Նախաձեռնող խորհրդի բոլոր անդամներին ձերբակալել են, ազատության մեջ են միայն 4-ը

«Այստեղ եկել ենք նույն պահանջներով, նույն տեսլականով, ինչ հուլիսի 17-ից սկսած»,- այս մասին քիչ առաջ Ազատության հրապարակում հայտարարեց Հակաճգնաժամային նախաձեռնող խմբի անդամ Ալբերտ Բաղդասարյանը: Նա նշեց, որ երկար տարիներ է` Հայաստանում ընտրությունները կեղծվում են, բայց Սերժ Սարգսյանը դա կատարելության հասցրեց` դա ձևակերպելով մի խոսքով` ինչքան ուզեմ, այնքան կխփեմ: Խոսելով Սահմանադրության մասին` նա նշեց, որ կեղծվեց Սահմանադրությունը, որը Հայաստանին առաջ չի տանելու, այլ տանելու է ստալինյան ժամանակաշրջան: Նա նշեց, թե բոլորը համոզված են, որ ընտրությունների միջոցով իշխանությունը խաղաղ կփոխվի: Նրա խոսքով` միայն զենքի միջոցով էր մնացել հայերի ցանկությունը բարձրաձայնելը. «Հայ ժողովուրդը ոտքի կանգնեց «Սասնա ծռերի» կողքին»:

Նա նշեց, որ նախաձեռնող խորհրդի բոլոր անդամներին ձերբակալել են, ազատության մեջ են միայն 4-ը: Նրա խոսքով` այսօր ԱԱԾ-ն հայտարարել է «Սասնա ծռերի» տղաների վրա գրոհ սկսելու մասին, զգուշացնում են Սերժ Սարգսյանին` գրոհ ձեռնարկելու դեպքում ամբողջ Երևանը պետք է լցվի բոլոր հրապարակները: Նա նշեց, որ մեկ հարվածով ոչ մի հարց չի կարող լուծվել, տղաների ամենամեծ պաշտպանությունը ոչ հարթակից «հիստերիկ» ելույթ ունենալն է` վազենք այնտեղ, այլ խաղաղ, համառ պայքարը: «Դու Հայաստանը բաժանել ես երկու մասի, հանել ես իրար դեմ, սարքել ես ոստիկանապետություն, ոստիկաններին հանում ես ժողովրդի դեմ, հայ ազգի երկու մասերին թշնամացնում ես իրար դեմ, սարքել ես արյան թշնամի, սարքել ես հավերժ թշնամի: Դուք դա չես մարսելու, սերունդները քեզ չեն ներելու»,- դիմելով Սերժ Սարգսյանին` ասաց նա` նշելով, որ, եթե չդադարեցնի շտուրմը, վաղը կափսոսա Հայաստան գալու համար:

Տեսանյութեր

Լրահոս