Փոխադարձ վիրավորանքներ ԱԺ-ում. «Շիշը կտամ գլխիդ, այ համբալ», «հոգեկան հիվանդ», «բերաններդ ջուր առած՝ երկու տարի կնոպկա եք սեղմել…»

«Երբ Ընտրական օրենսգրքի առաջին ընթերցման ժամանակ հայտարարեցի, որ Հայաստանում պետք է լինի մեկ ընդդիմություն, և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հավակնում է լինել այդ մեկ ընդդիմությունը, այս դահլիճում բավական հաճախ սկսեցին հոգեխանգարմունքի սեանսներ տեղի ունենալ»,- այսօր Ազգային ժողովում այս մասին հայտարարեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

«Այս դահլիճից ճիչեր են արձակում՝ բա գիտեք, ոմանք հավակնում են լինել եզակի ու մեկ ընդդիմություն: Կներեք, բայց դո՞ւք պետք է հավակնեք, որ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հետ ուս ուսի տված՝ Հայաստանի բանտերը լցրել եք քաղբանտարկյալներով: Ընտրակեղծիքներից եք խոսում, ընտրակեղծիքների ամենամեծ դաշնակիցներ եք եղել տարիներ շարունակ: Այստեղ ելույթներ են հնչում՝ «գիտե՜ք, մենք ավանդական քաղաքական ուժ ենք»: Կուսակցության անունը փոխում են, խմբակցության անունը փոխում են, մնում է՝ անուն-ազգանուններն էլ փոխեն, բեղ պահեն, որ փողոցում ճանաչող չլինի իրենց: Տեսնես՝ ո՞ւմ նկատի ունեն, մի հատ էլ եկել էստեղից խոսում է, թե հլը հայտնի չի՝ Ընտրական օրենսգիրքը կարդացե՞լ են, թե՞ չէ, ու սա ասում է մի խմբակցության ներկայացուցիչ, որի անդամներն օրը 10 անգամ ինչ-որ թղթի վրա գրված, դողդողալով, իրենց անհասկանալի բառապաշարով, իրենց կարդացած բառերից հարց են տալիս ու էստեղ ելույթ ունենում: Ով կարդալուց ու հասկանալուց խոսի, դուք տանձ ու խնձորից խոսեք»,- ասաց Փաշինյանը՝ վրդովվելով այն հայտարարություններից, թե ինչու միասնական չէ ընդդիմությունը:

«Պաշտոնապես ասում եմ՝ Սերժ Սարգսյանի երկարամյա հաճախորդների հետ միասնական չենք եղել ու չենք լինելու: Մի հատ էլ ասում են՝ գործընկերների հասցեին ինչեր է ասում, մենք ձեզ ի՞նչ գործընկեր, ձեզ Սամվել Ալեքսանյանը, Սերժ Սարգսյանը ու Հովիկ Աբրահամյանը գործընկեր, մենք ձեզ նման գործընկերներ չենք ունեցել ու չենք էլ ունենա: Ասում են՝ պայքարենք իշխանության դեմ: Այ քեզ բան, ինչի՞ համար պայքարենք, որ արդյունքում երկու նախարարի, 4 փոխնախարարի, կոնյակի գործարան, հեռուստատեսություն և չգիտեմ ի՞նչ ստանաք»,- հայտարարեց Ն. Փաշինյանը:

Պատգամավորի ելույթի ժամանակ ՕԵԿ ղեկավար Հեղինե Բիշարյանն ինչ-որ բաներ էր բղավում. «Շիշը կտամ գլխիդ, այ համբալ»:

«Վալերիանկա չկա՞ էստեղ, հանգստացի մի հատ»,- Բիշարյանի հայտարարությանն արձագանքեց Փաշինյանը:

Հեղինե Բիշարյանը, սակայն, շարունակում էր բղավել՝ ասելով, որ ժողովուրդն ամեն ինչ հիշում է:

«Էդ որ ասում եք՝ ժողովուրդն ամեն ինչ հիշում է, էդ ի՞նչ նկատի ունեք, մոռացե՞լ եք, որ մինչև 2014 թիվը կոալիցիայի անդամ էիք, բերաններդ ջուր առած՝ երկու տարի կնոպկա եք սեղմել Տիգրան Սարգսյանի կառավարության համար: Է՞դ գիտի ժողովուրդը: Թե՞ գիտի, որ Մարտի 1-ի զոհերի արյունները քյաշ փողով տվել եք»,- հայտարարեց Ն. Փաշինյանը:

Ի պատասխան՝ Հ. Բիշարյանն էլ ասաց. «Ա՛յ հոգեկան, դու տարար ժողովրդին…»:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հաջորդ կուսակցությանը՝ «Բարգավաճ Հայաստանին».

«Վեր է կենում էստեղ ասում՝ աղանդավորական խմբակները, ու սա ասում է մի խմբակցություն, որի ամբողջ կենսագրությունը մինչ բոլորովին վերջերս և գուցե մոտ ապագայում կառուցված է մեկ անձի առավոտյան, միջօրեի և երեկոյան պաշտամունքի վրա: Առաջին ընթերցման ժամանակ տիկին Զոհրաբյանն ասում է՝ գիտենք ձեր չափը, ձեր պայմանավորվածությունները, թե մինչև ուր կարաք խոսաք, ախր լավ էլ չի ասելը, իրիկունն ինքն իր ձեռով զանգում ասում է՝ Հովիկ Արգամիչը ջղայնացել է, որ ես «բամփել» բառն եմ օգտագործել, խնդրում եմ, հանկարծ չհրապարակեք այդ բառերը»,- հայտարարեց Փաշինյանը:

Նաիրա Զոհրաբյանն էլ իր հերթին՝ հայտարարեց՝ «Դուք ստում եք, լկտիաբար ստում եք»: «Տիկին Զոհրաբյան, խնդրում եմ` իրականության զգացումը մի կորցրեք, դուք այլևս «Հայկական ժամանակ» թերթի լրագրող չեք, որ խոսքի ազատություն ունենաք կատարյալ: Զգույշ եղեք, էքստազի մեջ մի ընկեք, տենց բառեր մի օգտագործեք…»,- հակադարձեց Ն. Փաշինյանը Ն. Զոհրաբյանին, ով ժամանակին որպես լրագրող՝ աշխատել է Ն. Փաշինյանի ղեկավարությամբ «Հայկական Ժամանակ» օրաթերթում:

Ն. Զոհրաբյանը խոսքի իրավունք խնդրեց՝ ասելով, որ Ն. Փաշինյանը «ստում» է.

«Հարգելի գործընկերներ, ինչ որ այստեղ իմ անձի հետ կապված հնչեց՝ բացարձակ ապատեղեկատվություն է և սուտ: Այո, ես խնդրել եմ իմ լրագրող գործընկերներին իմ նշյալ ելույթի հետ կապված որոշ պարբերություն չտեղադրել, բայց ինչ որ հնչեց այստեղ, բացարձակ սուտ և ապատեղեկատվություն է՝ նշելով նշյալ մարդկանց անունները: Իմ արժանապատվությունից ցածր է նման անպարկեշտ ու տղամարդուն ոչ վայել ելույթին անդրադառնալը»:

Ն. Փաշինյանն անդրադարձավ նաև մյուս խմբակցության ներկայացուցչին, ով իր ելույթները երգիծական էր բնութագրել՝ մաղթելով ստեղծագործական հաջողություններ. «Ասեմ ձեզ, որ քանի դեռ ՀՀ կառավարությունում, մեծամասնությունում, «ընդդիմություն» կոչվող խմբակցություններում կան այնպիսի անեկդոտային գործիչներ, երևույթներ, կերպարներ, ուրեմն մեր ստեղծագործական հաջողությունը միանշանակ  հաջողված է, էստեղ նույնիսկ մաղթանքների կարիք էլ չկա»,- հայտարարեց նա:

Տեսանյութեր

Լրահոս