Դավիթ Բաբայանը` սահմանին տիրող վիճակի մասին

ԼՂՀ պաշտպանության նախարարության հրապարակած տվյալների համաձայն` հուլիսի 24-ի լույս 25-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 28 անգամ, որի ընթացքում հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է շուրջ 300 կրակոց:

168.am-ի հետ զրուցում, անդրադառնալով սահմանային վիճակին, ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն ասաց.

«Պետք է ոչ թե բացարձակ թվերով վերլուծենք, այլ համեմատական պատկերը ստանանք: Եթե համեմատենք վերջին 2.5, նույնիսկ 3 տարվա հետ, ապա խախտումների քանակը շատ ավելի քիչ է: Բայց հաշվի առնելով, որ ապրիլյան պատերազմից հետո եղել է մի պահ, երբ խախտումների քանակը նվազել էր (ոչ թե զրոյականի էր հասցվել, բայց մի քանի անգամ էին խախտում), հիմա տեսնում ենք, որ կարծես թե քանակը մեծանում է: Սակայն, կրկնում եմ, թերևս անհամեմատելի է նրա հետ, ինչ եղել է քառօրյա պատերազմից առաջ:

Բայց այս խախտումների քանակի աճը ես չեմ կապում երևանյան դեպքերի հետ: Ընդհանրապես հիմնական հիմքն այն է, որ Ադրբեջանն ահաբեկչական, ֆաշիստական պետություն է: Այդ պատճառով այդպես է վարվում: Բացի դրանից` պետք է գումարել նաև Ադրբեջանում սկսված սահմանադրությունը վերանայելու քաղաքական գործընթացը: Գիտեք, այնտեղ կարծես թե արդեն սկսվել է «թագաժառանգի օպերացիան», երբ կլանը պատրաստվում է ապագա առաջնորդին կամաց-կամաց ներառել քաղաքական դաշտ: Դրա համար փոխում են Սահմանադրությունը»,-ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս