Թուրքիայի ահաբեկչության վայրը պատահական չէր ընտրված

Թուրքիան համագործակցել է «Իսլամական պետության» հետ, դա փաստ է, սակայն վերջին մեկ ու կես տարվա ընթացքում այն Սիրիայում փոխել է իր քաղաքականությունը և ստիպված քայլեր է ձեռնարկում «Իսլամական պետության» դեմ: Վերջինս էլ հանդես է գալիս պատասխան քայլերով: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին նշեց ՀՀ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը` նշելով, որ Ստամբուլում տեղի ունեցած վերջին ահաբեկչությունը «Իսլամական պետության» ձեռագիրն է: Այդ մասին հայտարարել է նաև պաշտոնական Թուրքիան:

«Կարծում եմ, որ սա ոչ միայն վրեժխնդրության ակցիա է Թուրքիայի նկատմամբ, այլև գործողությունների մի շարք է, որի նպատակն է ազդել Թուրքիայի քաղաքականության վրա: Այս ահաբեկչական գործողություններով փորձ է արվում, որ մեծ թվով զոհեր լինեն ու դրանով հասնեն նրան, որ ավելանա երկրի բնակչության դժգոհությունը: Դրանից բացի, պատահական չէ ընտրված ահաբեկչական գործողության վայրը: Այն իրականացվեց միջազգային օդանավակայանում` փորձելով հարվածել Թուրքիայի միջազգային հեղինակությանը»,- ասաց թուրքագետը:

Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ «Իսլամական պետությունը» նման գործողություններով փորձում է ազդել Թուրքիայի արտաքին քաղաքականության վրա, հատկապես Սիրիայում վարած: Այժմ Թուրքիան համագործակցում է «Ջաբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման հետ: Նրան օժանդակելու քաղաքականությունը, ըստ թուրքագետի, ունի կոնկրետ նպատակ` Հալեպի շրջափակում, Հալեպի գրավում, և դա արվի «Ջաբհաթ ան Նուսրա»-ի միջոցով: Ռուբեն Սաֆրաստյանը նկատեց, որ «Ջաբհաթ ան Նուսրա»-ն ու «Իսլամական պետություն»-ը մրցակիցներն են: Հետևաբար «Իսլամական պետութ յուն»-ը փորձում է Թուրքիայի այդ քաղաքականության վրա ազդել:

«Ինչպես ցույց է տալիս վերջին շրջանի փորձը, Թուրքիայում նման ահաբեկչությունները կշարունակվեն: Ցավալի է, որ եղան անմեղ զոհեր, բայց եթե աշխարհաքաղաքական առումով բնութագրենք, ապա Թուրքիան ստանում է այն, ինչին արժանի է: Նա մտավ Սիրիայի խաղի մեջ, բռնեց ահաբեկիչների կողմը` օգտագործեց նրանց իր նպատակների համար»,- հավելեց Ռուբեն Սաֆրաստյանը:

Տեսանյութեր

Լրահոս