Բաժիններ՝

«Տնտեսական ակտիվությունը համարժեք է տնտեսական իրողություններին». Գագիկ Մինասյան

Այս տարվա հունվար-հուլիսին տնտեսական ակտիվության 3 %-ը համարժեք է տնտեսական իրողություններին: Նման տեսակետ 168.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

Ի պատասխան հարցի, թե արդյոք դա բավարա՞ր է տնտեսական նորմալ առաջընթաց ապահովելու համար, նա կարծիք հայտնեց, որ այն ծրագրերը, որ կառավարությունը ներառել է բյուջեում, այս տարի կիրականացվեն:

Գ. Մինասյանը դժվարացավ հստակ ասել, թե ինչո՞վ է պայմանավորված ապրիլից ՏԱՑ-ի աճի տեմպի նվազումը. «Կդժվարանամ պատասխանել, բայց ես չեմ կարծում, որ մեր մի քանի ամիսների տնտեսական ակտիվության ցուցանիշը կարող է ազդել այն նպատակների իրականացման վրա, որ դրված է տնտեսական աճի ցուցանիշներով: Տնտեսական ակտիվության ցուցանիշը և տնտեսական աճը միշտ չէ, որ համապատասխանում են իրար, դրանք տարբեր են, և ես կարծում եմ, որ մենք տարվա արդյունքներով կունենանք այն ցուցանիշը, որ պետական բյուջեով սահմանված է: Տնտեսական ակտիվության ցուցանիշը բյուջեի նախագծով չի սահմանվում»:

Հիշեցնենք, որ թեև հունվար-հուլիսին ՏԱՑ-ը եղել է 3.0%, սակայն նախորդ ամիսների համեմատ՝ դրա աճի տեմպը նվազում է, օրինակ՝ հունվար-հունիսին այն 4.7% էր, հունվար-մայիսին՝ 5.5%, հունվար-ապրիլին՝ 6% և այլն: Նմանատիպ դինամիկա է նաև ամսական կտրվածքով 1 տարվա համեմատությամբ. եթե այս տարվա մարտին նախորդ տարվա մարտի համեմատ տնտեսության ակտիվությունն աճել էր 6.6%, ապրիլին՝ 2015-ի ապրիլի համեմատ՝ 5.7%, մայիսը՝ 2015-ի մայիսի նկատմամբ՝ 5.4%, հունիսը՝ 2015-ի հունիսի նկատմամբ՝ 1.9%, ապա այս տարվա հուլիսին արդեն նախորդ տարվա հուլիսի համեմատ անկում է արձանագրվել՝ 4.3%:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս