«Ձեզնից պակաս կապեր չեմ ունեցել Ռուսաստանում ու չունեմ, բայց ես երբեք ինձ թույլ չեմ տվել քծնել». Հրանտ Բագրատյանը՝ ՀՕՊ համաձայնագրի մասին

«Ես այստեղ չեմ եկել՝ որպես հակառուս հանդես գալու, բայց ես տեսնում եմ՝ բացի մի խմբակցությունից, որը, ըստ էության, գոյություն չունի, մենք անընդհատ գովում ենք այս պայմանագիրը»,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ խոսելով ՀՕՊ համաձայնագիրը վավերացնելու մասին:

Նրա խոսքով՝ մենք 2017 թվականի ընտրություններին գնում ենք հայացքներով՝ ով է Ռուսաստանին մոտ, ով՝ ոչ. «Ես Հայաստանին եմ մոտ: Ես ընդհանրապես թքած ունեմ՝ ով է ինչ մտածում, ձեզնից պակաս կապեր չեմ ունեցել Ռուսաստանում ու չունեմ, բայց ես երբեք ինձ թույլ չեմ տվել քծնել»:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդհատեց Հ. Բագրատյանի ելույթը՝ հորդորելով նրան անուններ տալ, թե ով է քծնել. «Եթե քծնող կա, անուններ տվեք, մենք պաշտպանում են ՀՀ-ի շահերը, ու այս պայմանագրի վավերացմանը կողմնակից ենք բացառապես՝ մեր երկրի շահերից ելնելով: Ընդմիջմանը ես ձեզ հետ կզրուցեմ քծնողների մասին»:

Ի պատասխան՝ Հ. Բագրատյանն ասաց, որ ինքը կոնկրետ Է. Շարմազանովին նկատի չի ունեցել. «Ես շատ հանգիստ ելույթ եմ ունեցել, ելույթ եմ ունենում սերունդների համար»:

Նա հիշեցրեց, որ Հայաստանի հակաօդային պաշտպանությունը ստեղծվել է 1993 թվականի մարտ-ապրիլ ամիսներին, և մինչև 1993թ. մարտ ամիսը «թշնամին մեզ խփում էր՝ ոնց ուզում էր». «Երբ ես դարձա վարչապետ, ես տեսա այդ խնդիրները: Մարդիկ կարծում էին, որ միլիարդներ են պետք դա ստեղծելու համար, հանկարծ մենք ստեղծում ենք: Սա է հաղթել պատերազմը: Պատահական չեղավ, որ 1993 թվականի ապրիլի 20-ից հետո թշնամու ինքնաթիռն օդ չի բարձրացել»:

Պատգամավորը հայտարարեց, որ ինքը դեմ չէ Ռուսաստանի հետ ռազմաստրատեգիական համագործակցությանը, բայց, ըստ նրա, դա պետք է լինի արժանապատիվ. «Երբ մենք դա ստորագրել ենք, մենք ստորագրել ենք ընդհանուր կանոնները, ռուսները նույնիսկ զարմացած էին, որ հայերն ինքնուրույն ստեղծեցին: Այո, ռուսների հետ մեր հարաբերությունները հակասական են, բազմաթիվ դեպքերում ռուսները մեզ փրկել են, բայց մի անգամ չի եղել, որ ռուսները մեզ «քաշել» են, օրինակ, 100 տարի առաջ: Եվ երբ մենք ասում ենք՝ Ռուսաստանը մեր ռազմաստրատեգիական գործընկերն է, այո՛, մենք այդպես ենք համարում, բայց միշտ չէ, որ Ռուսաստանն է այդպես համարում»:

Հ. Բագրատյանի կարծիքով՝ մոտ 70 տոկոսով պայմանագիրը համագործակցության մասին է, և հնարավոր է՝ մեծացնում է մեր հնարավորությունները. «Բայց հնարավոր է, որ պայմանագիրը գործնական կիրառման ընթացքում շուռ գա, որովհետև այսօր հնարավոր է հայ-ռուսական հարաբերությունների վատթարացում: Ռուսաստանը հստակ ուզում է ստեղծել ԵԱՏՄ-ն, արդեն մի անգամ կոնցեպտուալ ելույթ է ունեցել այդ մասին, ասել է՝ ամբողջ միությունը, որ ձևավորվում է, մնում է՝ դրան միանան Իրանը և Ադրբեջանը: Կամ էլ հիմա Թուրքիայի հետ են լավացնում հարաբերությունները: Կարող է գալ պահ, որ Ռուսաստանն ասի Հայաստանին՝ «Ես միշտ կայսերական շրջապատ եմ ստեղծել իմ հարևանների հետ, ես փորձ չունեմ հարևանների հետ շփվելու»: Մեզ ասվում է՝ տվեք 5 շրջան, Ադրբեջանը գուցե միանա, գուցե մեր բախտը բերել է, որ Սանկտ Պետերբուրգում Ալիևն ասել է՝ չեմ միանում ես ԵԱՏՄ-ին»:

Տեսանյութեր

Լրահոս