Հայաստանն ու Միացյալ Նահանգներն ունեն համագործակցության հարուստ օրակարգ. Հովիկ Աբրահամյան

ՀՀ կառավարությունը մեծապես կարևորում է Հայաստանի տնտեսության մեջ ամերիկյան ներգրավման ընդլայնումը, և լիահույս է, որ երկկողմ տնտեսական համագործակցությունը կթևակոխի նոր փուլ: «Արմենպրես»-­ի հաղորդմամբ՝ այդ մասին Հայաստանում ԱՄՆ դեսպանությունում տեղի ունեցած ԱՄՆ Անկախության օրվան նվիրված միջոցառման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Կառավարության ղեկավարն ընդգծեց, որ այսօր Հայաստանն ԱՄՆ­-ի հետ ունի համագործակցության հարուստ օրակարգ` երկխոսություն միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցերով, սերտ համագործակցություն տնտեսության և ժողովրդավարության զարգացման, պաշտպանության և էներգետիկ ոլորտներում: «Հայ­ամերիկյան համագործակցությանը մեծապես նպաստում են նաև ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցները, ովքեր ոչ միայն իրենց ներդրումն են ունենում Միացյալ Նահանգների քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում, այլև անգնահատելի ավանդ ունեն մեր երկու ժողովուրդների միջև բարեկամության հաստատման և ամրապնդման գործում»,­- ասաց վարչապետը:

Նրա խոսքով՝ ՀՀ իշխանությունները մեծապես կարևորում է Միացյալ Նահանգների հետ բարեկամությունը, և ուրախ են, որ համատեղ ջանքերով երկկողմ գործընկերությունը բարձրացրել ենք որակապես նոր մակարդակի: «Ամերիկյան ժողովուրդը խորապես արժևորում է այս տոնը, քանի որ ոչ միայն նվաճել է իր անկախությունը գաղութատիրական կարգերի դեմ պայքարելով, այլև կիսում է այն արժեքները, որոնք նշված են ԱՄՆ Անկախության հռչակագրում: Այդ արժեքները համամարդկային են և կարևոր էին ոչ միայն 240 տարի առաջ, այլ նաև այժմ: Հայ ժողովուրդը ևս իր անկախության հռչակումը սկսել է այդ սկզբունքներին հավատարմություն հաստատելով: Մենք երախտապարտ ենք ԱՄՆ կառավարությանը և ժողովրդին՝ Հայաստանի անկախացումից ի վեր ցուցաբերած մարդասիրական և տեխնիկական անգնահատելի օժանդակության համար»,-­ նշեց Հովիկ Աբրահամյանը՝ հիշեցնելով, որ ԱՄՆ առաջին երկիրն է, որ դեսպանություն է հիմնել Հայաստանում և արդեն 25 տարի շարունակվում է հայ­ամերիկյան միջպետական համագործակցությունը:

Տեսանյութեր

Լրահոս