Բաժիններ՝

Հայաստանի մարզերից և Արցախից 12 աշակերտ կրթաթոշակ կստանա՝ JUST DILIJAN IT! ամառային կրթական ծրագրերին մասնակցելու համար

Հայաստանի մարզերից եւ Արցախից 14-16 տարեկան 12 դեռահասներ կրթաթոշակ կստանան՝ JUST DILIJAN IT! ամառային կրթական՝ UWC Summer Academy ծրագրին մասնակցելու համար:

Կրթաթոշակները տրամադրվում են JUST DILIJAN IT! ամառային կրթական ծրագրի եւ «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի կողմից՝ նպատակ ունենալով հատկապես մարզերի երեխաներին հնարավորություն տալու մասնակցել UWC Դիլիջանի քոլեջում անցկացվելիք ծրագրին:

Կրթաթոշակ ստանալու համար Հայաստանի բոլոր մարզերից եւ Արցախից 170 հայտ էր ներկայացվել: Ստեղծված հատուկ հանձնաժողովի կողմից հայտերը մանրակրկիտ ուսումնասիրվել են, անցկացվել է հարցազրույց թեկնածուների հետ, որի արդյունքում ընտրվել են 12 լավագույնները:

«Ընտրությունը բավականին բարդ էր, քանի որ մեծ թվով հայտեր էինք ստացել ու թեկնածուներն ուժեղ էին: Փորձեցինք ընտրել լավագույններին՝ հնարավորինս ընդգրելով բոլոր մարզերն ու Արցախը: Համոզված եմ, որ դասընթացները շատ օգտակար կլինեն երեխաների համար եւ նոր հնարավորություն կբացեն նրանց առջեւ: Մեր կարծիքով՝ փորձը հաջողված է, եւ մտադիր ենք հետագայում ավելի մեծ թվով երեխաների կրթաթոշակներ տրամադրել ու ընդլայնել մասնակցության շրջանակը»,- ասում է ծրագրի ղեկավար Անդրեյ Խոջիկյանը:

Կարդացեք նաև

«JUST DILIJAN IT!» ամառային ծրագրաշարը բաղկացած է նորարարական հեղինակային դասընթացներից, որոնք վերաբերում են բնական ու հումանիտար գիտություններին, օտար լեզուներին, արվեստին, ճարտարապետությանը, գրականությանը, թատրոնին եւ գործարարությանը: Դասընթացներին մասնակցում են երեխաներ տարբեր երկրներից:

14-16 տարեկան դեռահասների համար նախատեսված՝ UWC Summer Academy ծրագրի շրջանակում կկազմակերպվեն առաջնորդության եւ սոցիալական ձեռներեցության ոլորտին վերաբերող նախագծային մենեջմենթի դասընթացներ, որոնք կազմակերպվում են միջազգային՝ Big Brothers Big Sisters կրթական նախագծի հետ համատեղ:

JUST DILIJAN IT ամառային ծրագրերը կազմակերպվում են Scholae Mundi Armenia բարեգործական հիմնադրամի կողմից, որի հիմնադիրները նաեւ UWC Դիլիջան քոլեջի համահիմնադիրներն են:
 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս