Ի՞նչն Արթիկի քաղաքապետին ստիպեց փոխել կարծիքը

Արթիկի ՀՀԿ-ական քաղաքապետ Արսեն Աբրահամյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց, որ Արթիկի ջրհեղեղի ժամանակ հանքարդյունաբերության արդյունքում գոյացած թափոնները սելավի հետ լցվել են քաղաք:

Նա նաև ընդգծեց, որ այդ թափոնների քանակն աննախադեպ էր. «Միլիոնավոր խորանարդ մետր տուֆ քար է արտադրվել ժամանակին «Արթիկ տուֆի» կողմից, և այդ թափոնների մի մասը լցվել է ձորակ ու այժմ էլ վիզուալ երևում է, որ նմանատիպ տեղումների դեպքում շատ հնարավոր է, որ առկա թափոնները նորից լանջերից լվացվեն ու լցվեն քաղաք»:

Նա նշեց, որ թափոնները ձորերից մաքրելն անհեռանկարային է և ծախսատար, ու ըստ նրա՝ անհնար է դա իրականացնել:

Ուշագրավ է, սակայն, որ ամիսներ առաջ, երբ եղավ Արթիկի ջրհեղեղը, քաղաքապետը բոլորովին այլ բան էր ասում:

Կարդացեք նաև

Գյումրու «Օրհուս» կենտրոնի ղեկավար Գևորգ Պետրոսյանը 168.am-ի հետ զրույցում ասել էր, որ Արթիկի աղետն այդքան զգալի չէր լինի, եթե բնական հեղեղատար ծառայող ձորերը մաքուր լինեին տուֆի հանքերի շահագործումից առաջացած թափոններից: Ա. Աբրահամյանը, սակայն, հերքել էր այդ տեղեկատվությունը. «Դա կատարյալ սխալ տեղեկատվություն է: Քաղաքի մեջ արհեստական կառուցված հեղեղատարներն անցանելի էին: Իսկ բնական ձորի թռիչքը 200 մետր է, խորությունը՝ 30-40 մետր, և դրա լանջերն են թափոններով լցված եղել, բայց ինքն անցանելի է եղել: Ջրի մակարդակը բարձր է եղել ու սկսել է լանջերը լվանալ: Այդ զանգվածը լանջերից է եկել»:

Հիշեցնենք, որ Արթիկի բնակիչներից մեկը 168.am-ին էր տրամադրել բացառիկ կադրեր, որտեղ երևում էր, թե ինչպես է սկսվում Արթիկի ջրհեղեղը: Տեսանյութում հստակ երևում է, թե ինչպես են քարի թափոնները ջրի հոսքով կոտրում պատնեշը, ու ջուրը լցվում է մարդկանց տներն ու այգիները:

Տեսանյութեր

Լրահոս