«Ձևավորվում է մի քառանկյուն, որն ուղղակի սպառնալիք է դառնում Հայաստանի շահերի համար…». Սարո Սարոյան

Ինչպես հայտնի է, Ազգային ժողովում վավերացվեց 2015 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը:

168.am-ի հետ զրույցում Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) փորձագետ Սարո Սարոյանը նշեց, որ համաձայնագիրը կարող է գնահատել միայն մեր քաղաքական անվտանգության տեսանկյունից:

«Այդ տեսանկյունից կարող եմ ասել, որ սա միակողմանի շահերի վրա հիմնված պայմանագիր է: Այս համաձայնագրի միջոցով Ռուսաստանը տարածաշրջանում լուծում է իր քաղաքական խնդիրները: Հայաստանն այս համաձայնագրից չի ստանում քաղաքական որևէ շահաբաժին: Ընդհակառակը՝ սահմանափակվում է այլ տերությունների հետ գործընկերային հարաբերություններ հաստատելու նրա հնարավորությունը»,- նշեց մեր զրուցակիցը:

Նրա խոսքով՝ այն վիճակում, որ գտնվում է Հայաստանը, նման համաձայնագրերը ծառայում են տերությունների, տվյալ դեպքում՝ Ռուսաստանի շահերին: Նա նկատեց, որ պատերազմի վտանգը, Հայաստանի թշնամական հարևանությունը «հնարավորություն են ընձեռում Կրեմլին նման համաձայնագրերը դարձնել քաղաքական առևտրի առարկա Թուրքիայի, Ադրբեջանի, արևմտյան տերությունների հետ հարաբերություններում»:

Կարդացեք նաև

«Այսօր Հայաստանի հարցում Թուրքիան, Ադրբեջանը որևէ ձևով այնպիսի կաղապարների մեջ չեն առնված, որպեսզի փորձեն մեզ հետ քիչ թե շատ տանելի հարաբերություններ հաստատել: Սակայն նման համաձայնագրերի միջոցով կաշկանդված են լինում հենց Ռուսաստանից, և այդ իսկ պատճառով կոնկրետ Հայաստանի շահերի նսեմացմանը կամ չեզոքացմանը վերաբերող հարցերում շահագրգռված են լինում Ռուսաստանի հետ բանակցել: Այդպես Հայաստանի շահերը դառնում են առևտրի առարկա ռուս-թուրքական, ռուս-ադրբեջանական և այլ հարաբերություններում: Հիմա կարելի է ամպագոռգոռ հայտարարություններ անել, թե այս համաձայնագրով մեր երկինքն առավել ապահով է դառնում՝ իրականում, սակայն, կորցնելով քաղաքական այն լծակները, որոնք պատերազմը բացառող մեր երաշխիքներն էին մնում մինչ այժմ»,- կարծում է վերլուծաբանը:

Ս. Սարոյանը կարծում է՝ ռուս-թուրքական հարաբերությունների մերձեցումը պայմանավորված է տարածաշրջանում որոշակի երկրների՝ Թուրքիայի, Իսրայելի, Ադրբեջանի, Ռուսաստանի փոխլրացնող շահերով:

«Վերջին շրջանում Մերձավոր Արևելքում այդ երկրների հնարավորությունները բավական նսեմացված կամ կաշկանդված էին, որը որոշակի դիսբալանս էր ստեղծել տարածաշրջանում: Թուրքիան քաղաքական լիարժեք պարտություն էր կրել Սիրիայում և քրդական ճակատում, Իսրայելը շատ դյուրագրգիռ էր դարձել, հատկապես՝ Իրանի՝ Մերձավոր Արևելքում ունեցած հաջողություններից, Ադրբեջանն այլևս Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է և Արևմուտքի հետ ունեցած բարդ խնդիրներում ստիպված է ապավինել միայն Թուրքիային ու Ռուսաստանին, իսկ Ռուսաստանն ուկրաինական դեպքերից հետո, բացի սիրիական խնդրից, ի հաշիվ պաշտոնական Անկարայի հետ սիրախաղի, Արևմուտքի հետ փոխպայմանավորվածությունների կայացման նոր հարթակի կարիքն ունի»,- նշեց Ս. Սարոյանը:

Ըստ նրա՝ արդյունքում տեսնում ենք, որ մի կողմից՝ սերտանում են թուրք-իսրայելական, իսկ մյուս կողմից՝ թուրք-ռուսական հարաբերությունները: Վերլուծաբանի խոսքով՝ քանի որ թուրք-ադրբեջանական, իսրայել-ադրբեջանական և ռուս-իսրայելական հարաբերություններն ավանդաբար գերազանց վիճակում են եղել, ուստի այսօր ռուս-թուրքական հարաբերությունները պետք է դիտարկել մի շատ ավելի լայն համատեքստում:

«Ձևավորվում է մի քառանկյուն, որն ուղղակի սպառնալիք է դառնում Հայաստանի շահերի համար: Մենք շատ լավ գիտենք, թե որքան վտանգավոր են ռուս-թուրքական մերձեցումները: Սակայն, ինչպես կարելի է նկատել իմ խոսքից, այսօր շատ ավելի վտանգավոր վիճակ է ստեղծվում Հայաստանի համար՝ կապված դեռևս ծխացող Քառօրյա պատերազմի, աշխարհում Հայոց ցեղասպանության ճանաչման նոր փուլի սկզբնավորման և այլնի հետ: Այս վիճակը պետք է ահազանգ դառնա, որպեսզի Ղարաբաղյան խնդրում մենք ավելի կոշտ դիրքորոշում որդեգրենք: Հուսով եմ, հայությունն այլևս չի տառապում այն հիվանդությամբ, երբ վտանգների դեպքում ոչ թե ադեկվատ կոշտության էր նա գնում, այլ սկսվում էր սեփական տարածքների ու շահերի հանձնման շքերթը քաղաքական դաշտի փոքր ու մեծ խաղացողների կողմից»,- եզրափակեց Ս. Սարոյանը:

Տեսանյութեր

Լրահոս