Համաշխարհային բլեֆ՝ Հայաստանում

Ինչպիսի՞ պետություն է Հայաստանը՝ ժողովրդավարակա՞ն, ավտորիտա՞ր, խառը՞, թե՞ որևէ այլ բնորոշման ենթակա։ Այս հարցի միանշանակ պատասխանը գտնված չէ, որովհետև այն, ըստ էության, երբևէ փնտրված էլ չի եղել։ Սահմանադրությամբ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, իշխանությունների ելույթներում՝ գերժողովրդավարական, ժողովրդավարության հայրերին գերազանցող ու համապատասխան վայրերն ուղարկող մակարդակով։

Ընդդիմության ելույթներում Հայաստանն ավտորիտար է, բռնապետական է ու հակաժողովրդավարական, միակուսակցական է ու միապետական։ Իրականության մեջ Հայաստանը ո՛չ ժողովրդավարական, ո՛չ ավտորիտար, ո՛չ էլ միապետական պետություն է։ Գուցե նաև այն պատճառով կամ, առաջին հերթին՝ այն պատճառով, որ պետություն չէ՝ ըստ էության ու պետության խորքային սուբստանցիաների բացակայության պատճառով։ Գուցե այն պատճառով նաև, որ իշխանությունը, որը տարիներ շարունակ իրեն նույնացրել է պետության հետ, պարտադրված կամ սիրահոժար զիջել է պետության, պետության անկախության բոլոր բաղադրիչները՝ պետության հետ նույնացվող իշխանությունը պահպանելու համար։ Արդյունքում՝ գրեթե չկա պետություն, կամ պետությունը գրեթե չկա, բայց կա ու շարունակում է լինել ու ցանկանում է վերարտադրվել պետությունը պետության բուտաֆորիա դարձած իշխանությունը։

Հետևաբար՝ Հայաստանում կա պետական կառավարման կարգ այնքանով, որքանով դա պահանջում է ՄԱԿ-ում ներկայացված լինելու ու տոնական օրերին գեղեցիկ ելույթներ ունենալու ու ընտրությունից՝ ընտրություն աշխարհին որևէ կերպ ներկայանալու անհրաժեշտությունը։ Ու այդ անհրաժեշտությունից ելնելով՝ իշխանությունն ընտրել է ցուցափեղկային կամ վիտրաժային ժողովրդավարության մոդելը, որը ժողովրդավարական է արտաքին ատրիբուտների, արարողակարգի, ձևի իմաստով, մի խոսքով, իսկ խորքում ժողովրդավարությունից հեռու է այնքան, որքան Առաքել Մովսիսյանը՝ Նժդեհի գաղափարախոսությունից։ Կամ որևէ գաղափարախոսությունից ընդհանրապես։

Այդ՝ վիտրաժային ժողովրդավարությունն ունի ներքին գործողության մեխանիզմ, որի հիմքում ընկած է կեղծիքը։ Իսկ այդ կեղծիքի իմաստն այն է, որ կարելի է խաբել աշխարհին, ցուցադրական ժողովրդավարությամբ լինել հակաժողովրդավարական, բարձր որակի ցուցադրության արդյունքում աշխարհից ստանալ դրամաշնորհներ, վարկեր ու այլ հատկացումներ՝ աշխարհին խաբելու գործընթացը շարունակելու համար։ Դա այն մտայնությունն է, որով ապրում, աշխատում և Հայաստանը այսօրվա վիճակին է հասցնում իշխանությունը։ Մտայնությունն այդ պայմանականորեն կարելի է կոչել «շուստրիություն»։

Իշխանությունն ապրում է այն երջանկությամբ, որ հաշմանդամների համար կառուցված հերթական թեքահարթակի բացման արարողությունից ոգևորված հարիֆ ամերիկացիներն ու «Դոլմամայում» որևէ ուսյալ պաշտոնյայի հետ Ռոդենի մասին զրույցից տպավորված նույնքան հարիֆ եվրոպացիները Հայաստանը համարում են ժողովրդավարական պետություն ու իրենց երկրներ վերադառնալով՝ գրում են հերթական պետական դրամաշնորհը հիմնավորող զեկույցը, որի արդյունքում Հայաստանի իշխանությունը ստանալու է հերթական օգնությունը՝ գործից ազատ ժամերին ժողովրդավարության ու մարդու իրավունքների համար պայքարողներին անվանելով «գրանտակերներ»։

Հայաստանի իշխանությունն ապրում է արևմտյան փողերով, բայց ռուսական, ոչ թե ռուսական, այլ պուտինյան մտածողությամբ, որը ցանկացած ընդդիմախոսի հետ վարվում է այնպես, ինչպես ժամանակին ասել է Պուտինը Գրոզնին ռմբակոծողների մասին՝ «мочить в сортире»։ Ահա և շուստրիության ողջ իմաստն ու հմայքը։

Բայց շուստրիությունը խորամանկությունը չէ ու անգամ խաբեբայությունը չէ։ Շուստրիությունը ցածր հոգեվիճակ է, որ բնորոշ է ջեբկիրներին, լավագույն դեպքում՝ քուչի խուժանին, որը շարքային թաղայինին տեսնելիս՝ դառնում է շարքային կուռկուռ։ Իսկ երբ շուստրիությունը դառնում է պետական կառավարման գաղափարախոսություն, աշխարհը պետությանը վերաբերվում է այնպես, ինչպես ոստիկանական բաժանմունքում են վերաբերվում քուչի խուժանին։ Բայց քանի դեռ դա տեղի չի ունեցել, իշխանությունը շարունակում է ապրել այն երջանկությամբ, որ կարողացել է հղանալ ու իրագործել համաշխարհային մակարդակի բլեֆ ու մնալ չբացահայտված։

Իշխանությանը թվում է, թե աշխարհին կարելի է անվերջ մոլորեցնել, ինչպես մատնոց խաղացնողի խաբված կլիենտի կամ զառ գցողի ճանկն ընկած հուսահատ մտավորականի։ Ու իշխանությանը թվում է, թե աշխարհն իսկապես մոլորվում է։ Ու այդպես թվալով՝ իշխանությանը երբեք չի թվում, որ հնարավոր է՝ աշխարհն այդպես ու այդքան մոլորվում է աշխարհաքաղաքական շահերից ու այդ շահերի համար Հայաստանը վերջնականապես ռուսական սապոգի տակ չճխլվելու անհրաժեշտությունից, և ոչ թե՝ հարիֆությունից ելնելով։ Իշխանություններին դա չի թվում ու դա չթվալով՝ չի թվում նաև, որ մի օր կարող է այդ անհրաժեշտությունը վերանալ, ու մոլորված աշխարհը կարող է թույլ տալ, որ Հայաստանի հետ տեղի ունենա Պուտինի՝ վերը նշված ոչ այնքան էսթետիկական մեջբերումը։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս