Հաագայի միջազգային դատարանն առաջին անգամ մշակույթի հուշարձանների ոչնչացման գործ է քննում

Հաագայի միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) սկսել է ծայրահեղական Ահմադ ալ Ֆաքի ալ Մահդիի գործի քննությունը, որը մեղադրվում է 2012 թվականին Մալիում մշակույթի հուշարձանների ոչնչացման մեջ, ինչը պատերազմական հանցագործություն է համարվում:

Դեռ նոր սկսված դատական լսումներն արդեն պատմական են դարձել: Նախ, մինչ այժմ ՄՔԴ-ն երբեք այդօրինակ գործեր չէր քննել եւ, երկրորդ՝ առաջին իսկ նիստի ընթացքում մեղադրյալն ընդունել է իր մեղքը, մինչդեռ նման բան չի եղել Հաագայի տրիբունալի գոյության 14 տարվա ընթացքում:

Ինչպես նշել է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը, խոստովանելով կատարածը, ալ Մահդին հայտարարել է, որ «խորապես ափսոսում է եւ տառապում» իր գործողությունների պատճառով: Նա նաեւ հորդորել է ամբողջ աշխարհի մուսուլմաններին՝ չկրկնել իր սխալները, քանի որ «դրանք ոչ մի բարիք չեն բերի մարդկությանը»:

Ալ Մահդին «Անսար ադ Դին» ահաբեկչական խմբավորման անդամ էր, որը «Իսլամական Մաղրիբի երկրներում Ալ Քաիդա»-ի ճյուղավորումն է: Մեղադրող կողմի վարկածով նա գլխավորում էր զինյալների այն խումբը, որը 2012 թվականի ամռանն ինը դամբարան քանդեց Մալիի Տիմբուկտու քաղաքում, ինչպես նաեւ տեղի մզկիթի դարպասները:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը օգոստոսի 22-ին ողջունել է Հաագայում դատավարության սկսվելը: Այդ մասին Նյու Յորքում լրագրողներին հայտնել է նրա պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: «Միջազգային քրեական դատարանն առաջին անգամ քննում է մի գործ, որն ամբողջովին նվիրված է մշակույթի օբյեկտների վրա կանխամտածված հարձակումներին, ինչը պատերազմական հանցագործություն է»,- հիշեցրել է նա:

Դյուժարիկի խոսքով՝ այդ աղմկալի դատավարությունը հասարակության ուշադրությունը կդարձնի ավելի ու ավելի տագնապալի այն երեւույթի վրա, երբ «միտումնավոր մշակութային ժառանգություն է ոչնչացվում զինված հակամարտությունների պայմաններում», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս