Բաժիններ՝

«Մանչեսթերյան դերբին Հենրիխի լավագույն խաղը չէր, բայց Անգլիայում բոլորը գիտեն, որ մեղավորը Մոուրինիոն էր». Ջոն Բրեդլի

Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղին և հիմնական կազմում առայժմ չխաղալուն են անդրադառնում մի շարք հայտնի սպորտային պարբերականները: Մխիթարյանի մասին վերլուծությունով է հանդես եկել նաև անգլիացի հայտնի լրագրող Ջոն Բրեդլին:

Բրեդլին գովեստի խոսքեր է հղել Մխիթարյանին և նշել է, որ նա համարվում է լավագույնը ոչ միայն Հայաստանում, այլև ողջ տարածաշրջանում: Ըստ Բրեդլիի՝ Հենրիխին որոշ ժամանակ է անհրաժեշտ Պրեմիեր լիագյում հարմարվելու համար: Բրեդլին շեշտել է, որ խնդիրը Մխիթարյանինը չէ: Բոլոր ֆուտբոլիստներն էլ ունենում են խնդիր Պրեմիեր լիգա տեղափոխվելիս, և դա նորմալ է:

«Մխիթարյանը տաղանդավոր ֆուտբոլիստ է և դա ցուցադրել է տարբեր դրվագներում: Իր ողջ ներուժը ցուցադրելու համար պարզապես պետք է, որ նա շատ խաղա»,- նշել է Բրեդլին:
Մարզական լրագրողը վստահեցրել է, որ Մխիթարյանը դառնալու է ֆուտբոլիստ, ով ոչ մեկ մրցաշրջան է անցկացնելու մանչեսթերյան ակումբում: Բրեդլին վստահ է, որ Մխիթարյանը դառնալու է ակումբի անփոխարինելի 10 համարը: Որպես իր խոսքերի ապացույց, Բրեդլին հիշել է Մխիթարյանի առաջին մրցաշրջանը Գերմանիայում:

«Մանչեսթերյան դերբին Հենրիխի լավագույն խաղը չէր, բայց Անգլիայում բոլորը գիտեն, որ մեղավորը Մոուրինիոն էր. նա դուրս բերեց ֆուտբոլիստին խաղադաշտ այն ժամանակ, երբ նա չէր ապաքինվել վնասվածքից:

Մխիթարյանը չափազանց տաղանդավոր է պահեստայինների նստարանի համար: Նա ակումբի հիմնական մասերից մեկն է: Եթե Մոուրինիոն լուծի խնդիրները թիմի ներսում, կհասկանա, որ առանց Մխիթարյանի հաջողության հասնել չի կարող»,-նշել է Բրեդլին:

Բրեդլին միացել է մարզական այն լրագրողներին, ովքեր առաջարկում են Մոուրինիոյին, որպեսզի նա Հենրիխին օգտագործի ենթահարձակվողի դիրքում:

Այս մասին խոսել է նաև «Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Յան Վրայթը:

Վրայթը նշել է, որ Մխիթարյանը հաջողության կհասնի, եթե նրան օգտագործեն այնտեղ, որտեղ նա իրեն լավ է զգում:

Վրայթը նաև նշել է, որ հիշում է, թե ինչպես էր Մխիթարյանը հանդես գալիս «Բորուսիայում» և ցանկանում է տեսնել նրա խաղը:

«Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդում» դեռ ցույց չի տվել այն խաղը, որը կարող է: Ճիշտ դիրքում խաղալիս նա կդառնա լավագույններից մեկը»,-նշել է Վրայթը:

Հիեցնենք, որ հայ ֆուտբոլիստը շարունակում է ապաքինման գործընթացը: Անգլիական մամուլը նշում է, որ, ամենայն հավանականությամբ, Մխիթարյանը պատրաստ կլինի «Լեսթերի» դեմ խաղին: Manchester Evening News-ը անգամ Հենրիխին ընգրկել է մեկնարկային կազմում՝ հաշվի առնելով Ռունիի և Մոուրինիոյի տարաձայնությունները:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս