«Ուռուցքի վաղաժամ հայտնաբերումը բավականին բարձր արդյունքներ է ապահովում, ընդհուպ մինչև հարյուր տոկոս առողջացում»

Քաղցկեղի դեմ արդյունավետ պայքարի համար ուռուցքաբանները խիստ անհրաժեշտ են համարում դրա վաղաժամ հայտանբերումը: Հայաստանում քաղցկեղի բուժման խնդիրների վերաբերյալ այսօր  լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել են ՀՀ օնկոլոգիայի ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ուռուցքաբան Գագիկ Բազիկյան և Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի, Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի վիրաբուժական բաժանմունքի վարիչ, ընդհանուր եւ կրծքային վիրաբույժ, ուռուցքաբան Արմեն Քոչարյանը:

Ուռուցքաբան Գագիկ Բազիկյանի խոսքով` վերջին երկու տարիների ընթացքում դրանց նախորդած տարիների համեմատ քաղցկեղից մահացության ցուցանիշը նվազել է: Նա, անդրադառնալով քաղցկեղի բուժման համար պետական աջակցությանը, նշեց, որ վերջին երկու տարիներին պետությունն այն խավի հիվանդներին, ովքեր ընդգրկված չեն սոցիալապես անապահով բնակչության մեջ, բուժման ֆինանսական ծախսերը հոգալու համար որոշել է կիրառել համավճարի սկզբունքը:

«Անկեղծ ասած, քաղցկեղն ամոնաթանկ բուժվող հիվանդություններից մեկն է, քանի որ դրա բուժումը քիմիոթերապիայից, վիրաբուժությունից և ճառագայթային բուժումից բացի, նաև այլ միջամտություններ է պարունակում: Համավճարի դեպքում բուժման ծախսերի մի մասը հոգում է պետությունը, իսկ մյուս մասը` հիվանդը: Քիմիոթերապիայի մեկ կուրսի համար պետությունը տալիս է երեսուն հազար դրամ, իսկ սոցիալապես անապահով խմբերի համար` 60. 000: Վիրաբուժական միջամտության պարագայում պետությունը տալիս է 118.800 դրամ»,- ասաց նա:

Բժիշկը նաև նշեց, որ գոյություն ունի քաղցկեղի զարգացման չորս փուլ: Կատարվել են համապատասխան ուսումնասիրություններ պարզելու համար թե այդ փուլերից յուրաքանչյուրում բուժումն ավարտելուց հինգ տարի հետո ինչ արդյունքներ են գրանցվում:

«Առաջին փուլում քաղցկեղի հայտնաբերման հաջողությունները հասնում են 90-92 տոկոսի, երկրորդ փուլում այդ թիվը նվազում է մինչև 50-52 տոկոս: Երրորդ և չորրորդ փուլերում, ցավոք սրտի, հինգ տարվա շեմը թևակոխում է հիվանդների ընդամենը 10-12 տոկոսը: Երրորդ և չորրորդ փուլում դիմող հիվանդները կազմում են 42-44 տոկոս: Մինչև 2011 թվականը բուժված հիվանդների թիվը հինգ տարի հետո կազմում է 16 հազար մարդ: 2015 թվականին Հայաստանում գրանցվել է 8372 քաղցկեղով հիվանդ: ՀՀ օնկոլոգիայի ազգային կենտրոնում տարեկան շուրջ տաս հազար մարդ ստացիոնալ բուժում է ստանում»,-հայտարարեց Գագիկ Բազիկյանը:

Ուռուցքաբան Արմեն Քոչարյանը նույնպես փաստեց, որ քաղցկեղի հայտնաբերման ժամանակահատվածից է կախված նրա հետագա բուժման արդյունավետությունը: «Շատ կարևոր են սքրինինգային ծրագրերը: Մահացության բարձր տոկոսը պայմանավորված է բուժմանը ուշ դիմելով: Վաղաժամ հայտնաբերումը բավականին բարձր արդյունքներ է ապահովում, ընդհուպ մինչև հարյուր տոկոս առողջացում»,- շեշտեց ուռոցքաբանը:

Նրա խոսքով` քաղցկեղի բուժումը թիմային աշխատանք է, որի մեջ ներգրավված են բժիշկները, հիվանդը և նրա ընտանիքը:

Տեսանյութեր

Լրահոս