Հայաստանը պահպանում է իր դիրքը թրաֆիքինգի դեմ հաջողությամբ պայքարող 1-ին խմբի երկրների շարքում

Հինգշաբթի օրը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հրապարակեց աշխարհում մարդկանց թրաֆիքինգի մասին 2016թ. զեկույցը, որտեղ երևում է, թե ինչպես են 188 երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, 2015թ. ընթացքում պայքարել այս լուրջ հանցագործության դեմ: Հայաստանն արդեն 4-րդ տարին անընդմեջ տեղ է գրավում 1-ին խմբի, այսինքն` այն երկրների շարքում, որոնք լիարժեք ու բավարար ջանքեր են գործադրում թրաֆիքինգի դեմ պայքարում:

188 երկրներից յուրաքանչյուրի վերաբերյալ զեկույցը նշում է մարդկանց թրաֆիքինգի ծավալը, կառավարության կողմից թրաֆիքինգի դեմ պայքարում գործադրված ջանքերը և մարդկանց թրաֆիքինգի միտումներn աշխարհում՝ ներառյալ ԱՄՆ-ում:

Զեկույցի հայաստանյան բաժնում ընդգծվում է Թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքային խմբի առանցքային դերը, որում ընդգրկված են ներկայացուցիչներ կառավարությունից, քաղաքացիական հասարակությունից և միջազգային կազմակերպություններից: «Այս աշխատանքային խմբի հաջողությունը ցույց է տալիս, թե ինչպիսի նվաճումների կարելի է հասնել այն դեպքում, երբ կառավարությունն ու քաղաքացիական հասարակությունը իրար լսում են և համագործակցում», – ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը: «Այս աշխատանքային խումբը օրինակ է ծառայում բարդ և դժվարին խնդիրների դեմ պայքարելու գործում»:

Կառավարության կողմից տրամադրված միջոցները, որոնք ուղղված էին մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարին, համապատասխան օրենքների ընդունումը, մարդկանց թրաֆիքինգով զբաղվող անձանց հետապնդումը, կանխարգելմանը և տեղեկացվածության բարձրացմանն ուղղված գործողությունները, ինչպես նաև մարդկանց թրաֆիքինգի զոհերի նույնացման պաշտոնական հանձնաժողովի հիմնադրումը և մարդկանց թրաֆիքինգի զոհերի փոխհատուցման մեխանիզմների վերջնականացումը թվարկվում են այն նշանակալի զարգացումների շարքում, որոնց շնորհիվ Հայաստանը պահպանել է իր բարձր դիրքը դասակարգման սանդղակում:

Զեկույցի Հայաստանին վերաբերող բաժնին հայերեն ու անգլերեն լեզուներով կարող եք ծանոթանալ դեսպանատան կայքում (տես՝ այստեղ.):

Տեսանյութեր

Լրահոս