«Ես չեմ պատկերացնում, որ համակարգի փոփոխություն հնարավոր կլինի վարչապետի փոփոխությամբ». Վարուժան Հոկտանյան

Մեր զրուցակիցն է «Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հ/կ գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը

– Պարոն Հոկտանյան, կոռուպցիայի դեմ պայքարի հարցում նոր կառավարությունից ի՞նչ ակնկալիքներ ունեք:

– Մեծ հույսեր չունեմ, անկեղծ ասած, որովհետև լուրջ փոփոխությունները պետք է նշանակեն համակարգի փոփոխություն: Այսպիսի բարձր մակարդակի կոռուպցիան, ինչպիսին Հայաստանում է, նշանակում է՝ համակարգային խնդիր, և միայն համակարգի փոփոխությունը կարող է էապես լավացնել իրավիճակը: Իսկ ես չեմ պատկերացնում, որ համակարգի փոփոխություն հնարավոր կլինի վարչապետի փոփոխությամբ: Համենայն դեպս, ոչ առաջիկա ժամանակահատվածում: Ի վերջո, սահմանադրորեն առայժմ մեզ մոտ կիսանախագահական կառավարման կարգ է, և այս ինստիտուցիոնալ ճարտարապետության պայմաններում նախագահն է ամեն ինչ որոշողը, ու նա, համենայն դեպս, մինչև հիմա ցույց չի տվել ինչ-որ որոշակի լուրջ մոտեցումներ հենց համակարգային ձևով փոխելու իրավիճակը: Որոշ երկրներում վերևից դա արվել է, դասական օրինակ է Սինգապուրը, բայց մեզ մոտ դա չի արվել: Սակայն, միգուցե, հնարավոր լինի, անգլերեն ասած՝ petty corruption, այսինքն՝ ցածր մակարդակի վարչական կոռուպցիայի հետ կապված որոշակի բաներ փոխվեն: Դա արդեն կախված է նրանից, թե նոր վարչապետը որքանով կկարողանա այդ հարցերն ինչ-որ ձևով վերահսկել: Դա, իհարկե, կնպաստի իրավիճակի որոշակի, ոչ շատ արմատական լավացմանը, բայց հիմնական խնդիրը, որ ոչ թե petty corruption-ից է գալիս, այլ մեզ մոտ առկա grand corruption-ն է՝ վերևների կոռուպցիան, ես չեմ կարծում, որ դա հնարավոր կլինի, համենայն դեպս՝ մոտակա ժամանակներում լուծել:

– Կարեն Կարապետյանի անձը, Երևանի քաղաքապետի պաշտոնում նրա վարած գործունեությունը, նրա ֆինանսական ապահովվածությունը շատերին ստիպում է մտածել, որ նա ավելի քիչ կձգտի կոռուպցիոն ռիսկերի։ Դա կարելի՞ է նախադրյալ համարել դրական փոփոխությունների համար:

– Շատ սահմանափակ ձևով, որովհետև նույն կերպ պակաս հարուստ չէր նրա նախորդը, եթե դա ենք վերցնում: Սա՝ մեկ: Երկրորդը՝ նրա նախորդն էլ Արարատի մարզպետն էր, հետո՝ տարածքային կառավարման նախարար, այսինքն՝ նախորդ փորձից չի կարելի եզրակացնել նման բան: Կարծեմ՝ Կարապետյանն ընդամենը 10 ամիս պաշտոնավարեց՝ որպես քաղաքապետ, եկեք հիշենք, որ 2001-2010-ն էլ ինքը եղել էր «ՀայՌուսգազարդի» գործադիր տնօրենը: Համենայն դեպս, որքան ես եմ հիշում, նրա պաշտոնավարման տարիներին «ՀայՌուսգազարդը» չի դարձել կոռուպցիայի դեմ պայքարի առաջնորդը Հայաստանում:

Այսինքն՝ ելնելով նախորդ մենեջերական գործնեությունից, իր կարողությունից՝ ենթադրել, որ լավ կլինի, չեմ կարող նման պնդում անել: Իհարկե, դա չի նշանակում, որ անպայման ոչինչ չի փոխվի, դա էլ շատ ճիշտ չի լինի ասել: Սպասենք, տեսնեք՝ ինչ կլինի: Նախադրյալներ կերևան նրա ներկայացրած ծրագրից: Եթե ինքը դառնա վարչապետ, ի պաշտոնե գլխավորելու է կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը, որը, կանոնակարգի համաձայն, եռամսյակը մեկ պետք է նիստ հրավիրի, իսկ ներկայումս երրորդ եռամսյակն է՝ հուլիս, օգոստոս, սեպտեմբեր, նիստ դեռևս չի եղել: Եթե մինչև սեպտեմբերի վերջ Ազգային ժողովը հաստատի, և Կարապետյանը դառնա վարչապետ, այդ ժամանակ առնվազն հոկտեմբերին պետք է նիստ հրավիրի: Այդ ժամանակ հստակ կերևա՝ ինչ մոտեցումներ ունի:

– ՀՀԿ խորհրդի նիստից հետո, երբ հայտարարվեց, որ Կարեն Կարապետյանի թեկնածությունն է առաջադրվել վարչապետի պաշտոնում, նշվեց, որ նա պետք է ներկայացնի կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագիր, նաև որոշ ՀՀԿ-ականների խոսքերից ենթադրվում է, որ խորհրդարանական ընտրություններից հետո էլ Կարապետյանը մնալու է ղեկավար պաշտոնում: Արդյոք սա ինքնին կոռուպցիոն երևույթ չէ՞:

– ՀՀԿ-ականների արտահայտած մտքերը դեռ չեն նշանակում, որ այդպես էլ կլինի: Անկեղծ ասած, ես լրիվ այլ սցենար եմ պատկերացնում: Բայց միգուցե իսկապես դա լինի, ենթադրում եմ՝ միայն մի դեպքում, որի հավանականությունը, իմ կարծիքով՝ մեծ չէ, որ, եթե նրան հաջողվի կտրուկ լավացնել իրավիճակն այնպես, որ ՀՀԿ-ն կարողանա նվազագույն կեղծիքներով ապրիլյան ընտրություններում հաղթել, այսինքն՝ ժողովրդի վիճակն այնքան լավ լինի, որ կարիք չլինի վարչական ռեսուրսը չարաշահելով և ընտրակաշառքով հաղթել: Դրա հավանականությունը շատ քիչ եմ համարում: Ավելի հավանական է մեկ այլ սցենար՝ գործող նախագահը հրաժարական տա, և ինքը դառնա վարչապետ: Ինձ թվում է՝ դա ներկա զարգացումների տրամաբանությանն ավելի է համապատասխանում, քան Կարապետյանի շարունակելը: Դա միայն մի դեպքում է հնարավոր՝ եթե հրաշք լինի, և գործերը շատ լավ գնան մինչև ապրիլյան ընտրություններ: Կամ էլ՝ հավանական այլ սցենար է, որ Կարապետյանը շարունակի պաշտոնավարել մինչև նախագահի լիազորությունների ավարտը՝ մնչև 2018 թ., որը մոտ 1.5 տարի է: Իսկ դա բավականին քիչ ժամանակ է, որ ինչ-որ երկարաժամկետ ծրագրեր արվեն:

Տեսանյութեր

Լրահոս