«Ռուս-թուրքական հարաբերությունների մերձեցումը, երևի թե, դրական կլինի ընդհանուր տարածաշրջանում իրավիճակի համար». Դավիթ Բաբայան

Թեպետ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ՀՕՊ տարածքի մեջ չի մտնում, սակայն՝ հաշվի առնելով, որ այն «դրականորեն» է ազդելու Հայաստանի Հանրապետության օդային անվտանգության վրա, ուրեմն՝ «դրական» է նաև Արցախի համար: Այս կարծիքը 168.am-ի հետ զրույցում հայտնեց ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը՝ խոսելով այսօր Ազգային ժողովի կողմից վավերացված ՀՕՊ համաձայնագրի մասին:

Նրա խոսքով՝ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը, ճիշտ է, երկու տարբեր պետություն են, բայց մեկ ընդհանուր հայրենիք են: «Հատկապես հաշվի առնելով, որ ունենք այնպիսի հարևաններ, ինչպիսին է Թուրքիան, որը բազմաթիվ անգամներ խախտել է ՀՀ-ի տարածքը, այն, որ միասնական հակաօդային համակարգ է ստեղծվում, դա շատ կարևոր է»,- նշեց Դ. Բաբայանը:

Նա չի կարծում, որ սա ինքնուրույնության կորուստ է ենթադրում, ինչպես նշում են շատ պատգամավորներ. «Հատկապես, որ Հայաստանն ու Ռուսաստանն ընդհանուր սահման չունեն: Այսինքն՝ այս դեպքում իրավիճակը և տրամաբանությունն այնպիսին է, որ Հայաստանը չի կարող կորցնել իր ինքնուրույնությունը: Կարծում եմ՝ ամեն ինչ կախված է լինելու նաև այն հանգամանքներից, թե ինչպիսի մարտահրավերներ են լինելու, և ինչպես ենք մենք ընդհանրապես վարելու մեր անվտանգության քաղաքականությունը: Բայց ընդհանուր առմամբ՝ հաշվի առնելով որոշ հարևանների ներկայությունը, այս առումով դրականն ավելի շատ է»:

Խոսելով ռուս-թուրքական հարաբերությունների մերձեցման մասին՝ Դ. Բաբայանը նշեց, որ, եթե այդ մերձեցումը կապահովի կայունություն տարածաշրջանում՝ լավ է. «Կտեսնենք՝ ինչպես է զարգանալու իրավիճակը, բայց չենք կարծում, որ ի սկզբանե ամեն ինչ որոշվելու է, որովետև Թուրքիան ինքը ոչ լիարժեք ձևով է վարում իր քաղաքականությունը: Բայց առաջին քայլն արել է, և, երևի թե, դա դրական կլինի ընդհանուր տարածաշրջանում իրավիճակի համար, որովհետև այդ երկու հզոր պետությունների հակամարտությունը հղի է բազմաթիվ դժվարություններով և ոչ ցանկալի հետևանքներով»:

Հարցին, թե այդ մերձեցումը հայ-ռուսական հարաբերությունների վրա չի՞ կարող անդրադառնալ, մեր զրուցակիցն այսպես պատասխանեց. «Մինչ այդ սրացումն էլի հայ-ռուսական հարաբերությունները ռազմավարական դաշնակիցների հարաբերություններ էին, և նույնիսկ, եթե հիմա լինի մերձեցում, այնուամենայնիվ, Թուրքիայի կողմից կատարած այդ քայլը՝ ռուսական ինքնաթիռի խոցումը, ինքնին շատ խորաթափանց ազդեցություն է ունեցել. Ռուսաստանի համար ևս մեկ անգամ ավելի կարևորվեց հավատարիմ և անկեղծ բարեկամությունը, իսկ Հայաստանը երբևիցե չի եղել ոչ վստահելի գործընկեր, միշտ էլ ունեցել է վստահելի գործընկերի և ընկերի կարգավիճակը»:

Տեսանյութեր

Լրահոս