Բաժիններ՝

ԿԲ պարզաբանումը՝ ՀՀ միջազգային պահուստների մակարդակի փոփոխության վերաբերյալ

2016 թ. երկրորդ եռամսյակի ընթացքում ՀՀ միջազգային պահուստները նվազել են շուրջ 59 մլն ԱՄՆ դոլարով: Ինչպես նշում է ՀՀ Կենտրոնական բանկը, պահուստների մակարդակի նվազումը հիմնականում պայմանավորված էր շուրջ 46 մլն ԱՄՆ դոլարին համարժեք արտաքին պարտքի սպասարկման ծախսերով եւ Կենտրոնական բանկում ՀՀ առեւտրային բանկերի թղթակցային հաշիվների մնացորդների շուրջ 116 մլն ԱՄՆ դոլարին համարժեք կրճատմամբ:

Եռամսյակի ընթացքում պահուստները համալրվել են հիմնականում ներբանկային շուկայում ՀՀ ԿԲ կողմից իրականացված 52.6 մլն ԱՄՆ դոլարի առքի եւ ստացված վարկերի, փոխառությունների եւ դրամաշնորհների հաշվին՝ շուրջ 31 մլն ԱՄՆ դոլարին համարժեք:

Առեւտրային բանկերի թղթակցային հաշիվների մնացորդների փոփոխությունը թեեւ նշանակալի, այնուամենայնիվ, սովորական երեւույթ է: Ինչպես հայտնի է, ՀՀ ԿԲ-ում առեւտային բանկերի արտարժույթով թղթակցային հաշիվների նվազագույն մակարդակի պահանջ չկա, այդպիսով՝ այս միջոցների մակարդակն արտացոլում է համաշխարհային եւ ներքին ներդրումային միջավայրի ազդեցության ներքո առեւտային բանկերի ներդրումային որոշումները:

Արդյունքում, այս մնացորդները խիստ տատանողական են, մասնավորապես` հիշեցնենք, որ 2015 թ. ընթացքում դրանք աճել էին շուրջ 106 մլն ԱՄՆ դոլարով:

2016 թ. ապրիլից սկսած ՀՀ կենտրոնական բանկը պարբերաբար իրականացրել է եւ շարունակում է իրականացնել ԱՄՆ դոլարի առքի գործառնություններ՝ խուսափելով արտարժույթի շուկայում անցանկալի տատանումներից: Հարկ է նշել, որ արտարժույթի շուկայում ՀՀ ԿԲ կողմից ԱՄՆ դոլարի վաճառքի գործառնություններ իրականացվել են միայն հունվար-փետրվար ամիսներին՝ այդ ժամանակահատվածում դրամի փոխարժեքի վրա առկա սպեկուլյատիվ ճնշումները զսպելու նպատակով:

Նշենք, որ ՀՀ միջազգային պահուստների մակարդակը շարունակում է համապատասխանել միջազգային պրակտիկայում արտարժութային պահուստներին ներկայացվող բոլոր պահանջներին, մասնավորապես` հնարավոր արտաքին շոկերը կլանելու ՀՀ տնտեսության կարողությունը հավաստելու տեսանկյունից: Մասնավորապես` ՀՀ միջազգային պահուստները ապահովում են ներմուծման ավելի քան չորս ամսվա ծածկույթ եւ կարճաժամկետ (մինչեւ մեկ տարի) պարտավորությունների սպասարկման ավելի քան յոթ տարվա ծածկույթ:

pahust

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս