Բաժիններ՝

«Այս վիճակով այլևս անհնարին է ապրել». Սարգիս Գրիգորյան

Քիչ առաջ դերասան Սարգիս Գրիգորյանը Facebook-ի իր էջում էմոցիոնալ և անկեղծ տեսաուղերձ է հրապարակել, որը վերաբերում է «Հիմնադիր խորհրդարանի» և «Սասնա ծռեր» խմբի զինված անդամների կողմից Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի շենքը գրավելուն, բողոքի ակցիաներին, Հայաստանում ստեղծված ներքաղաքական վիճակին: Այս կապակցությամբ 168.am-ը զրուցել է դերասանի հետ:

– Սարգիս, ինչո՞ւ ցանկացաք ձեր խոսքը մարդկանց ուղղել սոցցանցում տեղադրված տեսաուղերձի միջոցով, քանի որ թեման ու ժամանակը կարծես պատահական չեն ընտրված:

– Պոռթկում էր, ահավոր նյարդային էի, տեղս չէի գտնում: Այնպիսի տպավորություն է, թե Հայաստանը դրսից և ներսից պատերազմի մեջ է: Որպես հայ մարդ, որպես այս երկրի քաղաքացի՝ սրտացավ եմ: Անկեղծ, ուզում էի գոռալ… Հետո որոշեցի, որ պետք է խոսեմ, պետք է կիսվեմ ինչ-որ մեկի հետ: Ահավոր հիասթափված էի ամեն ինչից, երկու գիշեր է՝ չեմ կարողանում քնել: Երկրի օդը լավը չէ, խեղդվում եմ, ինտուիցիաս լավ բաներ չի հուշում:

– Ի՞նչն է ձեր այսքան մեծ հիասթափության պատճառը:

– Գիտեք, պատճառների մասին չեմ էլ ուզում խոսել: Ամեն ինչ պարզից էլ պարզ է: Բոլորին էլ պարզ է:

– Դուք ի՞նչ ելք եք առաջարկում:

– Եթե մարդ չի կարողանում իր առջև դրված խնդիրները, իր վրա դրված պարտականությունները կատարել, եթե տղամարդը չի կարողանում իր ընտանիքը ղեկավարել, կամ մարդ չի կարողանում հայրենիքը ղեկավարել, ուրեմն պետք է հրաժարվել դրանից: Տղե՛րք, դուք չեք կարողանում այս երկիրը տնօրինել, ինչքա՞ն կարելի է:

Թողեք՝ ուրիշը գա: Այդ մասին լսում են ձեր զավակները, հարազատները, ամոթից գլուխները կախում են: Նման վիճակով որքանո՞վ է ճիշտ պահել սեփական իշխանությունը: Այս երկրում էլ մարդ չմնաց, բոլորը գնում են: Իմ բոլոր ընկերները գնացել են, մենակ եմ մնացել: Վաղվա օրն անորոշ է, չես հասկանում՝ ինչ է կատարվում: Ո՛չ գիտենք՝ հողերն ուզում են տալ, ո՛չ գիտենք՝ հողերը չեն ուզում տալ, ո՛չ գիտես` տղերքին ձերբակալելու են, ո՛չ գիտես՝ հաղթանակել են:

Աշխարհում ամենավտանգավոր բանն անորոշությունն է, որը քաոսի է հանգեցնելու երկիրը, ինչին ծափահարելու է միայն Ալիևը: Անորոշությունը ձեռնտու է միայն թշնամուն: Այս վիճակով այլևս անհնարին է ապրել: Մարդիկ պետք է իմանան իրենց վաղվա օրը, որ պատրաստ լինեն՝ գոնե եղան վերցնեն իրենց ձեռքը, զենքի մասին դեռ խոսք չի գնում, որ հասցնեն պաշտպանել իրենց երեխաներին:

Հնարավոր չէ այսպես ապրել, երբ կողքիդ բոլորը տխուր են: Ի՞նչ անեմ, գնա՞մ էս երկրից:
Ցավն այն է, որ իշխանության մեծ մասն այս հայրենիքի համար կռված տղերք են, միայն համալսարան ավարտած քաղաքական գործիչներ չեն, այլ գնացել են իրենց կյանքն են դրել երկրի ապագայի համար, կռվել են, աղոթել են ու ցանկացել են բարեկեցիկ Հայաստան տեսնել: Այդ մարդիկ, որ ժամանակին կռվել են, ինչի՞ են այնպես անում, որ այս ազգը փախչի երկրից:

– Արտագաղթի պատճառը, ըստ ձեզ, ոչ միայն սոցիալականն է, այլ ավելի շատ հոգեբանակա՞ն է:

– Գնում են բոլորը՝ հարուստները, աղքատները: Խնդիրը փող աշխատելը չէ: Ցուրտ ու մութ տարիներին մեծ մասը մնաց: Օրեր առաջ քաղաքից դուրս էի գնացել, ճանապարհին միայն դատարկված գյուղեր են, մնացել են միայն ծերերը: Սա մտահոգիչ է: Մարդիկ պետք է աշխատանք ունենան, գոնե պատերազմում գիտես, որ գնում ես, գուցե վաղը մեռնես, հիմա չգիտես վաղվա օրդ:

– Այն մարդիկ, որոնք գրավել են ՊՊԾ գնդի շենքը, նույնպես ազատամարտիկներ են:

– Դա է ողջ թյուրիմացությունը: Գուրգեն Մարգարյանին սպանողն Ադրբեջանում հերոս դարձավ, իսկ մեզանում ազատամարտիկների մեծ մասը բանտում է: Պետք է հասկանանք սրա պատճառը: Սարոյանն է ասել դեռ ժամանակին, որ «ինչ-որ մի տեղ ինչ-որ մի բան սխալ է»: Ո՞վ է այս ամենն ուզում: Ո՞ւմ ենք մենք նեղություն տվել: Մենք միշտ Ռուսաստանի կողքին ենք եղել, եթե իրենք են սրա մեղավորը… Ինչո՞ւ պետք է կանգնենք քաղաքացիական պատերազմի շեմին: Խնդրում եմ բոլորին, սա ո՛չ հարստություն կուտակելու, ո՛չ էլ բիզնեսի հարց է, սա ազգի խնդիր է: Ոչ ոք սրանից չի շահի, թե ո՞ւմ է սա ձեռնտու, չգիտեմ, բայց սա ոչ մի հայի ձեռնտու չէ: Մենակ աննորմալին է ձեռնտու:

– Ձեր կարծիքով՝ ինչո՞վ կվերջանա զինված խմբի կողմից ՊՊԾ գնդի գրավումը:

– Չեմ պատկերացնում: Ամեն ինչ պայթյունավտանգ է: Ադրբեջանցիները կարող են այս ամենից օգտվել: Ժողովուրդը մեղք է: Սա այն հարցն է, որի լուծմամբ պետք է շահագրգիռ լինի թե´ իշխանությունը, թե´ ընդդիմությունը: Բոլորը պետք է հասկանան, որ այսպես ապրել այլևս անհնար է: Բոլորը պետք է մտահոգվեն, որ երկիրն է կործանվում:

ԿԱՐՄԵՆ ՂՈՒԿԱՍՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս