Միջազգային մամուլի անդրադարձը երևանյան իրադարձություններին

Միջազգային մամուլը շարունակում է ուշադիր հետևել Երևանում տեղի ունեցող իրադարձություններին` շարունակելով տեսանյութեր, լուսանկարներ և հոդվածներ հրապարակել Երևանում երեկ գիշերը կատարված իրադարձությունների մասին:

Eurasianet.org-ը գրում է, որ երեկ ուշ երեկոյան ոստիկանական բռնություններ են ծավալվել Երևանի այն հատվածում, որտեղ գտնվել է Ոստիկանության ՊՊԾ գունդը, և միանգամից պարզ չի եղել, թե արդյո՞ք անվտանգության ուժերն այդտեղ լայնածավալ օպերացիա են անցկացնում:

«Բազմաթիվ ցուցարարներ, որոնք համակրում են զինյալներին, փորձել են ՊՊԾ գնդին մոտենալ հարակից Սարի թաղից»,- գրում է eurasianet.org-ը:

Նշվում է, որ ցուցարարների դեմ արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ են կիրառվել, ինչի հետևանքով տուժել է «Ազատություն» ռադիոկայանի 3 լրագրող. նրանք հարձակման են ենթարկվել և ծեծվել քաղաքացիական հագուստներով անձանց կողմից:

Վրացական «Գրուզիա օնլայնը» ևս հաղորդում է ռուսական Life հեռուստաալիքի օպերատորի, «Ազատություն» ռադիոկայանի լրագրողների վրա հարձակումների մասին:

Կայքը հայտնում է բազմաթիվ վիրավորների մասին և մատնացույց անում «Ազատություն» ռադիոկայանի հայտարարությունն այն մասին, որ Ոստիկանությունը մահակներով ծեծի է ենթարկել իր լրագրողներից մի քանիսին և վնասել նրանց տեխնիկան։

Արաբական  Al Jazeera հեռուստաալիքը, որն ուշադիր հետևում է «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից Ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելուց հետո ծավալված երևանյան իրադարձություններին, գրում է, թե Ոստիկանությունը բախումներ է ունեցել շենքը 13-րդ օրը գրաված պահող ընդդիմադիր խմբի հարյուրավոր համակիրների հետ:

Բազմաթիվ ցուցարարներ են վիրավորվել բախումների հետևանքով ՊՊԾ գնդի հարակից տարածքում:

Al Jazeera-ն հաղորդում է, որ վիրավորները տեղափոխվել են հիվանդանոցներ:

«Ոստիկանությունը՝ զինված վահաններով և մահակներով, կիրառել է լուսաձայնային նռնակներ ցուցարարների դեմ, որոնք վանկարկել են՝ «Ա-զատ, ան-կախ Հա-յաս-տան» և «Սերժ, հե-ռա-ցիր» (նկատի ունի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին):

Ամերիկյան ABC News-ը գրում է, որ երեկ ուշ գիշերը Երևանում տեղի ունեցած բախումներից հետո հայաստանյան իշխանությունները հայտնել են, որ 73 մարդ կարիք է ունեցել բժշկական օգնության՝ ոստիկանական ուժերի և զինյալների համակիրների բախման հետևանքով, որոնք, արդեն մոտ երկու շաբաթ է` բարիկադավորվել են Երևանում Ոստիկանության շենքում:

Նշվում է, որ ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնել է բազմաթիվ հոսպիտալացվածների մասին, ներառյալ` Ոստիկանության 6 սպայի:

Նշվում է, որ 23 ցուցարար կալանավորվել է: Բախումները սկսվել են այն բանից հետո, երբ ցուցարարները որոշել են մոտենալ ՊՊԾ գնդին, որը շրջապատված է եղել անվտանգության ուժերով:

Զինված խմբի անդամները պահանջում են ազատել ընդդիմադիր գործչին (նկատի ունի ազատամարտիկ Ժիրայր Սէֆիլյանին), որը կալանավորված է հունիսից:

Russia Today հեռուստաալիքը բազմաթիվ լուսանկարներ և տեսանյութեր է հրապարակել երեկ գիշերը Ոստիկանության ՊՊԾ գնդի հարակից տարածքում կատարվող իրադարձություններից:

Նշվում է նվազագույնը 60 վիրավորի մասին` հղում կատարելով ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Անահիտ Հայթայանին:

Հատկանշական է, որ ռուսական լրատվամիջոցները տողատակերով կամ բացահայտ փորձում են արդարացնել ոստիկանների գործողությունները: Այսպես, RIA Novosti գործակալությունը հաղորդում է, որ երեկ 165 ձերբակալված անձանցից 26-ը կալանավորվել է Երևանի հարավային հատվածում «անկարգություններից հետո»:

Ռուսական Life հեռուստաալիքը հայտնում է, թե «Ոստիկանությունը ստիպված է եղել լուսաձայնային նռնակների օգնությամբ ցրել ցույցի մասնակիցներին, որոնք անկարգություններ են կազմակերպել քաղաքի փողոցներում»:

Հիշեցնենք, որ Երևանում երեկ գիշերը տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով Life-ի հեռուստաօպերատոր Տիգրան Գասպարյանը ոտքերի հատվածում բեկորային վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց, որտեղ բժիշկները նրան անհրաժեշտ օգնություն են ցուցաբերել:

Տեսանյութեր

Լրահոս