«Յունիբանկի» պարտատոմսերն ընդգրկվեցին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ի Abond հարթակում

2016թ. հունիսի 24-ին «Յունիբանկ» ԲԲԸ-ի անվանական արժեկտրոնային պարտատոմսերը (UNIBB1) ցուցակվեցին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ում և ընդգրկվեցին պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում: Գործընթացը հնարավորություն է տալիս սկսելու պարտատոմսերի շրջանառությունը բորսայում և իրականացնել ու հասցեական և ռեպո գործարքներ:

Այս տարվա հունիսին «Յունիբանկը» հաջողությամբ ավարտեց 8% տարեկան եկամտաբերությամբ դոլարային անվանական արժեկտրոնային պարտատոմսերի թողարկումը` տեղաբաշխելով ամբողջ ծավալը: «Յունիբանկի» թողարկած պարտատոմսերի շրջանառության ժամկետը կազմում է 24 ամիս, արժեկտրոնային եկամտի վճարումն իրականացվում է եռամսյակային պարբերականությամբ: Թողարկման ծավալը կազմեց 5 մլն ԱՄՆ դոլար: Պարտատոմսերի մարումն իրականացվելու է 2018թ.-ի ապրիլի 8-ին:

Այժմ «Յունիբանկը» հաջողությամբ շարունակում է բաժնետոմսերի երրորդ թողարկումը` որպես երկարաժամկետ ներդրումային գործիքների: Նախատեսվում է տեղաբաշխել սովորական դասի մոտ 12.2 մլն բաժնետոմս, որոնց ընդհանուր արժեքը տեղաբաշխման գնով կկազմի 2.8 մլրդ ՀՀ դրամ: Մեկ բաժնետոմսի անվանական արժեքը կազմում է 100 ՀՀ դրամ, տեղաբաշխման գինը` 230 ՀՀ դրամ: Բաժնետոմսերի նվազագույն փաթեթը, որը կարելի է ձեռքբերել, կազմում է 1 մլն դրամ:

Իր բաժնետեր հաճախորդներին բանկն առաջարկում է մի շարք առավելություններ, այդ թվում` հատուկ տոկոսադրույքներ ավանդների համար` մինչև 8.2% տարեկան ԱՄՆ դոլարի և մինչև 15.5% տարեկան ՀՀ դրամի դեպքում, արտահերթ սպասարկում, անվճար Visa Infinite քարտ, օնլայն բանկինգ, դեպոզիտար պահատուփ, շուրջօրյա կոնսյերժ ծառայություն, Priority Pass և այլն:

Կարդացեք նաև

Ներդրումային գործիքներ առաջարկելով հասարակությանը` բանկը ստեղծում է խնայողությունների շահավետ և երկարաժամկետ ներդրման լրացուցիչ հնարավորություն: Ներդրողների զգալի հետաքրքրությունը բանկի պարտատոմսերի և բաժնետոմնսերի նկատմամբ փաստում է բանկի գործունեության հանդեպ բնակչության բարձր վստահության և «Յունիբանկի» արդյունավետ և հեռանկարային ռազմավարության մասին: Ըստ այդմ` 2020թ.-ին բանկը նախատեսում է ապահովել մոտ 5 մլրդ դրամի շահույթ:

2016թ.-ի առաջին եռամսյակում «Յունիբանկը» գրանցել է դրական ֆինանսական արդյունքներ գործունեության բոլոր հիմնական ուղղություններով և շարունակել է շահույթի աճը: Բանկի ակտիվները հաշվետու ժամանակահատվածում կազմել են մոտ 170 մլրդ ՀՀ դրամ, պարտավորությունները` 146 մլրդ ՀՀ դրամ: Բանկի ավանդային բազան աճել է 11.6% և կազմել 125 մլրդ ՀՀ դրամ: Բանկը 2016թ.-ի առաջին եռամսյակում ապահովել է 212 մլն ՀՀ դրամի շահույթ: Պետբյուջե վճարված հարկերի ծավալով բանկը 100 խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցրել է 41-րդ տեղը:

Այսօր «Յունիբանկը» ներկայացված է գլխամասային գրասենյակով, 46 մասնաճյուղերով և 54 պրոմո կետերով: Բանկը սպասարկում է ավելի քան 300 հազար հաճախորդի:

Հրապարակային առաջարկի վերաբերյալ Ազդագիրը, որը պարունակում է բանկի գործունեության, ֆինանսական վիճակի, առաջարկվող բաժնետոմսերի և դրանց հետ առնչվող ռիսկերի համառոտ նկարագիրը, «Յունիբանկի» կողմից հրապարակվել է 25.05.2016թ.-ին: Ներդրողը կարող է ձեռքբերել Ազդագրի թղթային տարբերակը բանկի գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում, իսկ էլեկտրոնային տարբերակը` բանկի ինտերնետային կայքերում` www.unibank.am և corp.unibank.am:

Տեսանյութեր

Լրահոս