Բաժիններ՝

Կոռուպցիոն ռիսկերը և դրսևորվումները քրեակատարողական հիմնարկներում

ՔԿՀ-ներում առկա խնդիրների շարքում դեռևս պահպանվում է նաև կոռուպցիայի արատավոր պրակտիկան: Կոռուպցիոն ռիսկերը դրսևորվում են ոչ միայն մակրո, այլ նաև միկրո մակարդակում: Մեծ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում իր մեջ ՔՎ կողմից իրականացվող գնումների պրակտիկան և նյութատեխնիկան բազայի բաշխումը ու կառավարումը: ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների Խումբը և պետական գնումների գծով փորձագետ Արտակ Մանուկյանը իրականացրել են «Քրեակատարողական հիմնարկների առկա կոռուպցիոն ռիսկերի վերհանում» խորագրով ուսումնասիրություն։

Արտակ Մանուկյանի խոսքերով ՔԿՀ պաշտոնների համար վճարվող աշխատավարձերի տարբերությունները որևէ նշանակալի ռիսկեր չեն վերհանել, և ընդհանուր առմամբ, համապատասխանում են տարիֆիկացման ընդունված մոտեցումներին: ՔԿՀ ծառայողների միջին ամսական անվանական աշխատավարձի` պետական հատվածի համանման ցուցանիշի, համեմատության պարագայում «ոչ մրցակցային մոտեցումներ», որոնք կարող են նպաստել կոռուպցիոն ռիսկերի դրսևորմանը չեն արձանագրվել: Ավելին, նույնիսկ միջին ամսական անվանական նվազագույն աշխատավարձի մակարդակը գերազանցում է ՀՀ-ում պետական հատվածի համանման ցուցանիշը մոտ 20%-ով: Ինչպես ցույց են տալիս ստացված տվյալները, աշխատավարձային ներկա քաղաքականությունը, և ՔԿՀ աշխատավարձային մեծությունները, որևէ գործոնային կապվածություն չունեն տվյալ ՔԿՀ-ում պահվող ազատազրկվածների թվաքանակի հետ: Խնդիրն ավելի ցայտուն է, երբ մենք համադրում ենք, օրինակ` Նուբարաշենում կամ Կոշում մեկ աշխատողին բաժին ընկած ազատազրկվածների թվաքանակը Գորիսի կամ Երևանի հետ: Փորձագետի խոսքերով նպատակահարմար է փոփոխել աշխատավարձային քաղաքականության գործող պրակտիկան, մասնավորապես, ՔԿՀ աշխատավարձի մեծությունը կարելի է որոշակիորեն կախվածության մեջ դնել, օրինակ`տվյալ ՔԿՀ-ում ազատազրկվածների թվաքանակի հետ, ինչը կարող է նվազեցնել կոռուպցիոն դրսևորումները ՔԿՀ աշխատակիցների շրջանում։

Արտակ Մանուկյանը նշեց, որ վիճակագրական տվյալների ուսումնասիրությունը վեր է հանում առգրավումների բավական բարձր ցուցանիշ։ Սակայն հնարավոր չէ խորքային եզրահանգումներ անել, քանի որ վիճակագրությունը հստակ չի մատնանշում, թե առգրավված իրերի որ մասն է առգրավվել ՔԿՀ-ում բանտախցերի խուզարկության արդյունքում, և որ մասն է առգրավվել նախնական զննման արդյունքում, ինչը կարող էր լրացուցիչ եզրահանգումների տեղիք տալ և ավելի ճիշտ պատկերացումներ տալ վերահսկողական ընթացակարգերի մասին:

Ըստ ՀՀ ԱՆ կողմից տրամադրված տեղեկատվության, յուրաքանչյուր ազատազրկվածին մեկ օր պահելու համար բյուջեով նախատեսված գումարը կազմում է 783 դրամ, այդ թվում` սննդի միջին գումարը`607 դրամ, դատապարտյալների հագուստի գումարը`105 դրամ, անկողնային պարագաների գումարը` 46 դրամ, հիգիենիկ պարագաների գումարը` 25 դրամ: Արտակ Մանուկյանի խոսքերով բազում խնդիրներ են արձանագրվել ՔԿՀ-ների ծախսերի ուսումնասիրություն ժամանակ։

Օրինակ, դիտորդական Խմբի կողմից ներկայացվել է շոգեխաշած տավարի մսի պիտակի ուսումնասիրությունը փորձագետի մոտ որոշակի հարցադրումներ է առաջացրել: Նախ, պիտակը վկայում էր, որ շոգեխաշած միսն արտադրվել է ք. Երևան Արցախի 57 հասցեում գրանցված Ա/Ձ Հ.Հովսեփյանի կողմից, ինչը մտավախություններ առաջացրեց, մասնավորապես տվյալ հասցեում համապատասխան սարքավորումների առկայության մասով: Ավելին, www.e-register.am կայքի միջոցով համապատասխան տուրքի վճարումից հետո տվյալների ավելի ամբողջական ուսումնասիրությունը ցույց տվեց, որ այս ֆիրման 2012թ.-ից դադարեցրել է իր գործունեությունը: Այս ամենը խոսում է կոռուպցիոն ռիսկերի առկայության և պատկան մարմինների կողմից վերահսկողության իսպառ բացակայության մասին:

Մյուս պիտակը` հալած յուղի մատնանշում է որոշ խնդիրներ, որոնք կապված են միջնորդավորված գնումների հետ: Օրինակ` հալած յուղը ներմուծում է Դանինի ընկերությունը, սակայն այս ընկերությունը չի մասնակցում ՔԿՀ-ի գնման գործընթացներին, ինչն այլ հավասար պայմաններում, պետք է հանգեցներ գնի բարձրացմանը, սակայն ինչպես ցույց են տվել մեր ուսումնասիրությունները, հալած յուղի գները շուկայականից էականորեն ցածր են, ինչը խորացնում է քանակների և որակների հետ կապված հնարավոր ռիսկերի ի հայտ գալու հավանականությունը:

Արտակ Մանուկյանի խոսքերով նշված դիտարկումները ապացուցում են, որ Քրեակատարողական վարչության կողմից ապրանքների ծավալի մատակարարման և պահպանման գործընթացը գտնվում է մտահոգիչ վիճակում և էական բարելավման կարիք ունի:

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս