Ո՞ւր էին երեկ իրենց ղեկավարները, չկարողացա՞ն հիվանդանոց գալ, սպասել, տեսնել՝ ինչպես է տղաների վիճակը…». Գառնիկ Իսագուլյան

Պետական պահպանության գնդի տարածքում երեկ տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ 168.am-ը զրուցել է «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար, ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանի հետ։

– ՀՀ ոստիկանությունն այսօր հայտնեց, որ տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետևանքով վիրավորվել է իրավապահներից մեկը, ինչպես և Պավել Մանուկյանն ու նրա որդին՝ Արամ Մանուկյանը։ «Հիմնադիր խորհրդարանն» էլ նշել էր, թե ոստիկանները հարձակում են գործել գնդի տարածք, վիրավորվել են Պավել Մանուկյանը, Արամ Մանուկյանը, Գևորգ Իրիցյանը, և, հավանաբար, խմբի այլ անդամներ, ոստիկաններն առևանգել են Պավելին, Արամին, Գագիկ Եղիազարյանին և խմբի ևս մեկ անդամի: Ի՞նչ է տեղի ունեցել ՊՊԾ գնդի տարածքում։

– Ասեմ, որ իշխանությունների կողմից որևէ նախաձեռնություն չի եղել։ Աստված մի արասցե՝ որևէ ուժային գործունեություն ծավալվեր տղաների նկատմամբ։ Ընդհակառակը՝ եթե գիտեք, իշխանությունները բավականին մեծ համբերություն են դրսևորում և ամեն ինչ անում են, որպեսզի խուսափեն արյունահեղությունից։ Դրա մասին կարող եմ միանշանակ ասել։ Ցավոք սրտի, փոխհրաձգությունը սկսվել է տղաների կողմից (թե կոնկրետ ո՞վ է կատարել այդ պրովոկացիան, այլ հարց է), որի ընթացքում Պավել Մանուկյանը և որդին վիրավորվել են։ Իհարկե, դա ցավալի երևույթ է։

Անմիջապես առաջարկություն է արվել, որպեսզի հիվանդներին տեղափոխեն հիվանդանոց, ինչին ներսում գտնվող տղաները համաձայնել են, և տեղափոխման ժամանակ մյուս երկուսը հանձնվել են իրավապահ մարմիններին։ Նրանք տեղափոխելիս զինված չեն եղել։ Գիտեք, որ Պավել Մանուկյանն ու նրա տղան անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց։ Տղան մի ոտքից է վիրավոր, Պավել Մանուկանը՝ երկու։ Իհարկե, վիճակները բավականին ծանր է եղել, ոստիկանը, ով վիրավորվել է, միջին ծանրության վնասվածք է ստացել։ Փառք Աստծո, վիճակը հիմա ծանր, բայց կայուն է։
Պարզապես շատ կարևոր է մատնանշել հետևյալը, որ պետք է օգտվել վերջին հնարավորոթյունից, պետք է հասկանալ մի պարզ ճշմարտություն՝ տղաները պետք է գիտակցեն, որ անկախ որևէ պատճառաբանությունից, մեկնաբանությունից՝ պարտավոր են վայրկյան առաջ (ժամ առաջ ասելը բավական երկար ժամանակ է) զենքերը վայր դնել, մտնել օրինական դաշտ։

Կարդացեք նաև

Միաժամանակ անչափ կարևոր է, որ քաղաքական ուժերը, բոլոր նրանք, ովքեր դրսում են, ովքեր հավաքների ժամանակ փորձում են իրենց կոչերով ասել, որ այս տղաները մինչև վերջ գնացող են, բայց իրենք, դեռ հավաքը չավարտված, իրենց տներում հանգիստ սուրճ են խմում ու փորձում են ուղիղ եթերով նայել, թե ինչ է տեղի ունենում, հասկանան մի բան՝ իրենք չեն ներսում, ներսում այս տղաներն են, իրենց կյանքին վտանգ չի սպառնում, այս տղաների կյանքին վտանգ սպառնում է, և չփորձեն այս տղաների արյան վրա քաղաքական վարկանիշ կամ դիվիդենտ շահել։ Սա անչափ վտանգավոր է։ Ուստի, ես կոչ եմ անում նաև այդ կուսակցություններին, կուսակցությունների ղեկավարներին, անհատ քաղաքական գործիչներին, որոնց ելույթներում, ցավոք, որևէ նշմարվող դրական առաջարակ չկա՝ բացի նրանից, որ ամեն ինչ անում են, որ այդ տղաները զինված մնան այնտեղ, լարվածությունը մնա, որ իրենք կարողանան դրա արդյունքում ժողովուրդ հավաքել իրենց հանրահավաքներին։

Ինձ համար շատ տարօրինակ է, որ նոր քաղաքական ուժեր, տեսնելով, որ հասարակությունը, ժողովուրդը մի քիչ շատանում է, դրանից ոգևորված, որ շուտով գալու է կարկանդակներ բաժանելու ժամանակը, ու իրենց այդ կարկանդակներից հնարավոր է՝ չհասնի, անմիջապես հայտարարում են միանալու մասին ու կոչ են անում պայքարը շարունակել մինչև վերջ։ Նորից եմ կրկնում՝ հասնում ենք շատ վտանգավոր փուլի, և որպեսզի նոր վիրավորներ, նոր արյուն չլինի, Աստված մի արասցե, զոհ չլինի, մենք պարտավոր ենք տղաներին կոչ անել՝ վայրկյան առաջ զենքը վայր դնել, մտնել օրինական դաշտ։ Սա այն լավագույն ճանապարհն է, որից հետո կարելի է նաև հույս ունենալ, որ իշխանությունները նույնպես բարի կամք կդրսևորեն, որովհետև եթե ամեն ինչ այս ճանապարհով գնա, ապա կարելի է բարի կամքի ցանկություն հայտնել կամ իշխանություններից պահանջել, որ նրանք մեղմ վարվեն, այլապես մենք կկորցնենք նաև այդ շանսը։ Երբեք որևէ մեկը չմտածի, որ ներսում ամեն ինչին բացարձակ տիրապետող պրոֆեսիոնալներ են, դրսում՝ ոչ, և կարելի է գործողություն կատարել, որի արդյունքում մենք կարող է Հայաստանում զենքով քաղաքական հաջողությունների հասնենք։ Մենք իրավունք չունենք նման նախադեպ մեզ թույլ տալու։ Եվս մեկ անգամ խնդրանքս, կոչս՝ ներսում գտնվող տղաներին՝ վայրկյան առաջ վա՛յր դրեք զենքը և մտե՛ք օրինական դաշտ։ Դրվում են սարսափելի կոչեր՝ գնալ, ջարդել, սպանել։

Միայն այս փաստը բավական է, որ այդ մարդկանց դեմ քրեական գործ հարուցվի, բայց իշխանությունները ևս դեռևս համբերում են։ Ես նորից ու նորից կոչ եմ անում տղաներին՝ վա՛յր դրեք զենքը, մտե՛ք օրինական դաշտ, մասսա տեսնող-ոգևորվող քաղաքական գործիչներին՝ մի՛ ոգևորվեք և մի՛ փորձեք ձեր ամբողջ ճանապարհը կառուցել այս տղաների արյան վրա։ Եթե վստահ եք, որ ձեզ ընդունող, հասկացող, ձեր ետևից եկող մասսա կա, ապա մի՛ վախեցեք՝ եթե ունեք այդ վարկանիշը, հարցի խաղաղ կարգավորումից հետո էլ մասսաները կգան ձեր ետևից, իսկ եթե այդ մտավախությունն ունեք, և բոլորդ արյուն եք ուզում, որ այդ արյան վրա ինչ-որ բան կառուցեք, ապա ամբողջ մեղքը ձեզ վրա է մնում։

Եկեք օգտագործենք այն հանգամանքը, որ թե հանրապետության նախագահը, թե ուժային կառույցների ղեկավարները, թե մյուսները, ովքեր դույզն-ինչ շահագրգռված են այս հարցում, ամեն ինչ անում են, որ հարցը խաղաղ հանգուցալուծում ստանա։ Խնդրում եմ՝ մեզ նոր վիրավորներ պետք չեն, առավել ևս՝ չգնանք նրան, որ զոհ ունենանք, բայց հասկացեք՝ այդ կերպ հարցեր չեն լուծվի։

Սա իմ խնդրանքն է, կոչը՝ առաջին հերթին՝ տղաներին, երկրորդ հերթին՝ դրսում նրանց ոգևորողներին։ Իշխանություններին խնդրում եմ (պետք է հասկանանք, որ ժամկետը սեղմում է, և այս վիճակն այսպես հավերժ պահել անհնար է), որ իրենք դեռևս համբերություն դրսևորեն, փորձեն տուրք չտալ ներսից ստեղծվող պրովոկացիաներին, որովհետև ես գոնե շատ լավ տեղյակ եմ՝ այդ պահին, երբ ամեն ինչ խաղաղ էր, ուժայիններից որևէ մեկը որևէ բան չէր մտածում, հանկարծ սկսվեցին կրակահերթեր։ Եվ պարզապես այն մարդիկ, ովքեր պատասխանատու են, անակնկալի եկած, թե ինչ է տեղի ունենում, պարզվեց, որ պրովոկացիա է եղել, և հավատացեք՝ ուժայինները ստիպված են եղել դիմել համապատասխան միջոցառման։ Բայց նորից եմ կրկնում՝ ամեն ինչ արված է, և կա հանրապետության նախագահի հստակ ցուցումը՝ ամեն ինչ անել, որ զոհեր չլինեն, բայց խուսափել գոնե այս կարգի ելքերից, նույնպես հնարավորություն կա, եթե այդ տղաներն անսան մեր խնդրանքներին, առաջարկություններին, կոչին և վայրկյան առաջ վայր դնեն զենքը։

– Նշեցիք, որ երկուսը հանձնվել են իրավապահներին։ Խոսքը Գագիկ Եղիազարյանի և Արամ Հակոբյանի՞ մասին է։

– Այո՛։

– Իրենք և՞ս վիրավորվել են։

– Ո՛չ, իրենք վիրավոր չեն։ Ասում եմ այն, ինչ լսել եմ՝ երբ վիրավորներին՝ Պավելին և որդուն, տեղափոխել են, դրանից հետո ետ չեն վերադարձել տղաների մոտ։ Նկատի ունեմ՝ բերել, հանձնել են և մնացել են իրավապահ մարմինների մոտ։

– ՊՊԾ գնդում հիմա ի՞նչ իրավիճակ է։

– Ես օպերատիվ ինֆորմացիայի այս պահին չեմ տիրապետում, բայց մի բան կարող եմ հստակ ասել՝ իրենց ամեն կերպ զգուշացվել է, հորդորվել է, խնդրվել է, որ որոշակի բաներից խուսափեն, խուսափեն ուժային գործողություններից, խուսափեն պետական գույքը փչացնելուց։ Գիտեք՝ արդեն 4 ավտոմեքենա այրվել է. լավ, ավտոմեքենաներն ինչո՞ւ են այրում, ի՞նչ նպատակ է դա հետապնդում, իսկ մյուս հարցերը պետք է լուծել հընթացս։ Բայց նորից եմ կրկնում՝ շատ կարևոր է տղաների բարի կամքը՝ զենքերը վայր դնելու և իրավական, օրինական դաշտ մտնելու։

– Այս ընթացքում բանակցություններ ընթանո՞ւմ են։

– Իշխանություններից որևէ մեկը չի վարանում բանակցություններից, բայց դա չի նշանակում, որ ներսից պիտի թելադրվի, թե ինչ ձևով, ինչ մեթոդներով և ումով պետք է դա արվի, որովհետև իրենք խախտել են սկզբնական պայմանավորվածությունը։ Ինձ համար շատ անհասկանալի ու անընդունելի է, որ դրսից ինչ-որ մարդիկ սկսեցին բանակցությունները հրաշալի վարող Վիտալի Բալասանյանի նկատմամբ կեղծիք ու սուտ տարածել ՝ փորձելով վարկաբեկել մի մարդու, որի եթե ոչ մի արժանիքը չեն ուզում գնահատել, քառօրյա պատերազմում նրա կատարածը բոլորն անգիր գիտեն։

Իրենք տեսնում էին, որ Վիտալի Բալասանյանը հրաշալի տանում էր բանակցությունները, և դա ավարտվելու էր խաղաղ ելքով, այսինքն՝ տղաները վայր կդնեին զենքը։ Նրանց երևի դա դուրս չեկավ, նրանց արյուն էր պետք, և սկսեցին նման ստահոդ լուրեր տարածել, որովհետև ես մինչև այսօր չեմ կարողանում հասկանալ, թե ինչն է նրանց նպատակը։ Ուստի ասեմ, որ իրենց կողմից թելադրվող պայմաններին որևէ մեկը չի պատրաստվում գնալ, բայց իշխանություններն ամեն վայրկյան պատրաստ են՝ եթե նրանց կողմից ցանկություն կա, բանակցություններ վարել՝ զենքը վայր դնելու և օրինական դաշտ մտնելու համար։

Ես նույնիսկ խուսափում եմ օգտագործել «հանձնվել» բառը, չեմ ուզում որևէ կողմը հաղթող կամ պարտվող լինի… Բոլորս պիտի հաղթենք, իսկ բոլորիս հաղթանակն այն է, որ ամեն ինչ մտնի օրինական դաշտ. դա նշանակում է՝ տղաները զենքերը պետք է վայր դնեն՝ կամովին, քանի դեռ բարի կամքը կա, վայրկյան առաջ։ Սա գուցե թե վերջին հնարավորություններից մեկն է, որ կարելի է օգտագործել։ Եկեք չխուսափենք և անպայման գնանք այդ տարբերակին։

 – Այս իրավիճակը որքա՞ն կարող է շարունակվել։ Տղաների մի մասը շարունակում է մնալ գնդի տարածքում, երեկ էլ ԱԱԾ-ն նշեց, որ ստիպված է լինելու ձեռնարկել կոնկրետ իրադրությամբ թելադրված ավելի կոշտ միջոցներ:

– Կարծում եմ՝ իմ խոսքերում շատ հստակ ասում եմ՝ եկեք օգտագործենք վերջին հնարավորությունը, եկեք հասկանանք, որ իսկապես սա երկար հանդուրժել չի կարելի։ Հարևան տների բնակիչներն ի՞նչ մեղք ունեն, որ լքել են իրենց տները։ Քաղաքի կենտրոնն է սա՝ Երևանի կենտրոնը։ Զինված մարդիկ են, թեկուզ օդ կրակած փամփուշտը կարող է դիպչել երեխայի, փամփուշտն անհետ չի կորչում։ Սա երկար հանդուրժել չի կարելի։ Բնակիչները վերջապես պիտի իրենց տները գնան։ Պետք է հասկանալ, որ այս մեթոդով քաղաքական ինչ-որ բանի հասնել անհնար է։ Սա պետք է գիտակցեն և՛ տղաները, և՛ դրսում նրանց ոգևորողները։ Շատ կարևոր է։ Ո՞ւր էին երեկ. լավ, ղեկավարները չկարողացան գալ այնտեղ, իսկ հիվանդանոց գալ, սպասել, տեսնել, թե ինչպես է տղաների վիճակը… Բա այնտեղ ինչո՞ւ չէին եկել։ Երևի հանգիստ ննջել էին, շատերը գուցե միայն առավոտյան են իմացել, թե ինչ է տեղի ունեցել։

– Հանձնվելու դեպքում ի՞նչ է տեղի ունենալու։

-Ամեն ինչ կկատարվի այն կերպ, ինչպես խոստացել է հանրապետության նախագահը՝ չի լինելու որևէ անձնական վրեժխնդրություն, ամեն ինչ արվելու է Սահմանադրության և օրենքների շրջանակներում։ Չեմ կարծում, որ տեղին է սրանից ավելի որևէ բան ասել։

Տեսանյութեր

Լրահոս