարածել ամբողջ Սյունիքի վրա՝ արաքսամերձ Նռնաձորից մինչև Գորայք»,- գրել էր նա, ում ճանաչողներն անվանում են «Լիսկայի անձնական օգտագործման գուսան»:

Հետաքրքիր է՝ ովքե՞ր են նման մարդկանց ներկայացնում պետական պարգևների, և ի՞նչ սկզբունքով են նրանք ընտրվում:

ԱՐՄԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս