Ինքնորոշման իրավունքի դեմ ուժի կիրառումը Հելսինկյան եզրափակիչ ակտի և ԵԱՀԿ հանձնառությունների կոպիտ ոտնահարում է. ՀՀ ԱԳՆ

Վիեննայում հունիսի 28-30-ն անցկացվել է ԵԱՀԿ 2016թ. Անվտանգության վերանայման տարեկան կոնֆերանսը, որին մասնակցել է ՀՀ պատվիրակությունը ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի գլխավորությամբ:

Կոնֆերանսի բացման նիստում ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը ողջունել է գլխավոր բանախոս՝ 1996թ. Նոբելյան մրցանակի դափնեկիր և Արևելյան Թիմորի նախկին նախագահ Ժոզե Ռամուշ-Օրթային, ով իր ելույթում ներկայացրել էր ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման անհրաժեշտությունը՝ որպես մարդու իրավունքների պաշտպանության հիմնարար և համընդհանուր սկզբունք։ Փոխնախարար Հովակիմյանը շեշտել է, որ ինքնորոշման իրավունքի դեմ ուժի կիրառումը Հելսինկյան եզրափակիչ ակտի և ԵԱՀԿ հանձնառությունների կոպիտ ոտնահարում է, և որ ԵԱՀԿ մասնակից երկրների կողմից ստանձնա ծ հանձնառություններն ու սկզբունքները չպետք է դառնան տարընթերցման առարկա, այլ պետք է լիարժեքորեն իրականացվեն: Որպես առաջնային սկզբունք առանձնացվեց ուժի չկիրառումը, որի վրա էլ խարսխված է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը:

Աշոտ Հովակիմյանն ընդգծել է, որ ուժի կիրառումը չի կարող արդարացում ունենալ, հատկապես այն հակամարտությունների համատեքստում, որոնց կարգավորման շուրջ ընթանում են համաձայնեցված ձևաչափով բանակցություններ։ Փոխնախարար Հովակիմյանը հատուկ ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը պետք է խստորեն դատապարտվի միջազգային հանրության կողմից: Կարևորվել է 1994-1995թթ. զինադադարի եռակողմ անժամկետ համաձայնագրերի հարգումը, միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծումը, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնումը, ինչպես նաև մատնանշվեց, որ ադրբեջանական կողմի հայտարարությունները չեն վկայում խաղաղ կարգավորման համար պայմաններ ստեղծելու և ուժի հետագա կիրառումը բացառելու Ադրբեջանի մտադրության մասին:

ՀՀ փոխարտգործնախարարը ելույթ է ունեցել նաև ԵԱՀԿ տարածաշրջանում Հակամարտությունների իրավիճակների անվտանգության հարցերին նվիրված նստաշրջանում: Աշոտ Հովակիմյանն իր ելույթում նշել է, որ Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը լուրջ վտանգ է հանդիսանում տարածաշրջանային անվտանգության համար: Փոխնախարարը կարևորել է Ադրբեջանի կողմից Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունների անվերապահ իրականացումը՝ նշելով, որ ադրբեջանական կողմն է արգելափակում ԵԱՀԿ գերմանական նախագահության առաջարկությունն՝ ուղղված ԵԱՀԿ գործող նախագահ ի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնմանը: Աշոտ Հովակիմյանի խոսքում ընդգծվել է, որ Սանկտ Պետերբուրգի հանդիպման նախօրեին շփման գծի մոտակայքում Ադրբեջանի կողմից առանց նախնական ծանուցման մեծածավալ զորավարժությունների անցկացումը կասկածի տակ է դնում անվտանգության և վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման ուղղությամբ ադրբեջանական կողմի պատրաստակամությունը:

Մերձավորարևելյան ճգնաժամի համատեքստում փոխնախարար Հովակիմյանը մտահոգություն է հայտնել Սիրիայում և Իրաքում կրոնական փոքրամասնությունների դեմ շարունակաբար իրագործվող վայրագությունների կապակցությամբ: Նշվել է, որ քրիստոնյաների և եզդիների դեմ սանձազերծված ոճրագործությունները ԵԱՀԿ մի շարք երկրների կողմից որակվել են որպես ցեղասպանություն: Այս կապակցությամբ ընդգծվել է, որ ԵԱՀԿ մասնակից ցանկացած երկրի կողմից ոճրագործներին տրամադրվող աջակցությունը պետք է որակվի որպես հանցակցություն՝ համաձայն «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի դրույթների:

Տեսանյութեր

Լրահոս