«Ռուս-թուրքական մերձեցումը որևէ ազդեցություն չի ունենա Ղարաբաղի հարցի վրա». Ալեքսանդր Իսկանդարյան

Ռուս-թուրքական մերձեցումը որևէ ազդեցություն չի ունենա Ղարաբաղի հարցի վրա: Նման կարծիք այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը.

«Բանակցային գործընթացում Թուրքիայի մասնակցության վերաբերյալ խոսք անգամ լինել չի կարող: ՄԽ ֆորմատը կմնա երեք համանախագահների շրջանակներում՝ Ֆրանսիա, ՌԴ և ԱՄՆ: Ովքեր զբաղվում են այս կոնֆլիկտով, մի նպատակ ունեն՝ թույլ չտալ ռազմական գործողությունների վերսկսում: Ադրբեջանն աշխատում է սպառնալ այդ ռազմական գործողություններով: ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Ռուսաստանն աշխատում են, որ դա չլինի»:

Նրա խոսքով՝ Ադրբեջանն ունի շատ լուրջ խնդիրներ, որոնցից մեկը, ըստ նրա՝ այն է, թե ինչպես անցավ ապրիլյան էսկալացիան. «Թե ինչ եղավ ապրիլին, այնտեղ լուրջ վերլուծում են, նայում կատարվածին ու ռեակցիային: Համաշխարհային խաղացողների հանձնարարությունը բարդ է: Ինչպես նշեցի՝ նրանք ցանկանում են խաղաղությունը պահել, բայց դրա համար պետք է մի բան տան Ադրբեջանին ու ինչ-որ բան ասեն, մի բան էլ Հայաստանին տան ու նրան էլ ինչ-որ բան ասեն: Երկուսն էլ դիմադրում են»:

Նա նաև շեշտեց, որ ռուս-թուրքական հարաբերությունների մասին լրիվ այլ կերպ են գրում թուրքական ու ռուսական մամուլում. «Թուրքալեզու մամուլում ընդհանրապես ռազմավարական համագործակցության մասին խոսք չկա: Գրում են հսկայական խնդիրների մասին, որոնք չեն լուծվել՝ քրդերի խնդիր, Սիրիա և այլն: Այսինքն՝ ավելի կարևոր խնդիրներ, քան Հայաստանը: Վերջինս նրանց համար երևի հարյուրերորդ տեղում է, իսկ այն, ինչ կատարվում է Սիրիայում, առաջին: Գրում են նաև վստահության բացակայության մասին, իսկ այն հարաբերությունները, որ հիմա տեսնում ենք, կարծես պարտադրված են: Պատկերացնել, որ նրանց մեջ այնպիսի համագործակցություն կլինի, որը կազդի Հարավային Կովկասի վրա, նշանակում է՝ դուրս գալ կոնտեքստից»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս