Բաժիններ՝

Կաթվածի 6 ախտանիշ, որ անուշադրության են մատնում շատերը

Lifer.co.ua կայքը գրում է, որ կաթվածը կարող է լուրջ վնաս հասցնել առողջությանը, հանգեցնել մահվան։ Ցավոք, հաճախ շատերն անուշադրության են մատնում դրա ախտանիշերը։

1. Չափազանց արագ հոգնածություն։ Մեր օրգանիզմը ջրի, քիմիական նյութերի և հորմոնների հավասարակշռություն է։ Դրա խանգարման արդյունքում հայտնվում են որոշակի ախտանիշեր, այդ թվում՝ հոգնածություն։ Օրգանիզմում հորմոնների կարգավորման համակարգը ղեկավարում է ուղեղը, իսկ կաթվածի դեպքում ուղեղը վնասվում է ախտահարված հատվածում արյան մատակարարման մասնակի կամ ամբողջական բացակայության պատճառով։ Դա կարող է հանգեցնել արագ և խիստ հոգնածության. ուժերի կորստի։ Այդ պատճառով, եթե հանկարծ հոգնածություն զգաք առանց պատճառի, դիմեք բժշկի. դա կարող է լինել կաթվածի կամ այլ խնդրի նախանշան։

2. Աչքերից մեկում տեսողության խանգարում։ Ուղեղը կազմված է երկու կիսագնդերից, որոնցից յուրաքանչյուրը ղեկավարում է մարմնի հակառակ կողմը։ Կաթվածի պատճառով ուղեղի վնասման արդյունքում աչքերից մեկում կարող են խնդիրներն առաջանալ։ Կաթվածի դեպքում աչքերից մեկում տեսողությունը կարող է խանգարվել, ինչը հեշտ է վերագրել հոգնածության, շատ կարդալուն, հեռուստացույց երկար դիտելուն կամ էլ համակարգչի առաջ երկար մնալուն։ Աչքերից մեկում տեսողության փոփոխությունը կարող է կաթվածի կամ մեկ այլ լուրջ խնդրի նախանշան լինել։ Այդ պատճառով անհրաժեշտ է դիմել մասնագետի օգնությանը։

3. Մի ձեռքի անզգայացում կամ թուլություն։ Կախված նրանից, թե ուղեղի որ կիսագնդում է արյան զեղում տեղի ունեցել, կաթվածն ախտահարում է մարմնի մի կողմը։ Մի ոտքի կամ ձեռքի անսպասելի անզգայացումը կամ թուլացումը, որը մի քանի րոպեից է տևում, կարող է կաթվածի նախանշան լինել։ Եթե թմրած ձեռքով եք արթնանում, դա հեշտ է բացատրել, սակայն, եթե այդ զգացողությունը որոշ ժամանակ անց չի անցնում, դա ավելի լուրջ խնդրի նախանշան է և կարող է վկայել կաթվածի մասին։

Կարդացեք նաև

4. Ոչ հստակ խոսք և գլխապտույտ։ Ուղեղի կիսագնդերից մեկի վնասման դեպքում հետևանքներն արտահայտվում են նաև խոսքում և հավասարակշռության մեջ։ Եթե այդ իրավիճակը ձգվում է մեկ ժամից ավելի, դա կարող է լուրջ խանգարումների ախտանիշ լինել։ Եթե բերանի մի հատվածն իջնում է ներքև, և խոսելը դժվար է լինում, դա կարող է նշանակել, որ ուղեղի այն հատվածը, որը պատասխանատու է խոսքի համար, կամ նյարդերը, որոնք պատասխանատու են դեմքի մկանների համար, արյան պակասի խնդիր ունեն, ինչն առաջացել է կաթվածի արդյունքում։ Կաթվածի արդյունքում հնարավոր է նաև գլխապտույտ ունենալ և կորցնել հավասարակշռությունը։

5. Մտածողության հստակության խանգարում։ Կաթվածը հանգեցնում է նրան, որ ուղեղի որոշակի հատվածին թթվածինը չի բավականացնում, ինչը կարող է հանգեցնել կենտրոնանալու, մտքերը հավաքելու անկարողության։ Եթե ձեզ համար դժվար է արտահայտել ձեր մտքերը, իսկ մյուսների արտաբերած բառերն անհասկանալի են, հնարավոր է՝ դա կաթվածի նշան է։

6. Ուժեղ գլխացավ կամ միգրեն։ Կաթվածի դեպքում հնարավոր է՝ ոչինչ չզգաք։ Եվ չնայած կաթված ունեցած մարդկանց մեծ մասը պնդում է, որ դա անցավ է, ներքին արնազեղումը կարող է միգրեն առաջացնել։ Անսպասելի գլխացավը կամ միգրենն այն մարդու մոտ, ով նախկինում դրանից չի տառապել, կարող է կաթվածի նախանշան լինել։ Ավելի լավ է դիմել բժշկի։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս