«Ռուսաստանը կորցրել է հետխորհրդային տարածքը». Ալեքսեյ Մալաշենկո

«Էրդողանը ցանկանում է ազատվել քրդական հարցից ու Իսլամական պետությունից»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Մոսկվայի «Կարնեգի» հետազոտական կենտրոնի գիտական խորհրդի անդամ, նույն կենտրոնի «Կրոն, հասարակություն և անվտանգություն» ծրագրի համանախագահ Ալեքսեյ Մալաշենկոն՝ անդրադառնալով մերձավորարևելյան տարածաշրջանում ծավալվող իրադարձություններին, մասնավորապես՝ Սիրիայում Թուրքիայի գործողություններին:

Նա նշեց, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը երկրում կազմակերպված ռազմական հեղաշրջման փորձից հետո դժվար արտաքին քաղաքական խնդիրների և արտաքին քաղաքական «հաղթանակներ» կերտելու հրամայականի առջև է կանգնել: Ըստ Մալաշենկոյի՝ խնդիրներն են «Իսլամական պետություն» խմբավորումն և քրդական հարցը, որոնց նկատմամբ հաջողված ճնշումները կարող են հաղթանակներ դառնալ Էրդողանի համար: Միաժամանակ, այս երկու խնդիրները, նրա որակմամբ, հավասարազոր վտանգ են ներկայացնում Էրդողանի համար: Ուստի, Մալաշենկոյի համոզմամբ, Սիրիայում Թուրքիան ունի երկու թիրախ՝ ԻՊ-ն և քրդերը, թեև Էրդողանը դեռ լիովին չի պատկերացնում իր գործողությունների հաջորդականությունը և իր քայլերի ավարտը:

«Քրդական հարցը Թուրքիայի հավիտյան հարցն է, քանի որ Թուրքիայում քրդաբնակները բավականին լուրջ թիվ են կազմում, ավելին, նրանք ապրում են ոչ միայն Թուրքիայում, այլև Սիրիայում, ավելին, նրանք ինքնավարություն են ցանկանում: Քրդերը պայքարում են Մեծ Քրդստանի ստեղծման համար, որը կարող է հարված դառնալ Իրաքի, Սիրիայի ու Թուրքիայի համար: Տպավորություն է ստեղծվում, որ քրդական հարցն Էրդողանը փորձում է լուծել ռազմական ճանապարհով, քանի որ այդ հարցի լուծումը նրա համար այլևս երազանք է դարձել:

Պատահական չէ, որ Էրդողանի թիրախում են Սիրիայի քրդերը, որոնք բավականին կազմակերպված ու զինված ուժեր են իրենցից ներկայացնում, քան այն քրդերը, որոնք Թուրքիայում են ապրում և որոնք ևս ահաբեկչություններ են կազմակերպում: Այս ուժերն ունեն նաև արտաքին աջակցություն: Իմ համոզմամբ, Էրդողանն այս ճանապարհով չի կարող լուծել իր համար հավերժական դարձած այս հարցը, նա դա կարող է անել միայն քաղաքական ճանապարհով»,- նման տեսակետ հայտնեց ռուս վերլուծաբանը:

Ինչ վերաբերում է «Իսլամական պետություն» խմբավորմանը, ապա, նրա համոզմամբ, Էրդողան-ԻՊ հարաբերությունները ևս շատ բարդ են, սակայն այստեղ Էրդողանը կարող է լոկալ, բայց ոչ վերջնական հաղթանակ գրանցել, քանի որ այդ գաղափարախոսությունը ջնջել նրան չի հաջողվի երբեք: Ըստ Մալաշենկոյի, Թուրքիայի ներկայիս նախագահին, հասարակությանը բացարձակապես պետք չեն իրենց հարևանությամբ նման կազմակերպված և դաժան իսլամիստներ: «Էրդողանը պարզապես ցանկանում է ազատվել «Իսլամական պետությունից», դա նրան պետք չէ»,- ասաց Մալաշենկոն:

Ռուս վերլուծաբանն ասաց, որ այս իրավիճակում բարդ են նաև Ռուսաստանի որոշումները: Սակայն արդեն, նրա համոզմամբ, պարզ է դառնում, որ Ասադին աջակցելու Մոսկվայի որոշումը ճիշտ էր, քանի որ Պուտինն ընտրեց վատի ու ավելի վատի միջև:

Մալաշենկոյի խոսքով՝ հետագա քայլերը մշակված և զգուշավոր պետք է լինեն, քանի որ Սիրիան Մերձավոր Արևելքում Ռուսաստանի ներկայության գոտին է:

«Սա Ռուսաստանը չի կարող կորցնել, քանի որ կորցնում է ավանդական ռուսական ազդեցության հետխորհրդային գոտին»,- նկատեց Մալաշենկոն: Հարցին, թե կորստի մասի՞ն է արդյոք խոսում Եվրասիական տնտեսական միության ձևավորումը, Մալաշենկոն պատասխանեց, որ այն գործուն կառույց չէ, որքան էլ խոսեն դրա օգտակարության մասին:

«Այդ միության բոլոր անդամները դժգոհ են այդ միությունից, և այն չի գործում, Ռուսաստանի բոլոր գործընկերները դժգոհ են Ռուսաստանի վարած քաղաքականությունից, սա խոսում է այս տարածքը կորցնելու մասին»:

Վերջինս անդրադառնալով մերձավորարևելյան իրադարձությունների ազդեցությանը ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակի վրա՝ ասաց, որ ուղիղ, ինչպես և անուղղակի կապ այդ երկու գոտիներում տիրող զարգացումների միջև չի տեսնում:

«Ղարաբաղյան հակամարտությունը զարգացման իր դինամիկան ունի, դրա կարգավորման հեռանկարներ այս պահին չեմ տեսնում: Չի բացառվում, որ Թուրքիայի զբաղվածությունը Սիրիայում Ադրբեջանին մղի զգուշավորության՝ հաշվի առնելով նաև այնտեղ սպասվող քաղաքական փոփոխությունները»,- ասաց Մալաշենկոն:

Տեսանյութեր

Լրահոս