«Վանաձորում ոչ թե հաղթելու շանսեր ունենք, այլ հենց մենք էլ հաղթելու ենք. ՀՀԿ-ն անդառնալիորեն պարտվելու է». Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության Խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ իրենք շատ ենք կարևորում ՏԻՄ ընտրություններն ու առաջիկայում ՀՀ-ում սպասվող ՏԻՄ ընտրություններում «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից 53 թեկնածու է առաջադրվել կամ պաշտպանվում. «Մենք կարծում ենք՝ ներքևից վերև փոփոխություններն ավելի իրական են, ավելի շատ քաղհասարակության ներգրավվածություն կարող են ապահովել, քան վերևից՝ մի մարդու կողմից փոփոխություններ իրականացնելու փորձերը, ինչն այդքան էլ ժողովրդավարական չէ»:

Նրա խոսքով՝«Լուսավոր Հայաստանը» համայնքի ղեկավարի թեկնածու է առաջադրել Վանաձորում, Սիսիանում, Նոյեմբերյանում, Ջրառատում, ու բոլորը, ըստ նրա՝ հաղթելու շանսեր ունեցող թեկնածուներ են. «Մենք պայքարելու ենք այդ բոլոր համայնքներում իշխանությունը վերցնելու համար: Մնացած բոլոր համայնքներում, որտեղ ունենք ավագանու թեկնածուներ, փորձելու ենք տեղական ժողովրդավարության մշակույթ ձևավորել, բյուջեի նկատմամբ վերահսկողություն սահմանել, ավագանու աշխատանքներն այնքան լավ կազմակերպել, որ սպասվող խորհրդարանական ընտրություններում թե՛ «Լուսավոր Հայաստանի» բրենդը, թե՛ ավագանու կողմից իրականացված աշխատանքները բերեն նրան, որ կարողանանք լրջագույն ձայներ ստանալ այդ համայնքներում»:

Նա կարևորեց Գյումրիում ու Վանաձորում կայանալիք ընտրությունները, որտեղ առաջին անգամ համամասնական ընտրակարգով ընտրություններ են լինելու, ու կուսակցությունները լուրջ մրցակցություն են ձևավորել. ««Լուսավոր Հայաստանը» Վանաձորում առաջադրել է քաղաքապետի թեկնածու` Քրիստ Մարուքյանին, նա էլ գլխավորում է ավագանու ցուցակը: Ինչպես բոլոր համայնքներում, այնպես էլ այստեղ, մենք հայտարարել ենք թեկնածուին ու նրան հանձնարարել թիմ ձևավորել, որով պետք է մասնակցի սպասվող ընտրություններին: Այսինքն՝ այն, որ Քրիստ Մարուքյանը պետք է գլխավորեր, ամիսներ առաջ հաստատել էինք, օրեր առաջ էլ հաստատվեց 35 անդամից բաղկացած ավագանիների ցուցակը»:

Է. Մարուքյանն ընդգծեց. «Վանաձորում ոչ թե հաղթելու շանսեր ունենք, այլ հենց մենք էլ հաղթելու ենք: Բոլոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Վանաձորում անդառնալիորեն ՀՀԿ-ն պարտվելու է»:

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է Գյումրիին, ապա այնտեղ, ըստ նրա՝ իրավիճակն այլ է. «Մանրամասն ուսումնասիրություններ ենք իրականացրել. երկու արտակարգ հնարավորություն ենք ունեցել առանձին ցուցակով մասնակցելու, շատ ուժեղ թեկնածուով հանդես գալու, բայց մեր հաշվարկներով՝ դա բերելու էր նրան, որ լավագույն դեպքում ունենալու էինք ուղղակի խմբակցություն Գյումրի համայնքում, որը կարող էր բաղկացած լինել 4-5 ավագանուց»: Նա նշեց, որ Գյումրիում համագործակցում են ԳԱԼԱ կուսակցության հետ. ««Լուսավոր Հայաստանը» միակն է, որը ԳԱԼԱ-ի ընտրական ցուցակում ունի ավագանու թեկնածուներ»: Ըստ նրա` ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Գյումրիում էլ ԳԱԼԱ-ն է հաղթելու:

Տեսանյութեր

Լրահոս