«Ամենավտանգավորն այն է, որ ի հեճուկս Արևմուտքի՝ Ռուսաստանը կարող է նպաստել Թուրքիայի ակտիվացմանը Ղարաբաղի հարցում». Լեռնիկ Ալեքսանյան

Հարցազրույց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանի հետ:

– Պարոն Ալեքսանյան, ԱՄՆ պետքարտուղարության պատժամիջոցների քաղաքականության համակարգող Դենիել Ֆրիդի կարծիքով՝ Ղարաբաղյան հակամարտության մեջ ներգրավված երկրների կառավարությունները կարծես բավարար չափով հետաքրքրված չեն խնդրի վերջնական կարգավորմամբ: Նա, մասնավորապես, ասել է. «Խնդիրն այն է, որ իշխանությունները չափազանց հարմարավետ են սկսում իրենց զգալ Ղարաբաղյան խնդրի առկայության պայմաններում և մտածում են կարճաժամկետ, այլ ոչ՝ երկարաժամկետ կտրվածքով»: Որպես իշխող կուսակցության ներկայացուցիչ՝ սա ինչպե՞ս կմեկնաբանեք:

– Սա ուղղակի եղանակ ստեղծելու, հակառուսական ինչ-որ բան է, որովհետև համենայնդեպս՝ Հայաստանում չկա այդ հանգստությունը, ընդհակառակը՝ Հայաստանն ամբողջությամբ պատրաստվում է պատերազմի: Ղարաբաղի պաշտպանության նախարարը հստակ ասաց, որ այսօր ոչ միայն պատերազմի վտանգը կա, այլև շատ մեծ է դա, ու Հայաստանում հանգստություն չկա: Թե ինչու է ասվում այդ բանը, երևի քաղաքական տեխնոլոգիաների, այլ ոչ ինֆորմացիայի պակասի արդյունք է: Ենթադրում եմ՝ դա կապված է այն բանի հետ, որ վերջին շրջանում ԱՄՆ-ը պասիվ է ու փորձում է ակտիվացնել իր գործունեությունը տարածաշրջանում: Այդ փաստի հետ եմ կապում. ուզում են երկարաժամկետ ծրագրերում մասնակցություն ունենալ, որովհետև վերջին շրջանում Ռուսաստանը շատ ավելի ակտիվացավ, հանդիպումներ կազմակերպեց, հիմա էլ շարունակում է: Կոնկրետ Հայաստանի հետ կապված, արդեն նշեցի, Դենիել Ֆրիդի ասածը իրականությանը չի համապատասխանում:

– Նշեցիք, որ Ռուսաստանը վերջին շրջանում ավելի է ակտիվացել, հանդիպումներ է կազմակերպում. տեսնում ենք, որ Ռուսաստանը ակտիվորեն համագործակցում է Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, սա ինչ-որ կերպ կազդի՞ Ղարաբաղի հարցում նրա ունեցած դիրքորոշման վրա:

– Ռուսաստանը ստրատեգիական, հեռավոր նպատակներ ունի այս տարածաշրջանի հետ կապված, և Թուրքիայի հետ հարաբերությունների ջերմացումը կամ դրանից որոշ ժամանակ առաջ՝ թշնամությունը ավելի շատ մարտավարական, կարճաժամկետ բաներ են: Իրականում Ռուսաստանը միշտ ունեցել է ամենամեծ հետաքրքրությունը Հարավային Կովկասի նկատմամբ, հատկապես հիմա, երբ իրավիճակը բավականին բարդ է տարածաշրջանում՝ Իրանի ակտիվացման հետ կապված: Ռուսաստանը իր դիրքորոշումն է փոխել, ռազմավարական նպատակը չի փոխել: Ե՛վ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի հետ մարտավարական, տակտիկական քայլեր են: Ռուսաստանը հետապնդում է իր շահը տարածաշրջանում, որը երբեմն համընկնում է Հայաստանի շահերի հետ, երբեմն՝ ոչ: Նույնը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի դեպքում:

Այսօր Թուրքիայի նկատմամբ շատ ճնշումներ կան Արևմուտքի կողմից, և Ռուսաստանի կողմից կային, բայց հիմա Ռուսաստանի և Թուրքիայի շահերը համընկնում են: Չեմ կարծում, թե դա ռազմավարական է, հեռահար, համենայնդեպս՝ այս ժամանակահատվածում, այս իրավիճակում Ռուսաստանի և Թուրքիայի շահերը համընկնում են, ինչը կապում եմ Իրանի ակտիվացման հետ: Ռուս-թուրքական մերձեցումն, ինչ խոսք, ինչ-որ չափով կարող է ազդել, բայց Ռուսաստանը Ղարաբաղի նկատմամբ ունի հստակ տրամադրվածություն: Այսպես թե այնպես՝ Ղարաբաղը, Հայաստանը Ռուսաստանի հենակետն են՝ ռազմավարական իմաստով: Եթե Ռուսաստանի ու Ադրբեջանի շահերն այսօր համընկնում են, զինում է Ադրբեջանին, դա չի նշանակում, որ իր հետ հեռահար նպատակներ է կապում: Ռուսաստանի հեռահար նպատակները, շահերը, այսինքն՝ ազդեցության մեծացումը Հարավային Կովկասում կապված են Հայաստանի հետ:
Համենայնդեպս, ռուս-թուրքական, ռուս-ադրբեջանական մերձեցումը, եռակողմ հանդիպումները ավելի շատ տնտեսական շահեր են հետապնդում: Չի բացառվում, որ Ռուսաստանը հետագայում կամուրջ հանդիսանա Հայաստանի ու նրանց մեջ տարբեր հարցերում: Բայց սպասենք՝ կտեսնենք: Այստեղ ամենավտանգավորն այն է, որ ի հեճուկս Արևմուտքի՝ Ռուսաստանը կարող է նպաստել Թուրքիայի ակտիվացմանը Ղարաբաղի հարցում:

– Մեր արտաքին քաղաքականությունն ի՞նչ է անում այդ առումով, որ թեկուզ Ձեր նշած՝ ի հեճուկս Արևմուտքի՝ Ռուսաստանը թույլ չտա Թուրքիայի ուղղակի կամ անուղղակի ներգրավվածություն ԵԱՀԿ Մինսկի համանախագահների ձևաչափ:

– Ղարաբաղյան հարցի հետ կապված մեր արտաքին քաղաքականության առանցքը հենց դա է, որ ՄԽ համանախագահների ֆորմատը չփոխվի, ու ՄԽ անդամ երկրների ակտիվությունը չավելանա: Այսինքն՝ համանախագահող երկրները ոնց սկսել են, այդպես էլ շարունակեն: Արտաքին քաղաքականության ամբողջ առանցքը դա է ու Ղարաբաղի մասնակցությունը բանակցություններում, իսկ Ադրբեջանն այսօր չի համաձայնի բանակցային սեղանի շուրջ նստել Ղարաբաղի հետ, նրան պետք է ստիպեն դա անել: Ռուսաստանը միշտ ստատուս քվոյի պահպանման կողմնակից է, դրա համար էլ երկու կողմին էլ զինում է, իսկ Արևմուտքն ուզում է, որ խնդիրն արագ լուծում ստանա, թե ինչ լուծում՝ այլ հարց է: Արևմուտքը չի զինում Ադրբեջանին, մեզ էլ չի տալիս Ղարաբաղի համար ռազմական խնդիրներ լուծելու գումարներ: Արևմուտքի շահերը տարածաշրջանում անուղղակի են՝ պայմանավորված Իրանի, Թուրքիայի, Ռուսաստանի ու Հայաստանի հետ. այդ 4 երկրների հարաբերությունների դինամիկայի հետ: Եթե Ռուսաստանը կոշտացնում է Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը Ղարաբաղի հարցի հետ կապված, Արևմուտքն ավելի ջերմացնում է, և հակառակը:

– Իսկ ո՞վ կարող է ստիպել Ադրբեջանին, որ Ղարաբաղը բանակցային կողմ դառնա:

– Իրավիճակը: Դիվանագիտական այնպիսի իրավիճակ պետք է ստեղծվի, բանը հասնի մի փուլի, որ Ադրբեջանը ընդունի՝ Ղարաբաղի ժողովրդին ինքնորոշում է հարկավոր: Այդ ժամանակ Ղարաբաղի կողմը չի կարող բանակցային կողմ չլինել: Եվ Աստված չանի՝ եթե պատերազմ լինի, այդ ժամանակ Ադրբեջանը կարող է նստել Ղարաբաղի հետ բանակցային սեղանի շուրջ: Եթե պատերազմը լինի հօգուտ մեզ, այդ ժամանակ անպայման Ղարաբաղը բանակցային կողմ կլինի: Այլ հանգամանքներ ևս կարող են նրան ստիպել դա անել, օրինակ՝ միջազգային ճնշումները, հարևանները, այսինքն՝ կախված է իրավիճակից: Ադրբեջանին պետք է ստիպեն ոչ թե հայտարարություններով, այլ իրականության մեջ, որ նստի Ղարաբաղի հետ բանակցությունների: Համենայնդեպս, դա միայն Հայաստանից կախված չէ: Էդ, որ մեկ-մեկ ասում ենք՝ Հայաստանը բաց թողեց շանսը, այնքան էլ այդպես չէ, այստեղ կարևոր է՝ Ադրբեջանն ինքը ընդունո՞ւմ է, թե՞ ոչ: Բանակցություններն այն փուլին չեն հասել, որ Ադրբեջանը Ղարաբաղի հետ նստի բանակցային սեղանի շուրջ:

Տեսանյութեր

Լրահոս