Բաժիններ՝

ՀՔԱՎ-ը դիմում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, ԵԽ գլխավոր քարտուղարին, ԵԱՀԿ քարտուղարին, ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին, ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ղեկավարին

2016 թվականի հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը հատուկ միջոցների կիրառմամբ, ծեծով, ֆիզիկական և հոգեբանական ճնշումների կիրառմամբ կազմակերպված և լայնածավալ բռնություններ իրականացվեցին ՀՀ Ոստիկանության ուժերի կողմից, որի հետևանքով ֆիզիկական տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել 60-ից ավելի քաղաքացիներ, բերման ենթարկվել՝ 165-ը:

2008թ. մարտի 1-ից հետո ոստիկանական բռնությունները աչքի են ընկնում իրենց առանձնահատուկ դաժանությամբ, որոնք թիրախավորված կիրառվեցին Երևան քաղաքի Սարի թաղի բնակիչների նկատմամբ՝ անկախ տարիքից և սեռից: Բռնություններ են կիրառվել նաև երեխաների, կանանց նկատմամբ:

Տեղի ունեցածը գնահատում ենք որպես պետական ահաբեկչություն անզեն քաղաքացիների նկատմամբ:

Դատապարտելով ոստիկանական բռնությունները՝ կատարվածի համար անմիջական պատասխանատու ենք համարում անձամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:

Հայաստանի Հնարապետությունը, որպես Եվրոպայի խորհրդի, ՄԱԿ-ի և ԵԱՀԿ անդամ պետություն, չի պահպանել մարդու իրավունքների բնագավառում վերցրած որևէ պարտավորություն:

Դիմում ենք միջազգային, միջպետական կառույցներին՝ ԵԽ, ՄԱԿ, ԵԱՀԿ, որոնց անդամակցում է Հայաստանի Հանրապետությունը՝ անհապաղ ակտիվացնել իրենց ներկայությունը ՀՀ-ում՝ կանխելու համար իշխանությունների կողմից մարդու իրավունքների շարունակական խախտումները, ապահովելու համար ՀՀ-ում օրենքի գերակայության սկզբունքի իրականացումը, պահանջելու ՀՀ իշխանությունից՝ կատարելու մարդու իրավունքների բնագավառում վերցված միջազգային պարտավորությունները:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս