Բաժիններ՝

«Վալերի Օսիպյանն ապշած էր մեր վերաբերմունքից». Պավել Մանուկյան

Այսօր Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի շենքի տարածքում «Սասնա ծռեր» զինյալ խմբի կողմից կազմակերպված ասուլիսի ժամանակ 168.am-ը Պավել Մանուկյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս որոշվեց բաց թողնել պատանդներին՝ Վալերի Օսիպյանին և մյուսներին: Ի պատասխան՝ նա ասաց, որ նրանք պատանդներ չէին:

«Իսկ ինչո՞ւ բաց չթողնեինք, ի՞նչ էր արել էդ մարդը, մեր պայքարը նրա դեմ չէր, ավելի վերևը, մենք երբեք մարմինը որպես վահան չենք օգտագործել»,- նշեց Պ. Մանուկյանը:

Անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս են իրենք վերաբերվել իրենց մոտ գտնվող ոստիկաններին՝ Պ. Մանուկյանն ասաց, որ վերաբերվել են այնպես, ինչպես հարազատ եղբայրներին կվերաբերվեին, նույնիսկ՝ Վալերի Օսիպյանին.

«Պարոն Օսիպյանն ապշած էր, և ես կարծում եմ՝ ինքն այստեղից հետո երկար տարիներ կփորձի հասկանալ՝ ի՞նչ է ներկայացնում հայոց ժողովուրդը»:

Խոսելով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության մասին, թե ղեկավարելու է իշխանափոխության պայքարը՝ Պ. Մանուկյանն ասաց.

«Ոչ, այս անգամ ժողովուրդն ինքն է ղեկավարելու, մենք թույլ չենք տալու, որ ժողովրդին խաբեն»:

Մեր ճշտող հարցին, թե՝ անգամ Նիկոլ Փաշինյանի՞ն չեք վստահում, Պ. Մանուկյանն այսպես արձագանքեց.

«Անգամ անգամներին թույլ չենք տալու, 25 տարի մեր ժողովրդին խաբել են, բռնաբարել են նրա սերը»:

Լրագրողներից մեկի այն հարցին, թե Ձեզ Սերժ Սարգսյանն առաջարկել է զենքերը վայր դնել, մտածե՞լ եք այդ մասին՝ Պ. Մանուկյանն ասաց, որ հիմա ինքն է առաջարկում Ս. Սարգսյանին զենքերը վայր դնել:

Խոսելով ՊՊԾ գնդում գտնվող մեծ քանակությամբ զենքի և այնտեղի պայմանների մասին՝ Պ. Մանուկյանն ասաց.

«Օ՜, ինչ պայմաններ, ինչ համազգեստ, ստեղի շվայտ ու ցոփ կյանքը, այնտեղի մեր զինվորի… Այս բոլորը նրանցն է»,- ասաց նա՝ ցույց տալով իր շորերը:

Նա ասաց, որ այսօր գունդ են այցելել նաև զինված խմբի անդամ այն տղաների ծնողները, որոնք օրեր առաջ ասուլիսում հայտարարել էին, թե իրենց որդիներին առանց իրենց կամքի են այնտեղ տարել: Պ. Մանուկյանի խոսքով՝ այդ ծնողներից ոմանք անգամ ցանկություն հայտնեցին մնալ իրենց հետ՝ նույն տարածքում:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս