Հոգնած Հայաստան

Ծաղկող, բարգավաճող, շենացող ու շենացնող… այդպիսին է Հայաստանը պաշտոնական տեքստերում, տոնական ելույթներում ու մի քանի տասնյակ կամ մի քանի հարյուր հազար դոլարով գրված հայեցակարգերում։

Ճնշված, կռացած, անհեռանկար ու անտեսլական… Այդպիսին է Հայաստանը պաշտոնապես՝ 30 տոկոս, իրականում՝ կրկնակի ավելի աղքատության մակարդակ ունեցող ու մի քանի տասնյակ հազար դրամով ապրող մարդկանց աչքերում։

Ու սա այն դեպքերից չէ, որ ճշմարտությունը երկու ծայրահեղությունների մեջտեղում է։ Ճշմարտությունն ավելի շատ արտահայտված է այս՝ վերջին խմբի մարդկանց, այսինքն՝ հասարակության զգալի հատվածը ներկայացնող մարդկանց աչքերում, քան նրանց, ովքեր գրում կամ պատվիրում են, պատվիրում ու կարդում են զարգացող Հայաստանի մասին ելույթները։

Որովհետև առաջին խմբի մարդիկ, այսինքն՝ հասարակության մեծամասնությունը, ապրում են իրական իրականությամբ, այն իրականությամբ, որը եղել է, կա ու լինելու է ժամանակի ու տարածության մեջ։

Որովհետև նրանք չեն ապրում մյուս իրականությամբ, ստեղծված, արհեստական իրականությամբ, որը եղել է, կա ու լինելու է միայն իշխանության ելույթներում ու իշխանության ռեպորտաժներում, իշխանության շնորհավորանքներում ու իշխանության հանդիմանություններում։

Հակասականությունների շղթայով ու բազմության մեջ ապրող Հայաստանում հակասականություններից ամենահակասականը հենց այս՝ երկու իրականությունների միաժամանակյա գոյությունն է, որը ոչ թե ինքնավար ու մեկը մյուսին չխանգարող զուգահեռ աշխարհների գոյություն է, այլ այնպիսի գոյություն է, որում մտացածինը պայմանավորում է իրականը, որում մտացածինը կա ու բարգավաճում է իրականի հաշվին, իրականի մսխման հաշվին։

Մտացածին իրականությունը, որն իրականում իրականությունը խեղող իրականության պատրանք է, զարգացող Հայաստանի պիտակով ու դրան անվան տակ՝ պետության ոչ միայն զարգացումը, այլ անգամ չզարգացող առօրյան արգելակող իրականություն է։

Որովհետև այդ իրականության կրողներն ու դրանով Հայաստանի հասարակությանը կրողները՝ հաղթելու իմաստով կրողները, սպառված են քաղաքականապես, մասնագիտորեն ու արժեքայնորեն։ Նայեք այդ իրականությունը կրողների աչքերին ու չեք տեսնի ոչինչ, բացի հոգնածությունից՝ բառի լայն և նեղ իմաստով հոգնածությունից։

Չեք տեսնի ոչինչ, բացի պետության հաշվին ունեցած բարեկեցության մեջ այլևս իմաստ չգտնելու դատարկությունից, բայց միևնույն ժամանակ՝ բարեկեցության աճի ինքնանպատակ ձգտումը սպասարկելու մոլուցքից։

Չեք տեսնի ոչինչ, բացի հայացքում դաջված անկարողությունից ու վախից՝ զբաղեցրած կարգավիճակը թողնելու ցանկության անիրագործելիության ու սարսափելի վախի առումով։ Այն վախի, որ զբաղեցրած կարգավիճակից հեռացումը կարող է զրկել իմաստից, որով ապրել, աշխատել, չաշխատել, գանձագողել ու կուտակել են գիտակից ողջ կյանքի ընթացքում։

Այդ աչքերում ու հայացքներում դաջված հոգնությունն իրականում Հայաստանի հոգնությունն է, նորը, առաջադեմը մերժող հոգնությունը, ստեղծարարություն, երազանքներ, երազանքն իրագործելու խելահեղություն կրողների մուտքը մտացածին իրականություն արգելակող հոգնությունը։

Այդ հոգնությունն իրականում քաղաքական, քաղաքագիտական գնահատման ենթարկվող կատեգորիա չէ, բայց արդյունքը կամ հետևանքն է այն ամենի, ինչ տարիներ շարունակ Հայաստանում իրականացվել է քաղաքականության անվան տակ՝ ամեն ինչի հետ միասին, ու առաջին հերթին՝ քաղաքականությունը ևս վերածելով համարյա մտացածին զբաղմունքի, որով կարող են զբաղվել միայն նրանք, ովքեր ընդունում են մտացածին իրականության կանոնները։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս