«Ե՛վ ՀՀ անկախության, և՛ ԼՂՀ անկախության 25-ամյակին պետք է նոր էջ բացել». Գառնիկ Իսագուլյան

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանի հետ զրուցել ենք հայաստանյան և Ղարաբաղյան հակամարտության շուրջ ընթացող իրադարձությունների մասին:

– Պարոն Իսագուլյան, Հայաստանը պարբերաբար որոշակի ցնցումների է ենթարկվում, մասնավորապես՝ վերջին տարում ապրիլյան պատերազմը, ապա ՊՊԾ գնդի գրավումը: Ձեր կարծիքով՝ այս ցնցումների խորքային պատճառը ո՞րն է, և ինչպե՞ս կարելի է խուսափել դրանցից:

– Կան երևույթներ, որոնք պայմանավորված են մեր ներքին իրավիճակով՝ սոցիալական, տնտեսական, քաղաքական, բաներ կան, որ մեզանից անկախ են և արտաքին ուժերի ենթակայության տակ են: Եթե վերցնում ենք ապրիլյան պատերազմը, ապա դրա հիմնական մեղավորը Ադրբեջանն էր, որն ինչքան էլ տարօրինակ էր, մարտին՝ իրենց Նովրուզի ժամանակ, միշտ հայկական կողմին միջնորդում է, որ այդ օրերին հնարավորինս քիչ լինեն սահմանային կրակոցներ, բախումներ: Հայերն անսացել էին այդ խնդրանքին, գուցե դա որոշակի առումով նաև ազդել էր մեր զգոնության վրա, և ինչպես հատուկ է այդ ազգին՝ նրանք ուխտադրուժ հարձակվեցին:

Եվ ի պատիվ բացառապես մեր շարքային զինվորների, մեր սպաների, մեր պաշտպանության բանակի և նաև իշխանությունների շատ արագ արձագանքման՝ արդյունքում կարողացանք կասեցնել այն ագրեսիան, որի նպատակը ոչ միայն հյուսիսարևելյան և հարավարևելյան շրջանների գրավումն էր, այլ նաև մինչև Աղդամ ազերիների զորքերի առաջխաղացումը: Պարտադրեցինք, ըստ էության, զինադադար Ադրբեջանին, ճիշտ է, ունեցանք որոշակի կորուստներ: Իսկ այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում՝ ՊՊԾ գնդի գրավումը զինված խմբի կողմից, դա, բնականաբար, պայմանավորված էր և՛ ներքին որոշակի խնդիրներով, և՛ սոցիալական վիճակով, նաև հետագան ցույց տվեց, որ ինչ-որ առումով այդ տղաները կառավարվում էին դրսից: Ի նկատի ունեմ՝ նաև Հայաստանում գործող որոշակի ուժեր, որոնք, ցավոք սրտի, ենթակա էին նաև արտաքին, Հայաստանից դուրս եղած ուժերի ազդեցության:

Իհարկե, այս ամենը բերում է որոշակի ցնցումների, և ՀՀ անկախության ու ԼՂՀ անկախության 25-ամյակին պետք է նոր էջ բացել և՛ ՀՀ, և՛ ԼՂՀ պատմության մեջ, նաև՝ ժողովրդի հասունացման տեսակետից: Ամեն մեկը պետք է հասկանա, որ մենք ենք, մեզնից յուրաքանչյուրն իշխանության ինչ-որ մաս է կրում, և ընտրությունների միջոցով ամբողջացնում է ժողովուրդն իր իշխանությունը: Նաև իշխանությունը պետք է հասկանա, որ այն ոճը, որով մինչև հիմա աշխատել ենք, իրեն այլևս չի արդարացնում՝ թե՛ կադրային, թե՛ սոցիալական խնդիրների, թե՛ տնտեսական զարգացման, թե՛ քաղաքական փոխհարաբերությունների առումով: Այդ քառորդ դարը թե՛ ՀՀ, թե՛ ԼՂՀ համար պետք է դառնա ինչ-որ էջի փակում, որից հետո պետք է սկսվի նոր էջ, որտեղ առաջնահերթը կլինի յուրաքանչյուր քաղաքացու սոցիալական, տնտեսական գերապատվությունը, որտեղ ցանկացած իշխանավոր պատրաստ կլինի ստորադասել իր շահը պետության ու ազգային շահից, որն այսօր չկա:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս